ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀՈՒՅՍԵՐ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ ԵՏՄ-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոգեւորված հայտարարում է, թե Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը գործարարների համար նոր հեռանկարներ է բացում, վերջիններս հավատացնում են, որ իրականությունը բոլորովին այլ է: Գյուղնախարարի համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո կավելացվեն արտահանման ծավալները դեպի Ռուսաստանի Դաշնություն, նաեւ՝ կամրապնդվեն գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ: Սակայն տեղական արտադրողները հակառակն են պնդում: Նրանցից, օրինակ, «Չանախ» ընկերության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք նույնիսկ փոքրացնելու են իրենց արտադրության ծավալները:

ԵՏՄ-ի առավելությունների շարքում նշվում են դեպի ռուսական շուկա արտահանման լայն հնարավորությունները, հատկապես այն ապրանքատեսակների մասով, որոնց ներմուծումը «պատժամիջոցային պատերազմի» արդյունքում կասեցված է ՌԴ: Մեր Կառավարությունը վերջին շրջանում գործարարներին խոստանում է, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում նրանց համար կստեղծվեն արտահանման լայն հնարավորություններ: Սակայն գործարարների հետ զրուցելիս հակառակ տպավորությունն է ստեղծվում:
«Ժողովուրդ»-ը փորձեց մի շարք տեղական արտադրողներից հետաքրքրվել, թե ինչ են նախատեսում արտահանել ռուսական շուկա կամ արդյոք պատրաստ են իրենց արտադրանքը վաճառքի հանել դրսում:
Այս հարցերի շուրջ նախ զրուցեցինք կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանի հետ, ով այնքան էլ մեծ հույսեր չի կապում ԵՏՄ-ի հետ:
«Մեր ընկերությունը պատրաստ չէ իր արտադրության ծավալները մեծացնել, քիչ ենք արտադրում: Մենք պատրաստված չենք ռուսական շուկայի համար: Չենք կարող: Նախապատրաստվել է պետք»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց Բունիաթյանը:
Գործարարի խոսքով՝ ռուսական շուկա արտադրանք արտահանելու համար նախեւառաջ պետք է լուրջ ներդրումներ անել, ինչն այսօր ընկերությունն ուղղակի չի կարող: «Ընկերության մեքենայացումը պետք է բարձրացնել, իսկ մենք այդքան մեքենայացված չենք: Մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք մինչ օրս»,-նշեց Բունիաթյանը:
Այնուամենայնիվ, ընկերության սեփականատիրոջից հետաքրքրվեցինք` ներդրումների առկայության դեպքում պատրա՞ստ է ընդլայնել արտադրության ծավալները, ունի՞ համապատասխան հումք, տեխնիկական պատրաստվածություն, մասնագիտական աշխատուժ: Հարցին ի պատասխան՝ Բունիաթյանն ասաց. «Մենք հավանաբար կփոքրացնենք արտադրության ծավալները, քանի որ ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ: Դժվարություններ կան ե՛ւ ֆինանսի հետ կապված, ե՛ւ աշխատանքային ոճի: Ոչ ոք չի կարող օգնել»:
Իսկ, ահա, լավաշի արտադրությամբ զբաղվող «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդոված փոխանցեց, որ իր ընկերությունը պատրաստ է արտադրության ծավալները մեծացնել, սակայն չի ցանկանում: «Այստեղ չենք կարող, այս պատճառով էլ մենք մտադիր ենք մեր բիզնեսը տեղափոխել Ռուսաստան: Իմ արտադրությունը կտանեմ այստեղից: Նախկինում մեր արտադրամասում կար չորս հարյուր աշխատող, իսկ հիմա տասնհինգն են»,- դառնացած նկատեց Հակոբյանը:
Պարզվեց, իրավիճակն ավելի բարվոք չէ նաեւ ձվարտադրության ոլորտում:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ ձու արտադրող ընկերություններն այս պահին պատրաստ չեն ձու արտահանել ռուսական շուկա: «Մենք դեռ ինքնաբավ չենք հավկիթի առումով: Մենք այս տվյալներով հիմա ձու չենք կարող արտահանել»,- նշեց Ստեփանյանը:
Իսկ, ահա, «Թամարա ֆրուտ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը նկատեց, որ ընկերության ծավալները մեծացվել են, եւ իրենք պատրաստ են արտադրանք արտահանել: Ավելին՝ ընկերությունն արդեն իսկ զբաղվում է արտահանմամբ, սակայն սկսել է հանդիպել լուրջ խնդիրների: «Ամեն ինչ կարգին է, բայց ռուբլու արժեզրկման մասով լուրջ խնդիր ունենք: Ես դոլարով եմ վաճառում, իսկ այնտեղ ռուբլով են վաճառում, այս պատճառով էլ ապրանքը հստակ գին չունի»,- փոխանցեց գործարարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԸ

Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ հայերի թվին է պատկանում նաեւ «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Armlur.am-ը անդրադարձել է նրա անցած ուղուն:
Ծնվել է 1968 թվականին Երեւանում` մանկավարժների ընտանիքում: Ռուբեն Վարդանյանը 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
Կարողությունը: Ռուբեն Վարդանյանի կարողությունը հասնում է կես միլիարդի: 2011 թ. Ռուսաստանի Խնայբանկը 1 մլրդ ԱՄՆ դոլարով գնեց «Տրոյկա դիալոգ» ընկերությունը, որի ակտիվների 40%-ը պատկանում էր Ռուբեն Վարդանյանին: Իսկ 2012 թ. «Տրոյկա դիալոգ» բրենդը պատմություն դարձավ՝ վերափոխվելով Sberbank CIB-ի: Ռուբեն Վարդանյանը ներկայումս Sberbank CIB-ի համաղեկավարն է:
«Տրոյկա դիալոգ»-ը Ռուբեն Վարդանյանի առաջին աշխատավայրն էր, որը եւ դարձրել է նրան միլիարդատեր: «Տրոյկա դիալոգը» նվաճել է շուրջ վեց տասնյակ մրցանակներ, իսկ Ռ. Վարդանյանն անձամբ արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսի՝ «Ներդրումային բանկատեր-2003» անվանակարգում, «Դարին» ազգային մրցանակի՝ «Բիզնես-ռազմավարություն» անվանակարգում (2004 թ.), «Ernst&Young» միջազգային մրցանակի՝ «Ռուսաստանի 2004թ. ձեռնարկատեր» անվանակարգում, «Արիստոս-2006» մրցանակի՝ «Ռուսաստանյան բիզնեսի զարգացման գործում ունեցած առանձնակի վաստակի համար» անվանակարգում:
Զուտ կապիտալը՝ 0,50 մլրդ ԱՄՆ դոլար (2013 թ. մարտի դրությամբ):
Տարիք՝ 45:
Հարստության աղբյուր՝ ներդրումային բանկային գործ:
Forbes վարկանիշ Forbes Ռուսաստան՝ 193-րդ հորիզոնական:

 




Լրահոս