Նոյեմբերի 24-ին Երևանում կայացան միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ:
Խորհրդատվությունների ընթացքում առարկայորեն քննարկվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ:
Պատշաճ ուշադրություն հատկացվեց եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը:
Հանգամանալից քննարկում ծավալվեց 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և ընդլայնման հարցերի շուրջ:
Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: