«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին չհաջողվեց «անցկացնել» Կառավարության ուղարկած երկու նախագծերը, ինչը ոչ իշխանական ուժերը ծափերով ողջունեցին: Դրանցից առաջինն աղմկահարույց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որի քվեարկության արդյունքներն այսպիսին էին՝ 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ: Քվորման բացակայության պատճառով օրենքի նախագիծը չընդունվեց. ընդհանուր քվեարկողների թիվը 66-ից պակաս չէր կարող լինել:

Իսկ մյուս օրինագիծը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն էր վերաբերում: Այս նախագծին էլ քվեարկեցին 57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ: Նիստից հետո ՀՀԿ-ականներից շատերը դժգոհում էին, որ իրենց քվեարկության կոճակները չեն աշխատել, եւ իրենք փորձել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղեկացնել այդ մասին` ձեռք բարձրացնելով, սակայն Սահակյանն ուշադրություն չի դարձրել: Եվ չնայած պատգամավորների հավաստիացումներին` տպավորություն էր, որ այդ նախագծերը ՀՀԿ-ականների սրտով չէին, ինչի արդյունքում էլ դրանց քվեարկությունը տապալվեց ԱԺ նախագահի ձեռամբ:
Չքվեարկած պատգամավորների թվում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Բադեյանը, Համլետ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալեքսան Պետրոսյանը, Նահապետ Գեւորգյանն ու Վահրամ Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են ՀՀԿ-ականները «բոյկոտել» ՀՀ Կառավարության ուղարկած նախագծերը` չմասնակցելով քվեարկությանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, Դուք դե՞մ էիք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին: Ինչո՞ւ չմասնակցեցիք քվեարկությանը:
-Ես բոլոր նախագծերի քվեարկությանը մասնակցել եմ, իսկ մյուսը տեխնիկական խնդրի պատճառով է եղել, որ չեմ մասնակցել: Ու ոչ միայն իմ, այլեւ մեր շարքի մի քանի պատգամավորների քվեարկության կոճակը չի աշխատել, իսկ մնացածին մասնակցել եմ:
-Այսինքն՝ նախագիծը Ձեր «սրտո՞վ» էր, Դուք մասնակցելու էի՞ք քվեարկությանը ու կո՞ղմ էիք քվեարկելու, եթե չլիներ Ձեր նշած տեխնիկական խնդիրը:
-Այո՛, կողմ պետք է քվեարկեի, որովհետեւ կարգապահություն է, ինձնից չի կախված, դուր է գալիս, թե դուր չի գալիս, կուսակցական կարգապահությանը պետք է ենթարկվել:
-Միայն այն բանի համար, որ խմբակցությունում որոշում էր կայացվել կողմ քվեարկել նախագծի՞ն, անգամ անկախ Ձեր անձնական դիրքորոշումի՞ց:
-Այո՛, բայց նախագծում ի՞նչն էր խնդիրը, հանրապետականում բոյկոտ չի եղել, ուղղակի տեխնիկական պատճառներով է եղել, բոլոր պատգամավորներն էլ բացատրությունը տվել են:
-Իսկ խմբակցությունում ընդունե՞լ են չքվեարկած պատգամավորների պատճառաբանությունները:
-Մենք խմբակցությունում նման հարց չենք քննարկել:
-Գուցե խմբակցության ղեկավարը «պատժի՞» այն պատգամավորներին, որոնք չեն քվեարկել նախագծին:
-Նման բան գոյություն չունի, ինչ պատժի մասին է խոսքը, օրենք-կանոնակարգով նման բան չի նախատեսում: Պատգամավորին նկատողություն տալ, գրավոր-բանավոր, մեր կանոնադրության օրենքի մեջ նման բան չկա: Իզուր են նման խոսակցությունները: Նման դեպքեր էլի են եղել, ես քանի տարվա պատգամավոր եմ, ու նման բաներ էլի են գրանցվել, դա պատահականություն էր, ինչո՞ւ եք այդքան մեծ ուշադրություն դարձնում դրա վրա: Խոսքը նրա մասին է, որ ես չեմ բոյկոտել, ուղղակի խնդիրը տեխնիկական է եղել ու վերջ: Ես կարող եմ իմ տեղը պատասխանել, մյուսների փոխարեն ես չեմ կարող պատասխան տալ: Ես ոչ բոյկոտել եմ, ոչ էլ դեմ եմ քվեարկել, ուղղակի հաճախ չես էլ նկատում, կոճակը սեղմում ես, տաղավարին չես նայում, այնքան են նման բաներ եղել: Հաճախ են պատգամավորները ձեռք բարձրացնում ու ասում, որ կոճակը չի աշխատում: Իսկ այդ պահին ես տախտակին չեմ էլ նայել, ու այդպես է ստացվել: Դա միտումնավորությամբ չի եղել, ովքեր դեմ կամ ձեռնպահ են քվեարկել, իրենք կարող են բացատրություն տալ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
-Պարո՛ն Բադեյան, ինչո՞ւ նախօրեին կառավարության ներկայացրած նախագծերին չեք քվեարկել:
-Ընդամենն առողջական խնդիր եմ ունեցել:
-Իսկ նախագծերին կո՞ղմ էիք քվեարկելու:
-Հաջորդ անգամ իմ քվեարկությունով կարտահայտեմ:
-Խմբակցությունից նկատողություն ստացե՞լ եք, որ քվեարկությանը չեք մասնակցել:
-Ո՛չ, ես հիվանդության պատճառով չեմ քվեարկել, ի՞նչ նկատողություն: Այդպիսի հասկացություն առհասարակ չկա:
Հ. Գ. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը եւս վստահեցրեց, թե ինքը քվեարկել է. «Անձնական տվյալներին քվեարկել եմ, բայց ես Ձեր հարցերին կես ժամից կպատասխանեմ, կզանգահարեմ»: Պատգամավորը, սակայն, այդպես էլ չզանգահարեց: Իսկ չքվեարկած մյուս պատգամավորները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՄԻՆՉԵՎ ԹՌՉԵԼԸ ՀՈՊ ՄԻ՛ ԱՍԵՔ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարանում, ապա բաշխվելու են ԵՏՄ անդամ երկրների միջեւ: ԵՏՄ պայմանագրում սահմանված է, թե ընդհանուր դրամարկղում անդամ երկրներից յուրաքանչյուրին որքան մասնաբաժին է հատկացված: Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը` 1,15 տոկոս, Ղազախստանինը` 7,25 տոկոս, Ռուսաստանինը` 86,97: Այս բաշխման արդյունքում հնարավոր է՝ Հայաստանի մաքսային եկամուտներն ավելանան մի քանի տասնյակ դոլարով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն Հայաստանի մաքսային եկամուտներն է ավելացնելու, այլեւ լայն տնտեսական հորիզոններ է բացելու մեր երկրի համար: Տնտեսագետը, սակայն, կարծիք հայտնեց, որ ժամանակից շուտ ոգեւորվել էլ պետք չէ. 2015 թվականի փետրվարից նոր կարելի է օգուտները հաշվարկել:
-Պարո՛ն Բոստանջյան, Ձեր կանխատեսումներով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մեր երկրի մաքսային եկամուտները կարո՞ղ են ավելանալ:
-Դա հենց այդպես էլ պետք է լինի: Որպես կանոն ցանկացած միությունում ընդգրկվելն օգտակար է լինում հատկապես մեզ նման երկրների համար: Այս պարագայում Հայաստանը կգտնվի ավելի նախընտրելի իրավիճակում, եւ սա, բնականաբար, մեծ հայտնագործություն չէ: Ես վստահ եմ ու համոզված:
-Բայց չէ՞ որ ԵՏՄ-ի պայմանագրում ներառված հաշվարկները նախորդ տարվա թվերի հիման վրա են:
-2013 թվականի կտրվածքով մենք չենք կարող որեւէ հաշվարկ իրականացնել, որովհետեւ իրականում մենք այդ ժամանակ ԵՏՄ-ի կազմում չենք գտնվել: 2015 թվականից նոր կարող ենք հստակ հաշվարկների մասին խոսել, կոնկրետ թվեր ներկայացնել: Այս ընթացքում պարզապես գնահատականներ են հնչել: Մեզ համար բոլոր դրական սպասումներն ավելի հստակ կլինեն, երբ Հայաստանը դառնա այդ միության լիարժեք անդամ: Մենք կարող ենք չկասկածել, որ Հայաստանի մաքսային եկամուտներն ավելանալու են: Որոշակի ապրանքատեսակների արտադրության համար Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ ունեցել է պոտենցիալ մեծ հնարավորություններ եւ հիմա դադարել է այդ արտադրությունները կազմակերպել, սակայն ԵՏՄ-ի սահմաններում գտնվելու պայմաններում նոր հնարավորություններ կստեղծվեն, եւ այդ արտադրությունները կարող են վերականգնվել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 
ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՐԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Պարզվում է՝ Հայաստանի նախարարություններն էլ են իրենց հարաբերությունները դատարաններում պարզում: Խոսքը մասնավորապես ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների մասին է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս այս տարվա օգոստոսի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի: ՀՀ ԲՆ բնապահպանության պետական տեսչությունը դատարանից պահանջել է «Հայանտառից» բռնագանձել 345 հազար 500 դրամ: Մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ չէ, թե նշված գումարը «Հայանտառն» ինչու է պարտք մնացել: Մեծ հաշվով՝ կողմերի վեճը կարելի է բնորոշել որպես մեր` հարկատուներիս վճարած փողերից իրենց մասնաբաժինն ավելացնելու համար մղվող «մարտ»: Բայց մյուս կողմից այն փաստը, որ երկու պետական հիմնարկներ չեն կարողանում իրենց ֆինանսական հարաբերությունները կարգավորել եւ ստիպված դիմում են դատարան, արդեն իսկ խոսուն փաստ է:

 

ՀԱՐՑՐԵՔ ՇԱՀԱՐԿՈՂՆԵՐԻՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնավարել-չպաշտոնավարելու հարցը դեռեւս ակտիվ քննարկվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարարությունում անորոշ վիճակ է, եւ բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց եւ գերատեսչության «ճակատագրի» հետ: Բանն այն է, որ շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ Եվրասիական ինտեգրման հարցերի նախարարության ստեղծումից եւ գործունեություն ծավալելուց հետո հնարավոր է՝ էկոնոմիկայի նախարարությունը միացվի նոր նախարարությանը: Նոր նախարարությունը, ինչպես հայտնի է, ղեկավարելու է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի եւ շրջանառվող լուրերի շուրջ մեկնաբանություններ ստանալ Կարեն Ճշմարիտյանից: «Ով որ շահարկում է, իրեն հարցրեք»,- ժպիտը դեմքին՝ հայտարարեց նախարարն ու հեռացավ:

 

«ՎԻՎԱՍԵԼԸ» ԹԱՆԿԱՑՆՈՒՄ Է
«Ղ-Տելեկոմ» ընկերությունն (ապրանքանիշը՝ «Վիվասել») առայժմ միայն «Անձնական» կոչվող սակագնային պլանի բաժանորդների համար առաջիկա դեկտեմբերի 1-ից նախատեսում է եռապատկել դեպի Ռուսաստան կատարվող զանգերի սակագները: Այս սակագնային պլանի ներսում 1 րոպե խոսելու դիմաց 3 րոպեի արժեք է գանձվելու հայաստանյան բաժանորդներից: Ընկերությունում դժվարացան ասել, թե մյուս սակագնային պլանների բաժանորդներն ինչ արժեքով են զանգեր կատարելու դեպի ՌԴ: Armlur.am-ի հեռախոսազանգին պատասխանած օպերատորը նույնիսկ այս թանկացման մասին տեղյակ չէր եւ ճշտելուց հետո միայն հաստատեց մեր տեղեկությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վիվասելն» արդեն կրկնապատկել էր դեպի Վրաստան կատարվող զանգերի սակագները:

 




Լրահոս