ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ
Մայիսի 30-ին ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունն տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Մայիսի 31-ին Ազգային Ժողովի նիստի է հավաքվելու մի խորհրդարան, որի մեծամասնությունն ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատներն ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: ՀԱԿ պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարած հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին: Միեւնույն ժամանակ վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք ԱԺ աշխատանքներին եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք` ԱԺ ամբիոնը ժողովրդավարական շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»:
ՄԻՇԱՆ ՈՒ ՏԻԿՈՆ
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվող ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Մեդվեդեւը հետաքրքիր ձեւակերպմամբ մի միտք է հայտնել. «Մեր հանդիպումներն ավանդական են»: Այսինքն՝ ոչինչ չտվող ու կանխատեսելի:
ՔԼԻՆԹՈՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 6-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաեւը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ԵՆ
«Մենք պետք է որակով չեզոքացնենք քանակությունը եւ բնականաբար, ավելի ակտիվ ենք աշխատելու»,-կենտրոնական ընտրական հանձնաժողովում մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողներին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Խոսելով այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին՝ նա նշել է. «ԱԺ նիստում կհստակեցվի դաշտը, թե ով է ընդդիմադիր: Դրանից հետո կորոշենք՝ համագործակցությունն այդ դաշտում գործող ուժերի հետ տրամաբանակա՞ն է»:
ՄՇՏԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Henaran.am-ի տեղեկություններով՝ հանրապետության բոլոր մարզպետերը, ներքաղաքական անորոշությունից ելնելով, որոշել էին արձակուրդ գնալ: Սակայն նրանց արգելվել է իրենց հաշվին արձակուրդ գնալ, քանի որ բոլոր մարզպետերը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված լինելու պատճառով դե յուրե արձակուրդի մեջ էին: Այս պահին պաշտոնապես արձակուրդ է տրվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Իր հաշվին արձակուրդ էր վերցրել նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որն արդեն աշխատանքի մեջ է: Նկատենք, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու պարագայում թափուր են մնում Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզպետերի աթոռները: