Նախօրեին անկարգություններ էին սկսվել ամերիկյան Միսսուրի նահանգում, ուր բնակչությունը բողոքի էր դուրս եկել սևամորթ պատանի Մայքլ Բրաունի սպանության գործով դատավճռի պատճառով: Երդվյալ ատենակալները որոշել էին, որ դեռահասին գնդակահարած ոստիկանին մեղադրանք ներկայացնելու խնդիր չկա:
Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, բողոքները դուրս են եկել Միսսուրի նահանգի սահմաններից և բռնկվել մի քանի խոշոր ամերիկյան քաղաքում: Դրանց մասնակցել է մի քանի տասնյակ հազար ամերիկացի: Ընդ որում, նրանց թիվը կարող է աճել մի քանի անգամ:
Chicago Tribune-ի տեղեկություններով՝ քաղաքի ոստիկանության շենքի առջև հավաքվել է ավելի քան 200 զինված ցուցարար:
Բալտիմորում պատրաստվում են արգելափակել կենտրոնական փողոցները ակտիվիստների՝ սպասվող երթի պատճառով:
Խաղաղ բնույթի ակցիաներ են անցկացվել Սիեթլում և Լոս-Անջելեսում, Պորտլենդում ու Դալասում, Լուիսվիլում ու Տոպիկայում:
The Wall Street Journal-ը հայտնում է Օքլենդում փողոցային երթի ժամանակ կատարված վանդալիզմի ակցիաների մասին:
Բողոքի ալիքը հասել է նաև Նյու Յորք: Ֆերգյուսոնի դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարները արգելափակել են Բրուքլինի, Մանհեթենի և Թրայբորո կամուրջները՝ փակելով քաղաքի խոշորագույն տրանսպորտային ուղիները:
Կրքերը շարունակում են բորբոքվել նաև Ֆերգյուսոնում, որի օդային տարածքում իշխանություններն արգելել էին թռիչքները: