«Ո՞ՆՑ ՉԼՍԵՑԻ, ԵՍ ՆՐԱ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Եվ պատահական չէ, որ այսօրվա մեր զրուցակիցը սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանն է։

-Մինչեւ 2006 թվականն էլ մեզ մոտ տոնել են Ապրիլի 1-ը։ Դուք, օրինակ, ինչպե՞ս եք նշել։
-Պետականորեն տոն չէր ճանաչված, բայց կային մարդիկ, ովքեր այդ օրը տարբեր միջոցառումներ էին կազմակերպում։ Ես, օրինակ, հավաքում էի դերասաններին, երգիչներին, երգչուհիներին, էկրանին ցուցադրվում էին իմ՝ հումորով երգերը, կատակները, մանրապատումները։ Եվ այն դերասանը, ում հետ նկարահանվել էի, հանկարծակի ներս էր մտնում, շնորհավորում բոլորին տոնի առթիվ, ապա մի զավեշտալի իրական դեպք կամ անեկդոտ պատմում։ Իսկ Սամվել Բաղդասարյանը սկսեց անել դա ամեն տարի ու հասավ նրան, որ այդ օրը պետականորեն ճանաչվեց որպես ծիծաղի եւ հումորի օր։
-Ոմանք ապրիլի 1-ը պարզապես համարում են խաբելու օր։ Եղե՞լ է նման դեպք, երբ Ձեզ են խաբել կամ Դուք եք խաբել։
-Ինձ փորձել են խաբել, բայց ես իսկույն գլխի եմ ընկել։ Իսկ ինքս նման բան չեմ արել։ Ընդ որում, խաբելն էլ («Վայ, թաշկինակդ ընկել է, կոստյումդ կավճոտ է եւ այլն») նրա համար էր, որ հետո սկսեին ծիծաղել։
-Այսօր բազմաթիվ հումորային նախագծեր կան։ Ըստ Ձեզ՝ վերջին քսան տարվա ընթացքում մեզ մոտ հումորը, դրա մատուցման ձեւերը փոխվե՞լ են։
-Հումորիստը միշտ աշխատում է ծաղրել ժամանակի թերությունները, իսկ ժամանակը, բարքերը փոխվում են, ուստի հումորի թեման, այն ընկալելու, հասկանալու ձեւերն էլ են փոխվում։ Կան, ասենք, թեթեւ եւ կան նաեւ խորը, լուրջ հումորիստներ, բայց նրանք ո՛չ տուն են քանդում, ո՛չ էլ ընտանիք են քայքայում, ընդամենն ուզում են իրենց չափով ուրախացնել մեր ժողովրդին։ Ոմանք տեսնում են, որ դա իրենց խելքի բանը չէ, քիչ-քիչ հեռանում են, ու արդեն հումորը, ասելու ձեւը, ոճը մաքրվում են։ Իսկ հիմա ամեն մեկն իր շուկան, իր հանդիսատեսն ունի, մարդիկ աշխատում, տուն են պահում։
-Դուք գրեթե ամեն տարի մասնակցում էիք նաեւ ամանորյա հաղորդումներին, սակայն այս տարի չկայիք։ Ո՞րն էր պատճառը։
-Բոլոր հեռուստաալիքներից ինձ հրավիրեցին, ու նույնիսկ սցենար էին գրել, «Վիտամին»-ի տղաների հետ էլ համար ունեի… Բայց դեկտեմբերի 10-ից մեկնեցի քաղաքից. հունվարին իմ երկու ելույթներն էին ԱՄՆ-ում։
-Աշոտ Ղազարյանի ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց-ստուդիա հաճախող երեխաները լա՞վ են ընկալում հումորը։
-Շատերն են գալիս, եւ մենք ընտրում ենք լավերին։ Գրվում է «ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց-ստուդիա», բայց սա ուղղակի դերասանական դպրոց-ստուդիա է։ Իսկ «ծիծաղի եւ հումորի» գրված է, որովհետեւ լավ կրկնօրինակումներ անող կամ ավելի հումորով երեխաների հետ հատուկ ես եմ զբաղվում։ Մեզ մոտ սովորում են դերասանի վարպետություն, բեմական խոսք, արվեստի պատմություն, խոսքի կուլտուրա, երգ, պար, դասատուներն էլ պրոֆեսիոնալներ են։ Շուտով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հաղորդաշար է սկսվելու, որտեղ մանկական հումորներ պիտի լինեն, իմ երեխաները պիտի մասնակցեն։
-ԱԺ պատգամավորներից մեկը մի անզգույշ արտահայտություն էր արել եզդիների հասցեին, որից վերջիններս արդարացիորեն վիրավորվել եւ պատասխանել էին։ Դուք եզդիների մասին շատ անեկդոտներ եք պատմում, երբեւէ խնդիրներ ծագե՞լ են:
-Պատասխանել են, որովհետեւ իրենց վիրավորել են։ Իսկ իմ՝ եզդիների վերաբերյալ հումորների մեջ վիրավորական, արժանապատվությանը, ինքնասիրությանը կպչող բաներ չեն եղել։ Եզդիներն ինձ սիրում, ընդունում են, ես էլ իրենց եմ շատ սիրում. շատ լավ մարդիկ կան մեջները, ու շատ լավ ընկերներ ունեմ։
-Կպատմե՞ք Ձեր ամենասիրած անեկդոտը։
-Մեկն ընկերոջ հետ գալիս է տուն, զոքանչին փաթաթվում է, համբուրում, սիրում. «Վայ, քու ցավը տանեմ, քու կյանքին մեռնեմ, մեռնեմ քու ջանին»։ Երբ հետո դուրս են գալիս, ընկերը ապշահար հարցնում է. «Զոքանչիդ էդքան սիրո՞ւմ ես, որ էդպես փաթաթվել, ցավն էիր տանում»։ Փեսան պատասխանում է. «Չէ, այ ցավդ տանեմ։ Ուղղակի նա միակ մարդն էր, որ դեմ էր մեր ամուսնությանը։ Ախր ո՞նց չլսեցի, ես նրա ցավը տանեմ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՀԶՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ԻՆՔՆԱՏԻՊ

 

Այսօր ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. սիրված դերասանն այսօր կդառնար 84 տարեկան։ Մասնագետներից շատերը նշում են, որ նրա դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խորը վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաեւ արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ եւ արդիականության խոր զգացողությամբ։

ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը համոզված է, որ յուրաքանչյուր մարդ, տվյալ դեպքում՝ դերասան, իր ուրույն տեղն ունի, եւ նրա գնալուց հետո այդ տեղը թափուր է մնում. «Այնպիսի դերասաններ, արվեստագետներ, ինչպիսին Խորեն Աբրահամյանն էր, Սոս Սարգսյանը կամ, ասենք, Գոհար Գասպարյանը, ամեն օր չեն ծնվում, եւ դա շատ բնական է։ Եվ տասնամյակներ պիտի սպասենք, որ այդպիսի մեծություններ ծնվեն։ Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ թատերական կյանքն աղքատ չէ, նոր երիտասարդություն է գալիս, բայց, իհարկե, երբեք չեմ մտածի, որ ինչ-որ մեկը պիտի գա ու գրավի Խորեն Աբրահամյանի՝ Մեծ դերասանի տեղը»։
Մեր զրուցակցի ու դերասանի հարաբերությունները եղել են բավականին ջերմ, հարգալից, եւ Խ. Աբրահամյանի համար ամենածանր օրերին դրամատիկական թատրոնը տրամադրել է իր բոլոր միջոցները, որպեսզի նա առաջինն իրենց բեմում խաղա իր սրտի ուզած դերը՝ «Ջին խաղը»։ Ա. Խանդիկյանը դիտել է Մեծ դերասանի մասնակցությամբ գրեթե բոլոր ներկայացումները, կինոնկարները։ «Չեմ ցանկանում առանձնացնել նրա դերակատարումներից որեւէ մեկը (բոլորն էլ ինքնատիպ են, յուրօրինակ), բայց չեմ կարող չնշել Կորիոլանի փայլուն դերակատարումը։ Իսկ Պերճ Զեյթունցյանի պիեսներում նա ոչ միայն փայլուն դերկատար էր, այլ նաեւ բեմադրիչ։ Կամ ինչպե՞ս կարող ենք չհիշել «Համլետ» կինոնկարում նրա՝ Համլետի կրկնօրինակումը»։ Ըստ մեր զրուցակցի՝ Խ. Աբրահամյանը հզոր անհատականություն էր, ինքնատիպ, անընդհատ պրպտումների մեջ, նա թատրոնի մարդ էր` շատ կարդացած եւ զարգացած. «Ընդհանրապես այդ սերունդը կարծես Վերածննդի սերունդ լիներ»։ Ա. Խանդիկյանը չցանկացավ համեմատել Մեծ դերասանի եւ նրա թոռան Խորեն Լեւոնյանի խաղը։ «Խորեն Լեւոնյանը նույնպես արտակարգ դերասան է, ինքնատիպ է։ Բնական է՝ արյունակցական կապն էլ բոլորիս մոտ հզոր ուժ ունի, բայց արվեստում համեմատությունն ինձ համար ընդհանրապես ընդունելի չէ»։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթանի «Կավե մարդ»-ը ֆիլմը լավագույնն է համարվել Ավստրիայի 75 տարվա պատմություն ունեցող «UNICA» եւ Էստոնիայի միջազգային կինոփառատոներում: Դեբյուտային 20 րոպեանոց ֆիլմը նաեւ այս ամիս Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Գրան պրի»-ի՝ ճանաչվելով լավագույնը արեւելաեվրոպական ֆիլմերի անվանակարգում: Ֆիլմը կյանքից հուսահատված եւ բարեկամների կողմից լքված ծերունու մասին է, որը միայնակ ապրում է գյուղի ծայրամասում գտնվող իր տնակում: Կավագործ է, բայց նրա պատրաստած կժերն այլեւս ոչ ոքի պետք չեն: Եվ երբ ապրելու իմաստը կորցրած նա որոշում է վերջ տալ կյանքին, հանկարծ հանդիպում է քաղաքից եկած մի տղայի: Երեխան հետաքրքրվում է պապիկի կժերով եւ խնդրում նրան կավագործություն սովորեցնել իրեն, ինչով ակամա կյանքի է վերադարձնում ծերունուն: Նշենք, որ սցենարի հեղինակը Արմեն Վաթյանն է, դերերում՝ Կարեն Ջանգիրով, Նազենի Հովհաննիսյան, Վահագն Գրիգորյան, Գեորգի Հովակիմյան:

 

 

ԷԼԹՈՆ ՋՈՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

Ճանաչված երգիչ Էլթոն Ջոնը մտադիր է մայիսին ամուսնանալ ընկերոջ՝ 51-ամյա Դեւիդ Ֆերնիշի հետ: Հարսանիքն անցնելու է ընկերների նեղ շրջանակում: Այդ մասին հայտարարել է հենց ինքը՝ Էլթոն Ջոնը: Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնն ու Դեւիդ Ֆերնիշը հանդիպում են արդեն 20 տարի եւ արդեն երկու երեխա ունեն՝ Զախարան եւ Էլայջան (բնականաբար` որդեգրած):




Լրահոս