Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիայում գտնվող՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով:
Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաև երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը:
«Անհնար է անտեսել նաև այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- նշել է Գալուստ Սահակյանը:
Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվելու համար: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից:
Կլոդ Բարտոլոնը վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:
Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովին: