Արարատյան դաշտավայրում այս օրերին տեղացած առատ ձյան եւ ցրտահարության պատճառով ջերմոցային տնտեսությամբ, պտղատու եւ խաղողի այգիների մշակությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: Տեղացած առատ ձյան պատճառով շատերի պոլիէթիլենային ջերմատները կանգնած են քանդման վտանգի առջեւ, քանի որ ջերմատան երկաթները չդիմանալով ձյան ծանրությանը կարող են փլվել:
Նշենք, որ առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, «Հայհիդրոմետ»-ի տվյալներով՝ ցածր ջերմաստիճանը կպահպանվի: Առաջիկա գիշերը` մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտավայրում` օդում -5C – -6C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու եւ մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռեւս պահպանվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կորուստների իրական ծավալների մասին առայժմ որեւէ տեղեկատվություն չի տրամադրում: Առաջիկայում պատկերը կհստակեցվի եւ հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին: ՀՀ ԳՆ-ն հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ եւ հետեւողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում եւ պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի բնակիչները, ովքեր ունեն պոլիէթիլենային ծածկով մեծ ջերմատներ, այս օրերին ողջ գիշեր աթարով են տաքացնում կամ ծխեցնում իրենց ջերմատները՝ փրկելով սմբուկի, լոլիկի, վարունգի սածիլները: Ոմանք էլ՝ սածիլները ցրտահարությունից փրկելու համար ջերմատներում մոմեր են վառում կամ թղթերով ծածկում դրանք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մեկը հուսահատված ասաց. «Գումարներ ենք ծախսել ցելոֆան եւ սերմացու ձեռք բերելու համար: Բացի այդ, սերմացուն սածիլ սարքելու համար էլեկտրաէներգիա ենք օգտագործել: Ի՞նչ անենք, պետք է մի կերպ պահենք, չթողնենք, որ ցուրտը տանի, թե չէ ոնց ենք կուտակած պարտքերը փակելու»:
Սակայն մտահոգ գյուղացիներն է՛լ ավելի անելանելի վիճակի մեջ ընկան, երբ նախօրեին Էջմիածնի տարածաշրջանի մի շարք համայնքներում տեւական ժամանակով էլեկտրաէներգիայի անջատումներ եղան:
«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պոլիէթիլենային ջերմատների տերերը նախ փորձում են հալեցնել ջերմատան վրա հավաքված ձյունը, որպեսզի այն չքանդվի: «Մարդ կա նույնիսկ գերաններ է տեղադրել, որ չփլվի ջերմատունը: Ինչ անեն մարդիկ, մի կերպ, ատամներով պահում են, որ գոնե մի փոքր եկամուտ ունենան»,-նկատեց ՀԿ նախագահը` մտահոգվելով այն տնտեսվարողների համար, որոնք գազամատակարարման դադարեցման պատճառով այսօր կանգնած են ավելի մեծ վտանգի առաջ:
Իսկ Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը դեռեւս մի քանի օր առաջ է համայնքի բնակիչներին տեղեկացրել գալիք ցրտահարության մասին: Մրգաստանցիներն էլ պատրաստվել են` հավաքելով «աթար եւ սալոմ»` պտղատու այգիները ծխեցնելու համար: Թեեւ` դժվար թե դա փրկի ձյան տակ կռացած ծաղկած ծիրանենիների բերքը:
Թե բնությունն այս տարի ինչ չափի վնաս կպատճառի Արմավիրի մարզին, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի վերջին նման ցրտահարություն եղավ, ինչի պատճառով Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչները մեծ վնասներ կրեցին: Իսկ ԳՆ-ն բավարարվեց միայն ցրտահարության հաջորդ օրը հաղորդագրություններ ուղարկելով: Այս տարի նշված նախարարությունն ավելի զգոն էր. հաղորդագրություններն ուղարկել էր նախօրոք: Ցավոք` միայն այդքանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՅՍ ՏԱՐԻ ԾԻՐԱՆ ՉԻ ԼԻՆԻ
Այս օրերին հանրապետության մի շարք շրջաններում տեղի ունեցած ցրտահարությունը, նաեւ՝ տեղ-տեղ առատ տեղումները՝ ե՛ւ անձրեւի, ե՛ւ ձյան, ե՛ւ կարկուտի տեսքով, մեծ վնասներ հասցրեցին Արմավիրի մարզի շատ համայնքներին: ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքում այս օրերին տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով չի փրկվել եւ ոչ մի ծիրանենի: Բագարանցին եւ հարեւան երվանդաշատցին այս տարի կարող է ծիրան չունենան:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան, բագարանցիներն ինչպե՞ս են պայքարում ցրտահարության դեմ:
-Դե, ողջ գիշեր չքնեցին: Չնայած որ առատ ձյուն էր գալիս, մարդիկ շարունակում էին իրենց այգիները ծխեցնելու գործընթացը:
-Չկարողացա՞ն փրկել ծիրանենին:
-Մինչեւ -7 աստիճան ցուրտ եղավ, ո՞նց փրկեին: Չէինք կարող: Ջերմատների տերերը գուցե կարողացան փրկել, բայց մենք ծառերը՝ ոչ: 100 տոկոսով ցրտահարվել են ծառերը: Ի՞նչ անենք: Այս տարի ավելի վատ վարվեց բնությունը մեզ հետ, քան նախորդ տարի:
-Իսկ մարզպետարանում տեղյա՞կ են:
-Իհարկե, զանգել տեղեկացրել եմ:
-Եվ ի՞նչ են ասել կամ խոստացել:
-Ինչ պետք է ասեն: Ոչ մի բան: Ասացին՝ տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Գուցե կարողանան մեր գյուղացիներին ազատել ջրի վարձից: Չէ՞ որ ողջ տարի այն պետք է օգտագործեն, ջրեն ծառերը, բայց բերք չեն ունենալու: Գոնե այս տարի դրանից ազատեն մեր գյուղացիներին:
-Ինչպես գյուղնախարար Սերգո Կարապետյանը խորհուրդ էր տվել, այդպես էլ վարվե՞լ են մարդիկ:
-Այդպես էլ վարվել են, բայց ոչ մի բան չեղավ: Ի՞նչ անեն մարդիկ, բնության դեմ ո՞վ կարող է պայքարել:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ:
-Պարոն Այվազյան, պտղատու այգիներին եւ խաղողի վազերին ցրտահարությունն ի՞նչ չափի վնաս է հասցրել:
-Ծիրանենիները եւ սալորենիները, որոնք ծաղկած էին, 80-100 տոկոսով ցրտահարությունից վնասվել են: Մի երեք-չորս օրից վերջնական ճշգրիտ տվյալները մենք կարող ենք ներկայացնել:
-Բայց մարդիկ ծխեցրել են: Դա՞ էլ բավարար չի եղել:
-Իհարկե, մարդիկ ցրտահարության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկեցին, ու այս գիշեր էլ են ձեռնարկելու: Բայց դե ինչ արդյունք կտա, դեռ անհայտ է:
-Գյուղացիների կրած վնասը կփոխհատուցվի՞:
-Հասցրած վնասի ծավալները կհաշվարկենք, տեսնենք, թե ինչ գումարի մասին է խոսքը եւ կներկայացնենք ՀՀ կառավարություն: Տեսնենք:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԻԱՅՆ ՀԵՆՐԻԽԻ ՄԵՂՔԸ ՉԷ
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարը մտնում է վճռական փուլ. այսօր կկայանան քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Ատլետիկո» եւ «Մանչեսթր Յունայթեդ»-«Բավարիա», իսկ վաղը՝ «Ռեալ»-«Բորուսիա» եւ ՊՍԺ-«Չելսի» առաջին հանդիպումները։
Չնայած վերոնշյալ բոլոր ակումբներն էլ մեր երկրում ունեն իրենց երկրպագուները, սակայն հայ ֆուտբոլասերներին, բնական է, ավելի շատ հետաքրքրում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ճակատագիրը, քանի որ այնտեղ հանդես է գալիս մեր ազգային հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը։ «Ռեալ»-«Բորուսիա» դիմակայության մասին մեր խնդրանքով կարծիք հայտնեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
-Անցյալ տարվա համեմատ «Բորուսիա»-ն այն ելույթները չի ունենում. շատ անկայուն է, առանձին հանդիպումներում, այն էլ՝ ոչ ուժեղ մրցակիցների հետ, սայթաքում է։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի, այսպես ասած, ուղղակի վնասվածքների համաճարակ է հատկապես պաշտպանությունում։ Եվ թիմը երկար ժամանակ իր մարտական կազմով չի կարողացել հանդես գալ։ Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալ»-ի հետ դիմակայությանը, ապա, իհարկե, բոլորն էլ նշում են, որ գլխավոր ֆավորիտը «Ռեալ»-ն է, բնական է, հաշվի առնելով նաեւ վերոնշյալ հանգամանքը։ Բայց սա Չեմպիոնների լիգա է, մեկ-երկու խաղում կարելի է համախմբվել եւ լավ խաղ ցուցադրել։ Եթե «Բորուսիա»-ի խաղը ստացվեց, ընդհանրապես վտանգավոր թիմ է իր կտրուկ հակագրոհներով, թիմային անչափ բարձր արագությամբ։ Իհարկե, «Ռեալ»-ի հնարավորությունները բարձր են գնահատում, բայց դեպքերը հաջող դասավորվելու պարագայում «Բորուսիա»-ն էլ հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի։
-Արդեն քանի հանդիպում է` Հենրիխ Մխիթարյանի խաղը, մեղմ ասած, չի ստացվում։ Ըստ Ձեզ, ո՞րն է դրա պատճառը։
-Առանձին հանդիպումներում Հենրիխը փայլուն խաղ է ցուցադրում, բայց լինում են հանդիպումներ, երբ մի տեսակ ստվերում է հայտնվում։ Կարծում եմ՝ դա միայն իր մեղքը չէ. երբ թիմը հաջող չի խաղում, իր խաղն էլ չի ստացվում։ Իսկ երբ «Բորուսիա»-ն ագրեսիվ է խաղում, ձգտում է անընդհատ գրոհներ կազմակերպել, այդտեղ արդեն երեւում է Հենրիխի ստեղծագործական լավ կողմը. կարողանում է թափ հաղորդել թիմի գրոհներին։ Եվ պատահական չէ, որ «Կիկկեր» պարբերականի կողմից վեց անգամ ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի տվյալ տուրի խորհրդանշական հավաքականում, որը լավագույն ցուցանիշներից մեկն է։ Ու նաեւ նշեմ, որ նա մինչեւ հիմա ութ գոլային փոխանցում է կատարել եւ այդ ցուցանիշով նույնպես լավագույնների թվում է։ Իսկ նման բարձրակարգ ակումբներում շատ բարձր են գնահատում այն ֆուտբոլիստին, որը կարողանում է նպաստել թիմային գործողություններին։ Ամեն դեպքում Հենրիխը դեռ պետք է առաջադիմի, ինչի հնարավորությունն, անշուշտ, ունի։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ