ՀՀ վերահսկիչ պալատը խորհրդի նիստում հաստատել ու ԱԺ է ներկայացրել 2013թ. տարեկան հաշվետվությունը: Ինչպես եւ սպասվում էր` ՎՊ-ն լրջագույն փաստեր է բացահայտել` ՀՀ պետական բյուջեի միջոցները չարաշահելու եւ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ:
Էխ գնումնե~ր, գնումնե~ր
ՎՊ-ն ուսումնասիրություն է կատարել գնումների ոլորտում, եւ այնտեղ «բազմաթիվ խախտումներ ու թերություններ» է հայտնաբերել: «Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ: Այսինքն՝ ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվում»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ: ՎՊ-ն նաեւ թվարկել է կոնկրետ ոլորտներ. «ԿԳՆ «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գները չէին համապատասխանում նույն տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակների շուկայական գներին: Դեռ ավելին, նույնանուն սննդի տեսականին միեւնույն մատակարարի կողմից ՊՈԱԿ-ներին մատակարարվել է տարբեր գներով՝ մասնավորապես «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը մատակարարել է 146-220 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ… «Դանինի» ՍՊԸ-ն բրինձը մատակարարել է 400 եւ 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավար մատակարարել է 600 եւ 650 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ»:
Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ ընդդիմադիր պատգամավորներին անգրագիտության մեջ մեղադրող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ղեկավարած գերատեսչությունում: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Դանինի» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսվել է գնել 140 մլն դրամի պահածո` 1 կգ-ն՝ 1596 դրամով: Գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Դանինի» ՍՊԸ-ն, որն առաջարկել է պահածոն վաճառել 1 կգ-ն 1596 դրամով: Միաժամանակ, գնման ընթացակարգին մասնակցել է նաեւ մսի պահածո արտադրող «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն, որն իր ապրանքն առաջարկել է «Դանինի»-ից 54 դրամով ավելի` 1կգ-ի դիմաց 1650 դրամ: Սակայն ՎՊ-ն պարզել է, որ «Մրցույթում հաղթած «Դանինի» ընկերությունը մսի պահածոն հետագայում գնում է «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ից մեկ կիլոգրամը 1420 դրամով»: Իսկ ՎՊ հաշվետվության համաձայն՝ գնային տարբերությունը կազմել է մոտ 15,5 մլն դրամ:
Գյուղ կանգնի` գերան կկոտրի
Ընդհանրապես, Գյուղատնտեսության նախարարությունում անցկացրած ստուգումների արդյունքում ՎՊ-ն եզրակացրել է. ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադառնում ոլորտի առջեւ ծառացած խնդիրների կարգավորմանը»: Միաժամանակ, ՎՊ-ն նաեւ անդրադարձել է անտառային վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով 2012-2013թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի միջեւ կնքված գործարքին: ՎՊ-ն պարզել է, որ տվյալ ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ կամ ուղղաթիռ, եւ ստիպված նրանք ինքնաթիռ շահագործելու նպատակով պայմանագիր են կնքել «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ: «Պարզվել է նաեւ, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ ընկերության աշխատակիցների մի մասը (ովքեր ընդունվել են աշխատանքի միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար) հանդիսանում են «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցներ: Դեռ ավելին, «Ագրո էյր Սերվիս» ՍՊԸ-ի 2012թ.-ի հասույթի 100%-ը եւ 2013թ.-ի հասույթի 94.65%-ը ձեւավորվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրերից»: ՎՊ-ն եզրակացրել է, որ եթե նախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կկարողանար տնտեսել 45,5 մլն դրամ:
Խրոնիկ հիվանդները
Մի շարք գերատեսչություններում` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» եւ այլն, Վերահսկիչ պալատը կոռուցպիոն նոր մեխանիզմ է բացահայտել: Պարզվում է` 2011-2013թթ. ընթացքում մի շարք կազմակերպություններում գրանցվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ակնհայտ աճ (մանրամասն ներկայացված է 1-ին էջում):
Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել. ՎՊ տարեկան հաշվետվությունը 61 էջ է: Սակայն նշվածն էլ բավական է համոզվելու, թե ինչ մթնոլորտ է տիրում իշխանական համակարգում:
Հ.Գ. Ի դեպ, ոլորտներից յուրաքանչյուրում բացահայտումներն ընդհանրական ներկայացնելուց հետո ՎՊ-ն նշել է` «Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՊ ընթացիկ հաշվետվություններում»: Սակայն ՎՊ ընթացիկ հաշվետվությունները հասանելի չեն. դրանք նախկինի նման այլեւս չեն տեղադրվում ՎՊ կայքում: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, ՎՊ ընթացիկ հաշվետվությունները չեն տեղադրվում կայքում նախորդ տարի Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո, երբ Ս.Սարգսյանը հրապարակավ նախատել էր Իշխան Զաքարյանին՝ կարծիք արտահայտելու համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՓԱԿՎԱԾ Է
«Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ Ղազախստանում բնակվող հայերից. նրանք դժգոհում էին, որ տեւական ժամանակ է, ինչ տեղի Հայ առաքելական եկեղեցին փակված է: Մարդիկ մտավախություն ունեն, որ այն փակված է մնալու նույնիսկ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցի օրը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանի հետ, ով տեղեկացրեց. «Եկեղեցին փակված է վերանորոգման նպատակներով: Այն կբացվի ապրիլի 22-ին, իսկ 24-ին տեղի կունենա պատարագ»:
ՆՍՏԱՑՈՒՅՑ ԿԱՆԻ
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանից պարզել՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը Ազատության հրապարակում հանրահավաքներ են անցկացնելու, Դուք արդյոք մասնակցելո՞ւ եք:
-Ո՞վ է որոշում կայացրել:
-ԱԺ խմբակցությունները՝ ներառյալ ԲՀԿ-ն:
-Այսինքն՝ մեր կուսակցությունը կա՞… մեր կուսակցությունն ինչ որոշում կայացրեց ես լինելու եմ ու մասնակցելու եմ:
-Եթե անգամ հացադուլ ու նստացույց հայտարարեն, Դուք մասնակցելո՞ւ եք:
-Անպայման:
-Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարակա՞ն տա:
-Խոսակցության մանրամասները չգիտեմ, բայց կուսակցության դիրքորոշումը ընդունեք ինձ համար որպես… իմ պատասխան:
ՄԵԾ ԾԱԽՍԵՐՈՎ
Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը բավական թանկ է նստում ՀՀ քաղաքացիներիս վրա: Բանն այն է, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցության աշխատանքային խմբի անդամների գործուղումները մեծ գումարներ են արժենում: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ փետրվարի 2-6-ը ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար, վարչապետի հովանավորյալ Կարինե Մինասյանն ու ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը մեկնել են Աստանա` մասնակցելու համապատասխան աշխատանքային խմբի նիստին: Նրանք Աստանա են մեկնել Երեւան-Մոսկվա-Աստանա չվերթով: Միայն տիկին Մինասյանի ավիատոմսը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 896 հազար դրամ (ավելի քան 2100 դոլար), իսկ Կարայանի ավիատոմսը` ավելի քան 949 հազար դրամ (ավելի քան 2200 դոլար): Փաստորեն, բավական չէ ՄՄ-ին անդամակցությունը վատ հետեւանքներ է ունենալու ՀՀ քաղաքացիներիս վրա, դրան գումարվում են նաեւ բյուջեից նման ահռելի ծախսերը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ապրիլի 2-4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ապրիլի 2-ին Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը: Ապրիլի 4-ի երեկոյան նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԻ
«Ռուսաստանը ջավախահայությանը կփորձի օգտագործել Վրաստանի դեմ, բայց ես չեմ կասկածում հայերի ողջամտությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գ. Վաշաձեն: Նա նշել է, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ էթնիկ հայերը հանդես եկան որպես Վրաստանի բացառիկ հայրենասերներ: «Ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ մարդկանց նկատմաբ եւ բարձր եմ գնահատում նրանց ինտելեկտը: Ես հիանալի գիտեմ ու տեղեկացված եմ, որ նրանք տարբերակում են եւս 100 տարի ճամբարում ապրելու եւ եվրոպական ընտանիքին միանալու հնարավորությունները, այն եվրոպական ընտանիքի, որին ե՛ւ հայերը, ե՛ւ վրացիները պատկանում են մշակույթով, պատմականորեն եւ գենետիկորեն: Փորձեր կլինեն, սակայն ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացի էթնիկ հայերի ողջամտությանը, կասկածներ չկան»,- հստակեցրել է նա։
ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ
Երեկ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները որոշել են ի պատասխան Ղրիմի բռնակցման` դադարեցնել քաղաքացիական եւ ռազմական ցանկացած տեսակի համագործակցություն Ռուսաստանի հետ։
ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿ
Ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ այսուհետ «Գազպրոմ»-ն ավելի քան 43 տոկոսով բարձրացնում է գազի գինը Ուկրաինայի համար: Դա նշանակում է, որ դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ գազի զեղչված գնի շուրջ, այլեւս չի գործում:
14 ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ
ԵԱՀԿ 2013թ. ամփոփիչ զեկույցում ղարաբաղյան հակամարտությունը նշված է որպես տարածաշրջանի բարդագույն մարտահրավերներից մեկը: Զեկույցում արձանագրված է, որ 2013-ին տեղեկություն է ստացվել 5 քաղաքացիական անձի եւ 32 զինվորի վիրավորվելու, ինչպես նաեւ 14 զինծառայողի մահվան մասին: Այս ժամանակահատվածում Անջեյ Կասպրշիկի մոնիտորինգային առաքելությունը 16 անգամ եղել է ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում եւ ինն անգամ՝ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին: