ՄԱՐԳԱՐԸ 6 ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՆՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին 6 տարով ազատազրկել:
Տեղեկացրել էինք, որ մեղադրող Հարություն Հարությունյանն առաջարկել էր  ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին ազատազրկել 8 տարով` գույքի կեսի բռնագրավմամբ: Դատախազը նաեւ առաջարկել էր Ստեփան Կարախանյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արա Լեւոնյանին` 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, իսկ Սամվել Մախմուրյանին` 5 տարի ազատազրկման` պատիժը պայմանական չկիրառելով եւ փորձաշրջան սահմանելով: Հիշեցնենք, թե ինչի համար էին մեղադրվում այս անձինք եւ Մարգար Օհանյանը:
ՃՈ նախկին պետը մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ յուրացնելը կամ վատնելը, հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝  2009թ. հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 մլն 480 հազ. 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի՝ Մարգար Օհանյանը յուրացրել է ՃՈ-ին հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով՝ դրանով պետությանը հասցնելով 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) վնաս: Երեկ դատարանում ՃՈ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը հայտարարեց, որ հրաժարվում են ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ներկայացված հայցից, քանի որ նրա հարազատները փոխհատուցել են պետությանը հասցված վնասը 19 միլիոն 721 հազար 60 դրամի չափով: Այնուհետեւ Մարգար Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ իր աշխատանքի ընթացքում եղել են էական ձեռքբերումներ, թեեւ եղել են նաեւ սխալներ ու բացթողումներ:
«Ես չեմ վախեցել պատասխանատվությունից, հիմա էլ չեմ վախենում, որովհետեւ ղեկավարն է պատասխանատու բացթողումների համար»,-հայտարարեց Օհանյանը` հավելելով, որ ընդունում է իր մեղքը պետության առջեւ, քանի որ ինքը պետականամետ մտածողության տեր մարդ է: Օհանյանի խոսքերով՝ ինքը չի ամաչում իր գործողությունների համար, քանի որ երկար տարիներ հաջողությամբ աշխատել է համակարգում. «Թող ամաչեն նրանք, ովքեր իմ նկատմամբ վատ վերաբերմունք են դրսեւորել»:
Այդ ամենից հետո դատարանը որոշեց ՃՈ նախկին ղեկավար Մարգար Օհանյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատավորը նրա խափանման միջոցն անփոփոխ  թողեց՝  կալանք: Իսկ նույն  գործով անցնող եւ յուրացման մեջ մեղադրվող եւս 3 մեղադրյալներին` Սմբատ Կարախանյանին, Արա Լեւոնյանին եւ Սամվել Մախմուրյանին, դատապարտեց  5,5 տարվա պայմանական ազատազրկման` 4 տարի փորձաշրջանով:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Մարգար Օհանյանի եղբոր՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանի հետ: Վերջինս շատ անտրամադիր էր եւ հազիվ էր պատասխանում մեր հարցերին: «Իհարկե համաձայն չենք կայացված որոշման հետ: Ես չգիտեմ էլ՝ ինքը ինչ կորոշի` կբողոքարկի՞, թե՞ ոչ, որոշում կայացնողն ինքն է, ես իր հետ չեմ խոսել, որ ասեմ: Հաճելի որոշում չէ մեզ համար, չնայած եթե մինչեւ այսօր խափանման միջոցը չէր փոխվել, ոչ մի բան հնարավոր չէր բացառել: Ես ավելի լավ բան էի ակնկալում»,-ասաց մեր զրուցակիցը: Թե ինչն էր պատճառը, որ Օհանյանն այդպես էլ չխոսեց, ասաց. «Դա իրեն պետք է հարցնեք, թե ինչ բացահայտում պետք է աներ, ինչի մասին պետք է խոսեր»:
Իսկ հարցին` հավատում է, որ իր եղբայրը յուրացումներ է կատարել եւ իր պաշտոնը չարաշահել է, ոստիկանության Նոր Նորքի բաժնի նախկին պետը նշեց. «Ո՛չ, լսեցիք պարգեւատրումների մասին, իր աշխատանքային տարիները, շնորհակալագրերը… Գուցե ինչ-որ հարցում թերացել է, գուցե պետք է մի քիչ ավելի ուշադիր լիներ»:
Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը նշեց, որ պատիժը խիստ էր, իսկ ինչ վերաբերում է դատավճռի բողոքարկմանը, այդ հարցով իր պաշտպանյալի հետ դեռեւս չի խորհրդակցել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս