ՄԱՐՏԻ 1-Ի ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նույն օրը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ եւ նրանց ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի Մարտի 1-ի քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատվեն եւ քննվեն: Այսպիսով Կոստանյանը փաստում է, որ որոշել է «վերսկսել» Մարտի 1-ի քրեական գործի քննությունը: Այդ քրեական գործը, իհարկե, պաշտոնապես կասեցված չէ, բայց փաստացի գտնվում էր կասեցված վիճակում: Կոստանյանն այս քայլով փաստացի պատասխանում է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ վերջերս արած հայտնի հայտարարությանը: Հովսեփյանը սեպտեմբերին, լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին, պատասխանել էր. «Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլորն իրականացված են»: Եթե Կոստանյանը, Մարտի 1-ի քրեական գործի քննությունը «վերսկսելուց» բացի, նաեւ հետամուտ լինի, որ Մարտի 1-ի 10 սպանություններից գոնե մի քանիսը բացահայտվեն, ապա անխուսափելիորեն մեծ դիվիդենտներ կհավաքի: Բայց արդյո՞ք կթույլատրեն նրան այդքան խորանալ:

 

 

 

Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման անկումն ուղղակի կապված է արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաեւ ՀՀ բնակչությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի հացի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 1,8 տոկոսով: Այս տարվա ինն ամիսներին արտադրվել է 218 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 221 հազար 900 տոննայի դիմաց: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի մշտական բնակչությունը պաշտոնապես եղել է 3 միլիոն 19 հազար: Այսինքն՝ եթե հացի 1,8 տոկոսի նվազումը համամասնությամբ տարածենք նաեւ բնակչության թվի վրա, ապա կստացվի, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում նվազել է 54 հազար մարդով: Իսկ թե որքանով է իրատեսական այս թիվը, կարծում ենք՝ կարիք չկա մեկնաբանելու:

 

 

 

 

Առաջիկայում եւս մեկ աղմկոտ պաշտոնանկության մասին կարող է հայտարարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունների վերնախավում այն կարծիքին են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնանկ անի ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Հիշեցնենք, երբ լրագրողները Արման Սահակյանից մեկնաբանություն էին խնդրել կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանի կողմից նրա վրա ձայնը բարձրացնելու կապակցությամբ, ՊԳԿՎ պետն ասել էր, որ վարչապետը ձայն չի բարձրացրել իր վրա, եթե բարձրացներ, համարժեք պատասխան կստանար: Հովիկ Աբրահամյանի բացասական վերաբերմունքը բարձրաստիճան երիտհանրապետականների նկատմամբ բոլորին է հայտնի, եւ Սահակյանի հոխորտալն էլ դրանով է պայմանավորված: Ստեղծված իրավիճակում ՀՀԿ ԳՄ շատ անդամներ կարծում են, որ Աբրահամյանը ոչ միայն «իրավունք ունի», այլեւ, ինչ-որ առումով, «պարտավոր» է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն պաշտոնանկ անել: Հակառակ դեպքում անչափ նվաստացուցիչ իրավիճակում կհայտնվի:

 

 

 

 
Հայաստանի պաշտոնյաները, ինչպես հայտնի է, ոգեւորված հայտարարում են, թե իբր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի գործարարների համար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ռուսական շուկան այսօր էլ հայ արտադրողի համար բաց է, սակայն կա մեկ խնդիր, որի մասին ՀՀ պաշտոնյաները չեն խոսում եւ փորձում են այն անտեսել: Խոսքը ռուսական ռուբլու արժեզրկման շարունակվող գործընթացի մասին է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ փաստ է մատնանշել «Թամարա ֆրուտ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը, ում ընկերությունն արդեն իսկ արտադրանք է արտահանում Ռուսաստան: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջերս արտահանման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել. «Ամեն ինչ կարգին է, բայց ռուբլու արժեզրկման մասով լուրջ խնդիր ունենք: Ես դոլարով եմ վաճառում, իսկ այնտեղ ռուբլով են վաճառում, այս պատճառով էլ ապրանքը հստակ գին չունի»,-ասել է գործարարը:

 

 

 
ՄԵՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ազատության հրապարակի հարթակն առայժմ միացյալ չէ, եւ եռյակը չունի ամբողջական օրակարգ: Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հայտարարություն Հովհաննիսյանն արել էր դեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հաջորդ օրը, եւ հիմա` ավելի քան մեկ ամիս անց, միասնական օրակարգի բացակայության մասին Րաֆֆու այս երկրորդ հայտարարությունն արդեն թագավորի մերկ լինելու փաստի վերջնական արձանագրումն է: Ընդ որում, «մերկ թագավորի» դերում ոչ միայն եռյակն է` միասնական մարտավարության եւ միասնական նպատակի բացակայությամբ, այլեւ հենց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ի սկզբանե դժգոհելով եռյակի մյուս երկու ուժերի` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի գործելաոճից՝ այդուամենայնիվ այսքան ժամանակ շարունակեց իր գործունեությունը եռյակում: Եվ դեռ ավելին` պատրաստվում է մնալ եռյակում, ըստ ամենայնի՝ զուգահեռաբար շարունակելով նաեւ իր պառակտիչ հայտարարությունները:
Իհարկե, Րաֆֆու քաղաքական որոշումների տրամաբանությունը հասկանալը անշնորհակալ գործ է, սակայն այս դեպքում նույնքան անհասկանալի են ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի շարժառիթները` Րաֆֆու հետ համագործակցության շարունակության հարցում: Այստեղ, թերեւս, ավելի մեծ է ԲՀԿ-ի դերակատարությունը, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանին վաղուց եւ շատ լավ ճանաչող Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես չէ, որ փորձեց խաղի մեջ մտցնել Ստեփան Դեմիրճյանին: Սակայն ԲՀԿ-ն, միանգամայն հասկանալի պատճառներով, առանձնապես չլեգիտիմացրեց ՀԺԿ-ի մուտքը եռյակ: Եվ հիմա, դարձյալ հայտարարելով, թե «քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային եւ հրապարակային միջոցառում»` ԲՀԿ-ն, ըստ էության փորձում է այս հարցը վերջնականապես փակել` գործընկերներին հասկացնելով, թե ինքը նրանց կարիքը չունի այնքան, որքան որ նրանք` իր:
Եվ թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե «Ժառանգությունը» առայժմ մտադիր չէ դուրս գալ եռյակից, քանզի. «Հույսը վերջինն է մեռնում, եւ հույս ունեմ, որ նոյեմբեր ամսին մենք կունենանք միասնական առաջարկ Հայաստանի ժողովրդին»,-կարելի է չկասկածել, որ նրա հեռացումը եռյակում որեւէ մեկը ծանր չի տանի: Թերեւս` բացի իրենից` Րաֆֆի Հովհաննիսյանից:
Հ. Գ. Ի դեպ, փոքր ու միջին տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ իր վերջին շրջանի հանդիպումներով ԲՀԿ-ն, կարծես թե, փորձ է անում առաջիկայում առհասարակ իրեն ազատել չափազանց մեծ հավակնություններ ունեցող ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» գործընկերությունից` համաժողովրդական շարժման բրենդը փորձելով իրացնել ԲՀԿ-ի անվան հետեւից շարվող տասնյակ մանրումեծ կուսակցությունների ցուցակով:

 

 




Լրահոս