Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development (Երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակներում ձևավորվել են Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների ազգային հավաքականները: Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչը բելգիացի Մարկ Լելևրն է: ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ բելգիացի մարզչի հետ, ով հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց ծրագրի մասին:
– Պրն. Լելևր, մի փոքր խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին:
– Ես 30 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Աշխատել եմ Բելգիայի առաջին դիվիզիոնում` որպես երիտասարդական թիմերի մարզիչ`մարզելով տարբեր տարիքային թիմեր` Մ-9-ից մինչև Մ-17 տարեկան ֆուտբոլիստների թիմեր: Աշխատել եմ Բելգիայի երրորդ դիվիզիոնում, ինչպես նաև բելգիական «Սեն-Տրույդեն» և «Վեստեռլո» թիմերում, որպես Մ-23 տարեկան ֆուտբոլիստների թիմի մարզիչ: Նախորդ տարի աշխատել եմ հունգարական «Ույպեշտ» թիմում` որպես գլխավոր մարզչի օգնական, ապա գլխավոր մարզիչ: Այժմ ես Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development ծրագրի մարզական հարցերով ղեկավարը:
– Ի՞նչ կարող եք ասել Ձեր գլխավորած թիմի ֆուտբոլիստների մասին:
-Երբ ֆուտբոլիստներն այս տարիքում են, երբեք հնարավոր չէ ասել, թե ինչ մակարդակի նրանք կհասնեն ապագայում, բայց մի բան կարելի է հաստատ ասել. եթե նրանք բավականաչափ լավը չլինեին, մենք նրանց չէինք ընտրի: Մենք պետք է անընդհատ աշխատենք նրանց թույլ կողմերի վրա, բարելավենք նրանց որակները:
– Կպատմե՞ք, թե ինչպես է անցնում մարզումային գործընթացը: Դուք հաշվի առնո՞ւմ եք ազգային առանձնահատկությունները:
– Յուրաքանչյուր ազգ ունի իր մշակույթը և փիլիսոփայությունը, և մենք չենք կարող հաշվի չնստել դրա հետ: Ֆուտբոլային փիլիսոփայությունը, բնականաբար, տարբեր է: Մենք ունենք մեր փիլիսոփայությունը և մեր խնդիրներից մեկը հենց այդ երկուսի լավագույն համաձուլվածքը ստանալն է: Այսինքն, հաշվի առնելով, ազգային առանձնահատկությունները, ներդնել մեր փիլիսոփայությունը և ստանալ առավելագույն արդյունք:
-Այդ առումով, եթե համեմատելու լինեք երեխաների ընկալման մակարդակը սկզբում և հիմա, Դուք տեսնո՞ւմ եք տարբերություն:
– Այո, և այդ տարբերությունը շատ մեծ է: Ընդ որում դա վերաբերում է ֆուտբոլիստների ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկա-տակտիկական պատրաստվածությանը: Նրանք ավելի լավ են հասկանում մեր պահանջները, և դա արտացոլվում է ոչ միայն մարզումների, այլև խաղերի ընթացքում:
– Այս տարիքում դուք ընտրում եք ֆուտբոլիստներին և հարմարացնում նրանց Ձեր նախընտրած տակտիկական դասավորությանը, թե՞ հակառակը:
Մենք ունենք մեր փիլիսոփայությունը և հարմարեցնում ենք խաղացողներին այդ փիլիսոփայությանը: Համոզված ենք, որ այս տարիքում լավագույն տակտիկական դասավորությունը 4-3-3-ն է: Մենք չենք հարմարվում մյուս թիմերին, մենք խաղում ենք մեր խաղը: Այս տարիքում ոչ այնքան կարևոր է արդյունքը, որքան երեխաներին ճիշտ ֆուտբոլ խաղալ սովորեցնելը: 4-3-3-ը ամենահարմարն է ինչպես զոնալ, այնպես էլ անհատական հսկողությամբ խաղալու համար: Եթե ֆուտբոլիստը սովորի ճիշտ փակել զոնան, ապա հետագայում կկարողանա նաև ճիշտ իրականացնել անհատական հսկողությունը:
– Գո՞հ եք աշխատանքային պայմաններից Հայաստանում:
– Անկեղծ ասած, ավելի լավ պայմաններ դժվար է պատկերացնել: Դպրոցը մոտ է, ակադեմիայում ունենք հիանալի խոտածածկով խաղադաշտեր, մեզ հետ աշխատող անձնակազմը և մարզիչները շատ մոտիվացված են և հավատում են մեզ: Մեր և ՀՖՖ միջև համագործակցությունը նույնպես փայլուն հիմքերի վրա է դրված: Վստահ եմ՝ մոտ ապագայում այն կտա իր պտուղները:
– Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի Մ-15 հավաքականի ծրագիրը արձակուրդի ընթացքում:
– Շատ կարևոր է, որ մենք կատարում ենք թիմային աշխատանք: Ես Բելգիայից եմ, Դանիելը (Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ) Ֆրանսիայից է, ֆիզիկական պատրաստության մարզիչը՝ Շվեյցարիայից: Այնպես որ, մենք իրար շատ լավ ենք հասկանում և միասին ենք որոշում մեր բոլոր անելիքները: Բնականաբար, ձմռան համար մենք երեխաներին կհանձնարարենք որոշակի տնային առաջադրանք՝ կապված ֆիզիկական, տեխնիկական, կոորդինացիոն վարժությունների հետ, բայց շատ կարևոր է, որպեսզի նրանք մի փոքր հանգստանան մտավոր առումով: Հենց այդ պատճառով մենք նրանք չենք տալիս կոնկրետ ծրագիր, մենք նրանց տալիս ենք ինֆորմացիա, որպեսզի, երբ նրանք վերադառնան 9 շաբաթ անց, հանգստացած լինեն մտավոր առումով և պատրաստ լինեն վերսկելու մարզումները: Եվ վերջում ամենակարևորը. ծրագիրը պետք է լինի շարունակական, այսինքն ներկայիս Մ-15 տարեկան հավաքականի ֆուտբոլիստները հաջորդ տարի պետք է ձևավորեն Մ-16 հավաքականի կորիզը և այդպես շարունակ: Սա ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է, առանց որի այն իմաստ չի ունենա: