ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն կմատուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 25-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, պայմանագիր կնքվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը կարգավորելու վերաբերյալ:

Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ազատազրկվածների կյանքում մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ այսօր ունի իր սրբատեղին: «Հոգևոր ծառայության կարևոր նշանակությունը անժխտելի է, դրա մասին խոսում են փաստերը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դատապարտյալները, ովքեր հոգևոր կապի մեջ են լինում այլևս հետ չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Պետությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ամեն ինչ անելու է քրեակատարողական հիմնարկներում այս ծառայության հիմքերն ամուր պահելու համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը և այս կարևոր ու անհրաժեշտ համագործակցությանը մաղթեց շոշափելի արդյունքներ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս