ՆՐԱՆՔ ՄԻԱՍԻՆ 3 ՕՐ ԿԼԻՆԵՆ ՆՈՒՅՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ չորս խմբակցություններն Ազատության հրապարակում ապրիլի 28-30-ը եռօրյա համատեղ հանրահավաք են անցկացնելու: Երեկ «հրաշալի քառյակ»-ի հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին մի կողմից՝ ԱԺ դահլիճում չորս ուժերի նախաձեռնությամբ արտահերթ կարգով կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը, մյուս կողմից՝ Ազատության հրապարակում կանցկացվի հանրահավաքը: Ու քանի որ այդ հարցի քվեարկությունն ԱԺ կանոնակարգի համաձայն, պիտի տեղի ունենա ամենաուշը ապրիլի 30-ին, հանրահավաքն անելու են 3 օր շարունակ: Մինչ այդ, խորհրդարանական չորս ուժերն իրազեկման միջոցառումներ են անցկացնելու մարզերում:
Փաստորեն, ոչ իշխանական խմբակցությունները գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը: Եվ մեր երկրում առկա պայթյունավտանգ իրավիճակում չի բացառվում, որ ամենօրյա հանրահավաքները կարող են ձնագնդիի էֆեկտ ունենալ: Մնում է, որ 4 ուժերի առաջնորդները, որոնք ծրագրվածի համաձայն պետք է մասնակցեն հանրահավաքներին, հերթական անգամ ժողովրդին չթողնեն հրապարակում միայնակ՝ որքան էլ որ ճնշումները մեծ լինեն:

 

Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երեւանի քաղաքապետարանում կկայանա ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Երեւանի ուղեւորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն ավարտել է իր վերլուծությունը եւ հենց այդ օրն էլ կներկայացվեն տվյալները: Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ հենց այդ օրն էլ որոշվելու է Երեւանի տրանսպորտի նոր սակագինը: Սակայն Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ուղեվարձի թանկացման հարց չկա. «Միջազգային կազմակերպությունը ներկայացնելու է իր վերլուծության արդյունքները, իսկ դրանից հետո մենք իրատեսական պատկեր կունենանք, թե ինչպիսին պետք է լինի սակագինը, որն է իրական սակագինը»: Այսինքն՝ դեռ ամեն ինչ առջեւում է:

 

ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում` ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» եւ այլն, կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել: ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը: ԿԲ-ում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին` 47.1 տոկոսը: Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ` այս ամենն արվում է պարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար: Խոստովանենք՝ երկու դեպքում էլ իրավիճակն այս գերատեսչությունների օգտին չի խոսում:
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, եւ աշխատավարձից բացի, ամսական 193.6 հազար դրամ՝ ավանդի դիմաց ստացված տոկոսներից: Մեկ տարվա ընթացքում Երիցյանի դրամական միջոցները միանգամից աճել են 8.6 մլն-ով: Տարեսկզբին նա ունեցել է ավելի քան 4.3 մլն դրամ, իսկ տարեվերջին այդ թիվը դարձել է 12 մլն 950 հազար: Փոխարենը նվազել են նրա դոլարային միջոցները՝ 403 հազարից դառնալով 350 հազար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆԱԿ

 

Ուկրաինական վերջին իրադարձություններից հետո կարծես թե մինչ այդ առկա աշխարհաքաղաքական ստատուս քվոն խարխլվում է: Դրա ազդանշանները տեսանելի են հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ ձգձգվող սիրիական ճգնաժամն անցած օրերին նոր զարգացումներ ունեցավ` ի դեմս թուրքական զինուժի` Քեսաբի եւ հարակից բնակավայրերի վրա հարձակման: Այլեւս ակնհայտ է դառնում, որ մեր բարդագույն տարածաշրջանում հետզհետե ավելի ու ավելի է սրվում երկբեւեռ աշխարհում ռազմաքաղաքական հստակ կողմնորոշման խնդիրը:
Երբ անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ ռուսական ռազմաբազայում կտրուկ ավելացվելու է ռուս սահմանապահների թիվը, փորձագետներից շատերը դա պայմանավորեցին բացառապես հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Մինչդեռ այսօր արդեն տեսանելի է դառնում, որ Հայաստանում ռուսական զինուժի ներկայության մեծացումը պայմանավորված է ավելի մեծ` աշխարհաքաղաքական զարգացումներով:
Նաեւ դրանով է պայմանավորված առաջիկայում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմական համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է միմյանց ուղղակի ռազմական օգնության տրամադրում` կողմերից մեկի դիմելու դեպքում: Նշենք, որ նախորդ` 2010թ. թուրք- ադրբեջանական ռազմական համաձայնագրում երկկողմ ռազմական օգնության մասին խոսք չկար: Եվ դա նաեւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման փոխգործակցությանը դեմ էր հանդես գալիս ՆԱՏՕ-ն: Սակայն ուկրաինական զարգացումներից հետո, փորձագետների գնահատմամբ, ՆԱՏՕ-ն ոչ միայն այլեւս չի ձգտում զսպել Թուրքիայի` տարածաշրջանում ռազմական ազդեցության ընդլայնման փորձերը, այլեւ աջակցում է դրանց: Ավելին` Թուրքիայում անգամ քննարկվում է այդ ռազմական համաձայնագիրը ոչ թե երկու, այլ երեք երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կնքելու տարբերակը: Ու թեեւ առայժմ Վրաստանին ներգրավելու ծրագիրն ընդամենը խոսակցությունների մակարդակում է, չի բացառվում, որ առաջիկայում այն իրականանա: Առավել եւս` եթե Ռուսաստանն իր կայսերապաշտական նկրտումներում առաջիկայում փորձի ավելի հեռուն գնալ եւ Վրաստանի հետ կապված նոր ագրեսիա նախաձեռնի:
Իսկ որ նման սցենարը չի կարելի բացառել, այսօր քչերն են պատրաստ վիճարկել: Ուստի դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանն անելու է ամեն ինչ` իրեն հնարավորինս ապահովագրելու համար:
Ամեն դեպքում, եթե անգամ նշված պայմանագիրը կնքվի առանց Վրաստանի, միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, դա արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար, որի միակ հույսը դարձյալ ու վերստին մնում է ՌԴ-ն: Այն Ռուսաստանը, որն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայկական գործոնը դարձնում է շահարկման առարկա` սեփական խաղերում: Վերջին օրինակը քեսաբահայության «սպանությունների» մասին ռուսների ծրագրված ապատեղեկատվությունն էր:

 




Լրահոս