ՍԱԼՈՆԻԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ Է, ՎԱՆԱՁՈՐԻ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

45 տարվա խաչքարագործ, վանաձորաբնակ Սերգեյ Դանիելյանը միայն այս տարի վերջապես իր վաստակի համար Անկախության տոնին հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվեց երախտագիտության մեդալով: Ինչպես ինքը՝ 70-ամյա վարպետն է ասում. «Մի քիչ ուշ, բայց ոնց ասում են՝ լավ ա ուշ, քան երբեք: Իմ աշխատանքի համար շուտվանից ներկայացրել էին կոչման, բայց, դե, ընդեղ մենք պրովինցիա ենք, էլի, մեզ ով է նայում, սաղ մենակ՝ Երեւան, Երեւան:

Ասենք՝ 10 հոգու պետք է կոչում տան, 50 հոգի ներկայացված են, բոլորը երեւանցիներին են տալիս: Ես շուտվանից ներկայացված եմ վաստակավորի, վերցրին մեդալ տվեցին»,-ասում է խաչքարագործը:
1981 թվականին Սերգեյ Դանիելյանը համամիութենական ցուցահանդեսում ոսկե մեդալի է արժանացել, 2000-ին՝ «Լոռվա ասպետ» կոչման, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր է, Հունաստանի Սալոնիկ քաղաքի պատվավոր քաղաքացի, բայց Վանաձորի՝ ոչ, չնայած ողջ կյանքն ապրել ու ստեղծագործել է Վանաձորում: Այն դեպքում, երբ համայնքի ավագանու վերջին նիստերից մեկում փակ, գաղտնի քվեարկությամբ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» դարձած, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հայկազ Իգիթյանը, ազատ ըմբշամարտի մարզիչ Արամ Խանզադյանը, Ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, Երկրապահ կամավորների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, ոչ բոլորն էին ծանոթ ավագանու անդամներին, նրանց առանձնահատուկ վաստակի մասին վկայող փաստաթղթերն էլ բացակայում էին: Վերջին տարիներին քաղաքապետարան ներկայացված մի շարք միջնորդություններից միայն մեկն է ընդունվել, եւ 2011-ին «Վանաձորի պատվավոր քաղաքացու» կոչումը շնորհվել է Ռալֆ Յիրիկյանին:
Ձեռքի աշխատանքը Եվրոպայում եւ առհասարակ ամբողջ աշխարհում արդեն վերացող երեւույթ է: Ու նաեւ այս պատճառով արտերկրում այն թանկ է գնահատվում՝ ի տարբերություն Հայաստանի: «Գալիս են զբոսաշրջիկներ, գործ եմ անում, նայում են, զարմանում, ֆոտոխցիկը բերում են էս կողմ, էն կողմ, զուբիլը վերցնում են, նայում, ասում են՝ կթողնեք, մենք էլ խփենք, տալիս եմ, շատ հետաքրքիր է իրենց: Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում էլ քարը դրել էինք հրապարակում, հետեւը ֆրանսերեն-հայերեն տեքստ էի գրում, անցնող մարդիկ մեկ էլ տեսնում էին՝ ֆրանսերեն տառ է դուրս գալիս, նայում էին, փոխում էի մի հատ էլ, զարմանում էին: Որ Փարիզը, Ֆրանսիան արվեստի երկիր է, էսօրվա սերունդը շատ են զարմանում. ոնց կլինի տենց բան՝ խփես, մեկ էլ տառը դուրս գա տակից: Սովոր են՝ միայն համակարգչի դիմաց նստած՝ թըփ- թըփ, դրա համար էլ քանի գնում, գնահատվում է»,-ասում է խաչքարագործը:
Սերգեյ Դանիելյանը 500-ից ավել խաչքարերի հեղինակ է, որոնցից 108-ը արտասահմանյան 15 երկրներում են կանգնեցված: 90-ականներին վարպետն ինքն էր խաչքարերը երկրից դուրս տանում դժվարությամբ, չէին թողնում սահմանն անցկացնել, սկզբում՝ Գերմանիա, հետո նաեւ՝ Ֆրանսիա, Շվեդիա, Հունաստան: Այնուհետեւ նրա ճանաչումն արտասահմանում մեծացավ, եւ պատվիրատուներն արդեն իրենք էին դիմում, հատկապես հայկական համայնքներից, քանի որ հայերի մոտ, որտեղ էլ լինեն, օրենք է՝ եկեղեցի կառուցելիս անպայման խաչքար են կանգնեցնում: Այժմ էլ պատվերները հիմնականում արտերկրի հայկական համայնքներից են: Դրսում գործը, վարպետի խոսքով, տասն անգամ թանկ է, բայց իր խաչքարի հայաստանյան գները նույնն են ամբողջ աշխարհում՝ 2-2,5 հազար դոլար, մեծերը՝ մինչեւ 5.000 դոլար:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

 
ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԳԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԵՆՔ

Օրերս ԱՄՆ-ի Սպիտակ տան այցելությունների կենտրոնում ցուցադրության դրվեց հայ որբերի գործած գորգը, որը նրանք 1925 թվականին նվիրել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին օգնելու համար: Պարզվում է՝ գորգի ցուցադրությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:

Տեղի լրատվամիջոցները Միացյալ Նահանգների որոշումը համարել են ազդակ՝ ուղղված Անկարային: Թերթերն ընդգծել են հատկապես այն հանգամանքը, որ Սպիտակ տունը գորգը հանրային ցուցադրության է դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Թե ինչպես կարող է հայ որբերի գորգը վերածվել քաղաքական գործիքի, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել են մասնագետները:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող խորհրդանշական իրերից մեկը հենց այդ գորգն է:
«Բնական է, որ ցանկացած նման խորհրդանիշ վախեցնում է Թուրքիային եւ խորացնում է նրա կոմպլեքսները: Պարզապես զարմանալի է, որ Թուրքիայի պես մեծ պետությունն իր քաղաքական օրակարգի կարեւորագույն նյութ է դարձնում 100 տարի առաջ գործված գորգի թեման՝ դրանով իսկ նպաստելով հարցի քաղաքականացմանը»,-նկատեց թուրքագետը:
Նրա համոզմամբ՝ քանի որ գորգի թեման քաղաքականացված է, Միացյալ Նահանգները փորձում է փոքրիկ մեսիջ հղել Թուրքիային: «ԱՄՆ-ի քայլն իր մեջ անկեղծության դեֆիցիտ ունի, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ հայ որբերի գորգը Թուրքիային ճնշելու գործիքներից մեկն է»,-ասաց Ռ.Մելքոնյանը՝ հավելելով, որ Թուրքիան իր հիստերիկ պահվածքն ու կոմպլեքսներն ի ցույց դնելու դեռեւս շատ առիթներ կունենա:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ այն կարծիքին է, որ հայկական հարցը ԱՄՆ-ի ձեռքին միջոց է, որը ցանկացած պահի օգտագործվում է՝ Թուրքիային զսպաշապիկ հագցնելու համար. «ԱՄՆ-ն, հայ որբերի գորգը ցուցադրելով, կարծես քայլ է անում դեպի Ցեղասպանության ճանաչում, դա, բնականաբար, անհանգստացնում է Թուրքիային, որը, հիստերիկ իրավիճակ ստեղծելով, փորձում է հակազդել ԱՄՆ-ի գործողություններին»,-մեկնաբանեց Ա.Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով որբ մնացած հայ մանուկները գորգը գործել են Լիբանանի Ղազին մանկատանը: Նրանց օժանդակել է ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արեւելքում, եւ գորգը հանձնվել է՝ ի նշան որբերի երախտիքի:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հերթական ռեկորդն է սահմանել: Նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջին հետեւում է ավելի քան 200 հազար բաժանորդ: Այդ կապակցությամբ սոցցանցի իր էջում երգչուհին գրել է, որ անչափ ուրախ է եւ զգացված:
Նշենք, որ այս ցուցանիշով Լիլիթը գերազանցում է անգամ Սիրուշոյին, ում պաշտոնական էջը ֆեյսբուքում ստացել է 74 հազարից ավել հավանություն:
Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն առաջատար է նաեւ «Instagram»-ում ունեցած իր հետեւորդների թվով՝ 50 հազար հոգի:
 

Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ  ՄԻՍՍ ՀՈՆԴՈՒՐԱՍԻՆ
Հայտնի է դարձել, թե ինչ հանգամանքներում է սպանվել «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Միսս Հոնդուրասը: Վերջինիս եւ նրա քրոջը սպանել է քրոջ ընկերը: The Independent-ի փոխանցմամբ՝ Պլուտարքո Ռուիս անունով մի երիտասարդ խոստովանել է, որ 19-ամյա գեղեցկուհուն՝ Մարիա Խոսե Ալվարադոյին, ու նրա քրոջը սպանողն ինքն եղել:
Ալվարադոն մտադիր էր մասնակցել դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին: Հիշեցնենք, որ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի մեկնարկից մի քանի օր առաջ անհետացել էին Հոնդուրասի գեղեցկուհին եւ նրա քույրը: Նրանց դիակները գտնվել էին Հոնդուրասի Սանտա Բարբարա բնակավայրի լեռներում: Սպանությունից առաջ երիտասարդն այդ երկուսին տարել էր իր ծննդյան միջոցառմանը մասնակցելու:

 

ՖՐԻՍԿԵՆ  ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն պատմել է, որ մտադիր է վերադառնալ իր բնականոն կյանքին եւ շարունակել երգչուհու իր կարիերան:
«Անչափ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Ինձ համար դա շատ կարեւոր է, այժմ ես ցանկանում եմ որդուս մեծացնել»,-ասել է Ֆրիսկեն:
Երգչուհին նշել է, որ արդեն չի խուսափում լրատվամիջոցներից, իսկ թե երբ կրկին կհայտնվի բեմում, դեռ չգիտի:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն տեւական ժամանակ է՝ պայքարում է քաղցկեղի դեմ: Նա սկզբում բուժվում էր ԱՄՆ-ում, այնուհետեւ Ռիգայում փոքր-ինչ հանգստանալուց հետո մեկնել էր Չինաստան, որտեղ բուժվում էր ոչ ավանդական մեթոդներով:

 




Լրահոս