ՑՈՒՑԱՆԻՇ, ՈՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՃԳՆԱԺԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրաշալի «լավ նվեր մատուցեց» խորհրդարանական չորս ուժերին` հարստացնելով ապրիլի 28-ին կառավարության հրաժարականը պահանջելու հիմքերի թղթապանակը: ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ. Հայաստանում օտարերկրյա ներդրումների տվյալները, որոնք ինչպես սպասվում էր, կրկին նվազել են:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ուղղակի ներդրումների ներհոսքը 2013թ. կազմել է 469.2 մլն դոլար, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Ավելին, 2013թ. անկումը ամենամեծն է Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում գրանցված նախորդ ցուցանիշների համեմատ. 2012թ. օտարերկրյա ներդրումների ծավալների անկումը եղել է 27.5 տոկոս, 2010թ.` 23.5 տոկոս: Օտարերկրյա ներդրումների ոլորտում նախորդ տարի գրանցված անկումն իր ծավալներով գերազանցել է անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո եղած իրավիճակին. 2009թ. ներդրումների ծավալները նվազել էին 25.8 տոկոսով:
Եվս մեկ կարեւոր փաստ. 2013թ. հենց տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 271.2 մլն դոլար` 2012թ. 567.4 մլն-ի փոխարեն: Ասել է թե՝ տնտեսության ոլորտում ներդրումները նվազել են 52.2 տոկոսով:
ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, որ այսօր գրեթե չկա մի երկիր, որը նվազեցրած չլինի ներդրումները: Անգամ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը, որ Մաքսային միության «հեռանկարային խաբկանքով» Հայաստանի հետ տնտեսական հեռանկարներ է կառուցում, 33.6 տոկոսով նվազեցրել է իր ներդրումները: Ֆրանսիան ներդրումները նվազեցրել է 57 տոկոսով, Գերմանիան` 54 տոկոսով, ԱՄՆ-ը` 34.6 տոկոսով: Միակ երկիրը, որն ավելացրել է ներդրումները, եղել է Բելգիան` 22 տոկոս: Միայն թե, անհասկանալի է` կոնկրետ ո՞ր ոլորտում է Բելգիան ներդրումներ արել: ԱՎԾ ներկայացրած տվյալների մեջ բելգիական ներդրումները ներկայացված են «արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում» անվան տակ: Միայն թե, պարզ չէ` բելգիական ընկերություններն ի՞նչ են արտադրել:
Օտարերկրյա ներդրումների, ինչպես նաեւ` արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները լավագույնս բնութագրում են Հայաստանի տնտեսության վիճակը: Իսկ 35.3 տոկոս անկումը նշանակում է` Հայաստանը դադարել է օտարերկրացիների համար գրավիչ լինելուց: Տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ օտարերկրյա պետությունները հրաժարվում են ներդրումներ անել այն երկրներում, որտեղ, պարզապես, չկան բարենպաստ պայմաններ, փոխարենը` խիստ է հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը: Հրաժարվում են ներդրումներ անել այն երկրներում, որոնք համարվում են անհուսալի, անհեռանկարային: Իսկ Հայաստանը գնալով դառնում է հենց այդպիսին. պատահական չէ, որ ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ, միայն մեկ տարվա ընթացքում հարկային վարչարարությանը վերաբերվող օրենսդրությունը փոփոխվել է 400 անգամ: Չնայած՝ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական «Օբոզրեւատել» թերթին տված հարցազրույցում պնդում էր. «Մեր խնդիրը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների, բիզնես միջավայրի բարելավման շարունակումն է: Ներդրումային միաջավայրի կատարելագործման առումով մենք որոշակի հաջողությունների ենք հասել, ինչի մասին վկայում է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշը, որի համաձայն` մենք զբաղեցնում ենք 1-ին տեղը ԱՊՀ-ում եւ 37-րդը` աշխարհում: Սա լավ ցուցանիշ է»: Կառավարության վերջին նիստում էլ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր ներդրումներին` ասելով, որ իրենք առանձնակի կարեւորում են օտարերկրացի ներդրողների համար անհրաժեշտ պայմանների ու նախադրյալների ստեղծումը:
Բայց 35.3 տոկոս անկումը խոսում է հակառակի մասին. հազիվ թե ներդրումային միջավայրի կատարելագործման արդյունքում նման մեծ անկում լինի: Փոխարենը, այս ցուցանիշն իր հերթին գալիս է հիմնավորելու, թե ինչու պետք է Տիգրան Սարգսյանի կառավարությունն անհապաղ պաշտոնանկ արվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

 

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՔԱՅԼԵՐ

Վերջապես ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սկսել է դիտարկումներ անցկացնել սննդային հավկիթի շուկայում: Նշենք, որ ավելի քան երկու ամիս է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը բարձրաձայնում է շուկայում վաճառվող ժամկետանց հավկիթների մասին, սակայն միայն հիմա է ՍԱՊԾ-ը որոշել Երեւանում, Շիրակում եւ Լոռիում դիտարկումներ անցկացնել:
Տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նույնպես շարունակում է իր դիտարկումները հավկիթի շուկայում, քանի որ մի շարք գործարարներ, որոնք զբաղվում են ձվի արտադրությամբ, նամակով դիմել են ՏՄՊՊՀ` խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան: Բանն այն է, որ ներկրված հավկիթի պատճառով խախտվում են եւ արտադրողի, եւ սպառողի իրավունքները: «Ժողովուրդ»-ը ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են դիտարկումները: «Մի քանի խանութներում կատարել ենք հսկիչ գնում եւ հայտնաբերել ենք Ուկրաինայից ներկրված 60-օրյա ժամկետով մակնշված ձու: Հիմա փորձում ենք պարզել, որ ընկերություններն են ներկրողները եւ իրացնողները»,- տեղեկացրեց խոսնակը:

 

ՎԵՐՋԻՑ` ԱՌԱՋԻՆԸ

ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2014թ. հունվարին, համեմատած 2013թ. դեկտեմբերի հետ, ՀՀ-ում արձանագրվել է 2.8% գնաճ: Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում սպառողական գների աճը Բելառուսում կազմել է 1.6, Մոլդովայում` 0,8, Ղազախստանում` 0.6%, Ռուսաստանում` 0.6%, Ղրղզստանում` 0.5%, Տաջիկստանում` 0,4% եւ Ուկրաինայում` 0,2% (հաշվետու ժամանակահատվածում դեռ ԱՊՀ անդամ էր): Իսկ ահա Ադրբեջանում սպառողական գները ոչ միայն չեն թանկացել, այլեւ նվազել են 0,2%-ով: Այսպիսով` Հայաստանն «առաջատար» է ԱՊՀ երկրների շարքում:

 

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի ակտիվությանը` երեկ ասել է. «Պատերազմական իրավիճակը կա եւ շարունակվում է»։ Հիշեցնենք, որ անցած օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ` Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերն ու Ղարաբաղի որոշ շրջաններ: Անցած օրերին հակառակորդի կրակոցների հետեւանքով 3 հայ զինծառայող է զոհվել:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈԽՎԵԼ Է

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով` իշխանության ներկայացուցչի` ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը: Շանթին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այն է` խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, հետաձգվել է «Օրինաց երկիր» կուսակցությունն ընդդեմ «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի նախնական դատական նիստը` հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանի` նիստին չներկայանալու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 30-ին: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը երկու տարբեր հայցերով օրաթերթից պահանջում է 7 մլն դրամ:

 

ԱՌԱՆՑ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ

armlur.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային ոստիկանապետի տեղակալ Տիգրան Գալստյանը աշխատանքից ազատվել է: Ըստ աղբյուրի` երկու օր առաջ Շիրակի մարզային ոստիկանապետ Վարդան Նադարյանը իր մոտ է հրավիրել գնդապետ Գալստյանին եւ հայտնել, որ նա ազատված է աշխատանքից: Թե ինչու, չի մանրամասնել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am-ին փոխանցել են, որ Գալստյանը գտնվում է կադրերի ռեզերվում: Գալստյանը Շիրակի մարզ էր գնացել Գեղարքունիքից: Մինչ այդ նա Վարդենիս քաղաքի ոստիկանապետն էր:

 

ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

ՀՀ ԿԳՆ-ն տեղեկացնում է` ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով: Իսկ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:

 

 

ՊԵՏՔ Է ՀԱՆԵԼ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ Աժ-ում հայտարարել է, որ «ֆեյքերի մասին» օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից: Նա նշել է, որ այս ոլորտում կարավորման խնդիր չկա եւ, առհասարակ, դա այժմ Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ. «Սա պանդորայի արկղի հետ խաղալու առաջին քայլ է ու վտանգավոր զարգացումների կարող է բերել»,- երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ զգուշացրել է Արզումանյանը:

 

 

ՄԱՐՏԻ 1-Ի ՆՈՐ ՑՈՒՑԱԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մեկնաբանելով ԵՄ-ի նոր զեկույցով Հայաստանին ուղղված առաջարկը` Մարտի 1-ի դեպքերի լիարժեք հետաքննության շուրջ, Aravot.am-ին ասել է, որ իրենք շուտով Մարտի 1-ի մասնակիցների նոր ցուցակ են հրապարակելու. «Այդ ցուցակի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ առաջիկա օրերին այդ ցուցակի համալրված տարբերակը կտարածենք»: Նա նաեւ հավելել է. «Բացահայտումներ շատ կան, տեղեկություններ կան, որոնց հիման վրա լրացվել է Մարտի 1-ի ցուցակը, այն անձանց, որոնք այս պահին ներգրավված չեն»:




Լրահոս