ԻՆՉՈ՞Ւ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՔԾ ՉԻ ԳՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք շաբաթ է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել մանրամասները, թե ինչից են առաջացել դատախազության կողմից քննչական կոմիտեի քննիչներին հետապնդելու միտքն ու իրավական հիմքերը: Պարզվում է՝ իր մեղքի բաժինն ունի նաեւ գործավարուհին:

Եվ այսպես՝ 2014թ. մայիսի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արսեն Մարգարյանը որոշում է կայացրել քաղաքացի Լիլիթ Սարգսյանի կողմից իր անչափահաս դստեր՝ Վիկտորյա Սարգսյանին ծեծելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցել: Իսկ արդեն հուլիսի 14-ին Շենգավիթ վարչական շրջանի քննչական կոմիտեի քննիչ Հակոբ Մանուկյանը Լիլիթ Մարգարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա խոշտանգել է անչափահաս դստերը` Վիկտորիա Սարգսյանին:
2014թ. հոկտեմբերի 10-ին քննիչ Մանուկյանը 5-րդ անգամ որոշում է կայացրել հիշյալ գործով նախաքննության ժամկետը եւս 1 ամիս ժամանակով երկարացնելու միջնորդություն հարուցել: Ուստի իր որոշման օրինակները՝ քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի ստորագրությամբ, նույն օրը հանձնել է քննչական բաժնի գրասենյակի գործավար Նարինե Սարդարյանին, որը նշված փաստաթղթերը գրանցել է իր հաշվառման մատյանում, որպեսզի ուղարկի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն:
Եվ հենց այս պահից էլ սկսվել է ողջ խառնաշփոթը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություների` բաժնի գործավարուհի Նարինե Սարդարյանը փաստաթղթերը Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն ուղարկելու փոխարեն ուղարկել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Իսկ երբ ոստիկանությունը հետ է ուղարկել գրությունը՝ պատասխանելով, թե սա իրենց գործը չէ, հոկտեմբերի 14-ին համապատասխան որոշումը գործավարուհին ուղարկել է դատախազություն, որը տեղ է հասել հենց նույն օրը:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, վարչական շրջանի դատախազ Արսեն Մարգարյանը հետ է ուղարկել քննիչի որոշումը եւ նշել, որ քննիչի գրությունը դատախազախությունը ստացել է նախաքննության ժամկետի ավարտից մեկ օր հետո, մինչդեռ քննիչը պարտավոր էր ներկայացնել դատախազին քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ: Քանի որ ժամանակագրական անհամապատասխանություն է նկատել դատախազը, անմիջապես զեկուցել է ՀՀ գլխավոր դատախազին:
Արդյունքում՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության՝ հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այն հանձնվել է հատուկ քննչական ծառայության՝ նախաքննություն կատարելու համար:

Ի՞նչ է ասել քննիչը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում Շենգավիթի քննիչ Հակոբ Մանուկյանն ասել է՝ եթե նախապես տեղյակ լիներ, որ գործավարը սխալվել է եւ իր կայացրած որոշումը ժամանակին դատախազություն չի ուղարկել, ինքը միջոցներ կձեռնարկեր, որպեսզի որոշումը ժամանակին հասներ դատախազություն, եւ դրա հետ կապված խնդիրներ չառաջանային:
Ավելին՝ ըստ Հակոբյանի ցուցմունքի, երբ դատախազը չի երկարացրել քրեական գործի նախաքննության ժամկետը, ինքը կատարելով բաժնի պետի տեղակալի ցուցումը՝ ավարտել է քրեական գործի նախաքննությունը եւ հոկտեմբերի 16-ին կազմել մեղադրական եզրակացություն եւ գործը ուղարկել դատախազություն:
ՀՔԾ մեր աղբյուրներից պարզեցինք՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Արսեն Մարգարյանը, թեեւ նախաքննության ընթացքում որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության, սակայն չի ներկայացել: Հետագայում պարզվել է, որ նրան հարցաքննելու անհրաժեշտությունը վերացել է:
Շենգավիթի քննչական բաժնի գրասենյակի գործավար Նարինե Սարդարյանը հայտնել է, որ կատարվածն իր անուշադրության հետեւանքով է եղել: Երբ ոստիկանության Շենգավիթի բաժնի քարտուղարությունից հետ է ստացել փաստաթղթերը եւ դրանք ուղարկել դատախազություն, քննիչ Հակոբ Մանուկյանին, քննչական բաժնի պետին կամ տեղակալներին չի հայտնել փաստաթղթերը սխալ ուղարկելու փաստի մասին եւ չի մտածել, որ իր սխալմունքը կարող էր այսպիսի բարդ իրավիճակ ստեղծել: Արդյո՞ք գործավարուհին ճիշտ է ասել, թե՞ փորձել է «փրկել» քննիչներին, դժվար է ասել: Բայց որ դատախազ Մարգարյանը որեւէ քայլ չի ձեռնարկել՝ իմանալու, թե ինչու է նախաքննության ժամկետի որոշումը իրեն ուշ հասել, դա արձանագրվել է նաեւ պաշտոնապես:
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՔԾ-ն կարճել էր Շենգավիթի քննիչների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Սակայն նոյեմբերի 18-ին գլխավոր դատախազությունը իր որոշմամբ վերացրել է քննիչների գործը կարճելու` ՀՔԾ որոշումը եւ գործում, որպես արդեն մեղադրյալներ, ներգրավել վերը նշված քննիչներին:
Թե ինչքան կտեւի իրավական այս «տուրուդմփոցը», դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դատախազության եւ քննչական կոմիտեի միջեւ լարված փոխհարաբերությունների աշխարհագրությունն օրըստօրե մեծանում է: Բայց այս պատմության մեջ առավել տխուր վիճակում է հայտնվել անչափահաս երեխան, ում ընտանիքի շուրջ ստեղծված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ:

 

 
ՆՈՐ ԹԱՓ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ

Արդեն երկրոդ անգամ է, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ Մարտի 1-ի զոհերի հարազատները հրավիրվում են գլխավոր դատախազություն: Երեկ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Գեւորգ Կոստանյան հատուկ հանձնարարականներ է տվել:

Եվ այսպես՝ երեկ՝ ժամը 14:00-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի զոհերի հարազատներին հրավիրել էր դատախազություն, սակայն ընդամենը 5 զոհվածի հարազատներ էին ներկայացել հանդիպմանը` Հովհաննես Հովհաննիսյանի կինը, Գոռ Քլոյանի մայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Սամվել Հարությունյանի եւ Դավիթ Պետրոսյանի հարազատները, իսկ մնացածի հարազատները տարբեր պատճառներով չէին կարողացել ներկայանալ:
Հանդիպումից անմիջապես հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց Գոռ Քլոյանի մոր՝ Ազատուհի Քլոյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ մանրամասներ նշել. «Չեմ ցանկանում խոսել, բայց սպասելիքներ ունեմ մեր հանդիպումներից»: Իսկ, ահա, Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը, նշեց, որ առայժմ որեւէ սպասելիք չունի:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը, հաշվի առնելով 2008թ. Մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, ուստի հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը հանձնարարել է ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից 10 մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատել: «Տուժողների իրավահաջորդներն օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքննության գործընթացում եւ հնարավորություն կունենան լիարժեքորեն իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾԸ»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց «Վերնիսաժի գործով» դատավարությունը եւ րոպեներ անց հետաձգվեց:

Նախ նշենք, որ դատական նիստը սկսվեց ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի համար շտապօգնություն էր կանչվել: Նշանակված դահլիճից ավելի մեծ դահլիճում մեկնարկած դատավարության ժամանակ նախագահողը հայտնեց, որ նիստին տուժողները չեն ներկայացել, եւ մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել նիստը: Որոշում կայացվեց նաեւ պատշաճ ծանուցում ստացած, սակայն դատարան չներկայացած տուժողին բերման ենթարկել:
Նախագահողը, լսելով կողմերի կարծիքները, բավարարեց միջնորդությունը, եւ նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
Նշենք, որ երբ դատավորը նիստը հետաձգելու որոշում էր կայացնում, ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ընդհատեց նրան` ասելով, թե կարեւոր միջնորդություն ունի անելու: Դատավոր Գագիկ Պողոսյանը, նկատողություն անելով պաշտպանին, շարունակեց հրապարակել որոշումը: Այդուհանդերձ, պաշտպանը հայտարարեց. «Իմ պաշտպանյալին պետք է վիրահատեն: Տուժողների ներկայանալն ավելի՞ կարեւոր է, քան պաշտպանյալիս առողջությունը»: Սրան ի պատասխան՝ դատարանը նկատեց, որ վիրահատության հարցերը կլուծի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի տասնյոթին «Վերնիսաժ» տոնավաճառում հնչեցված կրակոցների շուրջ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը: Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 




Լրահոս