ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն երեկ ջանացել էր հանդիսավոր կերպով ԱԺ նորընտիր պատգամավորներին շնորհել մանդատները: Սակայն, դատելով տիրող տրամադրություններից, դա նրանց այնքան էլ չհաջողվեց: Անգամ շնորհավորելու համար նախատեսված սառը շամպայնից գրեթե ոչ ոք չօգտվեց: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ սկսեց խոսել Հայաստանում անցկացված ամենաազատ ու արդար ընտրությունների մասին՝ այնպիսի տպավորություն թողնելով, որ մենք ապրում ենք աշխարհի ամենաժողովրդավարական երկրում, ուր չգիտեն անգամ, թե ինչ է նշանակում «ընտրակեղծիք» հասկացությունն ընդհանրապես: Այնուհետեւ նա սկսեց բաժանել մանդատները. հանձնեցին նախ՝ մեծամասնականով, հետո՝ համամասնականով պատգամավոր դարձածներին:
Միայն ՀՀԿ-ականներն էին ուրախ-զվարթ դեմքերով, կոստյում-փողկապով եկել. ողջագուրվում, համբուրում էին իրար, շնորհավորում: Բայց քանի որ ԿԸՀ դահլիճում անտանելի շոգ էր, ՀՀԿ-ականների մի մասը շատ արագ դուրս եկավ ու աստիճանների մոտ կանգնած՝ դժգոհում էին. «Մի կանդիցիաներ էլ չունեն, որ միացնեն, շոգ է»: Սառը շամպայնը գրավեց ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ուշադրությունը: Նա նույնիսկ ցանկանում էր իր ձեռքով «տրաքացնել» շիշը, բայց գործընկերները չթողեցին: ՀՀԿ-ի օլիգարխ պատգամավորները երեկ եւս աչքի ընկան իրենց գռեհիկ կատակներով: Գեներալ Մանվելն ու Սասի Արտակն էլ ընդհանրապես չպատասխանեցին լրագրողների հարցերին: Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, որ նախորդ խորհրդարանում ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկն էր, այդ մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ սկսեց նրանց մեղադրել սուտ խոսելու մեջ: Եւ այդպես շարունակ:
ԲՀԿ-ականները ԿԸՀ եկան առանձին-առանձին խմբերով՝ առանց Ծառուկյանի: Ուշագրավ էր ՄԱԿ նախագահ, ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանի քայլը. նա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի համար փոքր տուփով թանաք էր բերել: «Որպեսզի այլեւս չցնդի»,-մեկնաբանեց Արսենյանը: ՀՅԴ-ական պատգամավորներից «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանն իր մանդատը վերցրեց ՀՀԿ-ականների հետ, իսկ մյուս դաշնակցականները՝ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը, ԿԸՀ եկան միասին: Վահան Հովհաննիսյանը չեկավ ընդհանրապես: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները եւս երեկ չեկան իրենց մանդատների հետեւից. նրանք մանդատները կվերցնեն այսօր: Ընդ որում, Կոնգրեսը կբոյկոտի նաեւ ԱԺ առաջին նիստը:
«Ժառանգություն» կուսակցության անդամներն էլ չեկան ԿԸՀ՝ իրենց մանդատները ստանալու: Սակայն ուշագրավն այն է, որ «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը միայն ժամը 18-ի սահմաններում եկան ԿԸՀ, շրջեցին դիմացի պուրակում, Քոքոբելյանն անընդհատ հեռախոսով էր խոսում: panorama.am-ի լրագրողի հարցին էլ պատասխանել էին, թե այդտեղ ուղղակի մարդու են սպասում: Կարճ ժամանակ անց նրանք հեռացել են՝ առանց ԿԸՀ մտնելու, կես ժամ անց նորից վերադարձել՝ այս անգամ ԿԸՀ-ից ստանալով իրենց մանդատները: Ընդ որում, ԿԸՀ-ից դուրս գալիս Քոքոբելյանի ձեռքից անհետացել էր պոլիէթիլային փոքր տոպրակը, փոխարենը՝ մանդատն էր ու թղթապանակը: Ի  դեպ, ՕԵԿ-ը, որ բոլոր հարցերում ընդօրինակում է ՀՀԿ-ին, այս անգամ «ինքնագլխություն» էր արել ու չէր եկել ԿԸՀ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս