Սամվել Բաբայանի բիզնես վայրէջքներն ու խորհրդավոր անհետացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է՝  անհայտ է մնում ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը: Նրա անհետացման, անցյալի և իրականացրած գործարքների մասին տարբեր լուրեր են շրջանառվում:

Նախ նշենք, որ Ս. Բաբայանը մեծ ավանդ ունի Արցախյան ազատամարտի հաջողության գործում: Ներկայացնենք մի քանի կենսագրական տվյալներ.

1989-1991 թթ. եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառով, ԽՍՀՄ ՆԶ (Ներքին Զորքեր) հրամանով ձեռբակալվում և ավելի քան վեց ամիս պահվում Բաքվի բանտերից մեկում:

1992-1993 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը:

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), ԼՂՀ “Ոսկե Արծիվ” շքանշանակիր։

1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։

1992-1995 թթ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

1995-1999 թթ.եղել է կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։

Ներկայացնենք նրա քաղաքական գործունեությունն ու մութ անցյալը: 2000 թվականին նա մեղադրվել է  ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ։ Սամվել Բաբայանը, սակայն, իրեն մեղավոր չէր ճանաչել։  Ուղղիչ աշխատանքային գաղութի խիստ ռեժիմում 14-ական տարի ազատազրկում ստացան ամբաստանյալներ Սամվել Բաբայանը, Սասուն Աղաջանյանը և Լևոն Միրզոյանը: Սամվել Բաբայանն ու Սասուն Աղաջանյանը միաժամանակ զրկվեցին երբևէ ստացած զինվորական հատուկ կոչումներից ու պետական բարձրագույն պարգևներից: Դատավճռով բռնագրավվեց նաև Սամվել Բաբայանի անձնական ավտոմեքենան։ Սակայն չորս տարի անց Սամվել Բաբայանին ներում շնորհվեց:

Սամվել Բաբայանին էր պատկանում «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն: Ժամանակին այս ընկերությանն էր պատկանում Հայաստան շինափայտ ներկրելու մենաշնորհը: Այդ արտոնությունը Բաբայանին էր տրվել դեռևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաև մեծ քանակությամբ պարարտանյութ՝ սիլիտրա:

Տարիներ առաջ մեծ գործարք իրականացնելու  համար Բաբայանը մեծ քանակությամբ անշարժ գույք է գրավ դնում: Գրավադրված է եղել Բաբայանի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերջում գտնվող անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը և էլի մի քանի տներ: Ընդհանուր առմամբ, 16 անշարժ գույք՝ բնակարաններ, առանձնատներ, լողավազան և մեկ սրճարան:

«Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի  հիմնական պարտատերը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն էր: Ընկերությունը բանկին պարտք է  մոտ 1 մլն 800 հազար դոլար: Պարտատերերից մեկն «Ապավեն» ընկերությունն է, «Եվրոպա» ՍՊԸ-ն է՝ 90 մլն դրամ, «Տախմետ» ՍՊԸ- 250 մլն դրամ  և այլն:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել էր Բաբայանի բնակարան: Նրա որդին` Անդրանիկ Բաբայանը, ասել է, թե չգիտի` որտեղ է հայրը, և որ նրա հետ այս ընթացքում չեն էլ խոսել: «Ոչինչ չգիտեմ և ոչինչ ասել չեմ կարող»,-խուսափողական նշել էր նա:

Որոշ ժամանակ առաջ համացանցում լուրեր էին տարածվել, թե վերջերս Բաբայանը վերադարձել է Հայաստան, վճարել պարտքերը և կրկին հեռացել երկրից: Այս տեղեկությունն այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել, իսկ այլ ինֆորմացիա դեռևս չկա: Կարծիքներ կան, թե Սամվել Բաբայանը կարող է վերադառնալ, և առաջին հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ և հովանու ներքո: Վերջինս կարող է վճարել Սամվել Բաբայանի պարտքերը և նրա հետ սկսել իրենց քաղաքական ուղին:




Լրահոս