Ռուսաստանում վթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն այս պահի դրությամբ արդեն կան: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը, ում փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտն արդեն կա, ուստի Հրաչյա Հարությունյանն ու նրա հարազատներն կարող են ՄԻՊ աջակցությամբ դիմումներ ներկայացնել ՌԴ և ՀՀ Արդարադատության նախարարություններին:
ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ Հրաչյա Հարությունյանն անձամբ պետք է իր կամարտահայտչությունը հայտնի՝ պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է այս գործով ՄԻՊ գործառույթներին, ապա մեր զրուցակիցը հայտնեց, որ դրանք կդրսևորվեն այն դեպքում, եթե փաստաթղթերի և ընդհանուր գործառույթների իրավական խախտումներ իրականացվեն կամ առաջանան ինչ-ինչ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար:
Իսկ երեկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վճիռը: Նիստին մասնակցել է նաև Հրաչյա Հարությունյանը, սակայն որևէ հայտարարություն չի արել: Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ վճիռը կբողոքարկի նաև վճռաբեկ դատարանում: