Ուղևորափոխադրումները միշտ եղել են և շարունակում են մնալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության կարևորագույն ոլորտներից մեկը: Տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությունը Հայաստանի բնակիչների համար սահմանափակ է, բայց ՀԿԵ-ն իր ներդրումն ունի քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի իրականացման գործում:
Հարավկովկասյան երկաթուղում գործում է երկու միջազգային գնացք՝ Երևան-Թբիլիսի-Երևան (հոկտեմբերից հունիս) և Երևան-Բաթումի-Երևան (հունիսից հոկտեմբեր), ինչպես նաև մերձքաղաքային էլեկտրագնացքների 5 չվերթ՝ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Արմավիր (Արաքս)-Երևան, Հրազդան-Ալմաստ-Հրազդան, Երևան-Երասխ-Երևան:
Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի աջակցության նպատակով գործում է պետության կողմից երկաթուղու ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման մեխանիզմը:
Նման մեխանիզմը չի հանդիսանում զուտ հայկական ֆենոմեն և կիրառվում է նաև այլ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Բելառուսում:
Հայաստանի կառավարությունն երկաթուղու մոտ ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման պարտականությունն իր վրա էր վերցրել 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն:
Իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է վճարել 2%-նոց կոնցեսիոն վճարը, որը փոխանցվում է Հայաստանի պետբյուջե: Այս վճարը հիմք է հանդիսանում ուղևորափոխադրումներից առաջացած փոխհատուցումների ֆոնդը ձևավորելու համար: Կոնցեսիոն գործունեության ընթացքում Ընկերությունը պետական բյուջե վճարեց 1,7 մլրդ դրամը գերազանցող կոնցեսիոն վճար:
«Հարավկովկասյան երկաթուղին» կատարում է նաև բոլոր հարկային պարտավորությունները. 2008-2014 թթ. բյուջե վճարվել է 25,6 մլրդ դրամ, իսկ Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանն ուղղվել է մոտ 100 մլրդ դրամ:
Կոնցեսիոն պայմանագրի համաձայն, 2009 – 2010 թթ. համար պետական փոխհատուցումները պետք է կազմեն ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների 10%, 2011 – 2012 թթ.՝ 15%, 2013 թ.՝ 20%, 2014-2015 թթ.՝ 25%, 2016 – 2038 թթ.՝ 30%:
Վնասների հաշվարկն իրականացնում է «մեծ հնգյակը» (PricewaterhouseCoopers, Deloitte, Ernst&Young, BDO, KPMG) ներկայացնող անկախ աուդիտորական կազմակերպությունը: Վերջին երկու տարիների ընթացքում աուդիտն իրականացնում է PricewaterhouseCoopers-ը:
2014 թվականին պետբյուջեով նախատեսված է 536,5 մլն դրամ վնասների փոխհատուցում, որից 328 մլն դրամը նախատեսվում էր փոխհատուցել երկրորդ, իսկ 208,5 մլն դրամը՝ երրորդ եռամսյակում: Սակայն այս փոխանցումները մինչև հիմա չեն կատարվել:
Իսկ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2009-2013 թթ. ընթացքում ուղևորափոխադրումներից վնասների փոխհատուցման գծով կուտակված պետության ընդհանուր պարտքը կազմում է 818,8 մլն դրամ, այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշել ենք, ՀԿԵ-ն իր հերթին վճարել է 1,7 մլրդ դրամ կոնցեսիոն վճարներ:
Ընկերությունը շարունակելու է իր համագործակցությունը ՀՀ Ազգային Ժողովի, կառավարության, Տրանսպորտի և կապի նախարարության հետ՝ երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման նպատակով ի շահ Հայաստանի քաղաքացիների: