ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա, իսկ հունիսի ր–ին՝ Վիետնամ: Նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի ,Յուրիագե-Հիյորիյամաե հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Այնուհետև՝ հունիսի 8-ին, ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:Նախատեսվում է նաև հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Նախագահը հանդիպում կունենա նաև հայկական բուհերի շրջանավարտների հետ: