ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑՆ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեւում է, Մարդու իրավունքների պաշտպան ԿարեՆ Անդրեասյանի զեկույցը, որը վերաբերում է տարբեր ոլորտներում առկա խնդիրներին եւ թերություններին, իրարանցում է ստեղծել պետական շատ գերատեսչություններում: Այս օրերին մի շարք նախարարների տեղակալներ լուրջ ուսումնասիրություն են սկսել՝ փորձելով փրկել իրենց ղեկավարի վտանգված իմիջը:
Եվ այսպես, ո՞ր գերատեսչություններն են հայտնվել օմբուդսմենի տարեկան զեկույցի թիրախում եւ, առհասարակ, ինչ թերություններ են արձանագրվել:

Գագիկ Խաչատրյանի հարցը լուրջ է

ՊԵԿ գործունեության վերաբերյալ ՄԻՊ 2013թ. զեկույցում ասվում է, որ ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն անցած տարի ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր: «Տնտեսության ստվերայնությունը պայմանավորող հիմնական գործոնները համակարգի ոչ արդյունավետ աշխատանքն է»: Բացի այդ, ՄԻՊ-ն արձանագրում է, որ հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները զբաղվել են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Ավելին, ՊԵԿ-ը չափազանց մեծ քանակի` 5712 հարկային արգելանքի որոշումներ է կայացրել գործարարների նկատմամբ, ընդ որում` առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, օրինակ` տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի եւ ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացրել ձեռնարկատերերի համար` ընդհուպ մինչեւ ամբողջ ձեռնարկատիրական գործունեության խափանումը:
ՄԻՊ-ը բացահայտել է նաեւ, որ օրենսդրական բացի հետեւանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն՝ տուգանքը կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլեւ այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Ինչից օգտվելով՝ ՊԵԿ-ը մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ: Ի դեպ, այս հարցի վերաբերյալ Պաշտպանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որի կապակցությամբ դատարանի նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին:
ՄԻՊ-ը նաեւ մի շարք դեպքեր է արձանագրել, երբ ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է ե՛ւ վարչական, ե՛ւ հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին չպատժվելու Սահմանադրության սկզբունքը: Պաշտպանի գրասենյակը խախտումներ է արձանագրել նաեւ նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրման գործընթացում: Ինչ վերաբերում է մաքսային ոլորտին, ապա, ինչպես գրված է ՄԻՊ զեկույցում. «ՊԵԿ-ը չի ներկայացրել որեւէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրանքների եւ մեքենաների մաքսային արժեքները»: Դրա համար յուրաքանչյուրի համար ՊԵԿ-ում յուրովի գին է գործում:

Ուր են գյուղնախարարի աչքերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության մեջ եւս ՄԻՊ-ը թերություններ է գտել՝ հարցադրելով` ինչո՞ւ չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման եւ ռադիոլոկացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկուտի հետեւանքներից, կամ ինչո՞ւ մինչեւ հիմա չի լուծվում գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը: Այս խնդիրներին գյուղնախարարությունն արդեն վաղուց պիտի պատրաստի պատասխաններ ունենար, բայց չկան:

Ինչո՞ւ չեն վստահում ՏՊՊՀ-ին

Ըստ զեկույցի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետեւանքով միեւնույն է՝ խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր է նշանակում: Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության եւ ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել: Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը:

Ինչո՞ւ թափանցիկ չի աշխատում Էներգետիկայի նախախարությունը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության խախտումներն էլ վերաբերում են ընդերքի օգտագործման խնդրին: ՄԻՊ-ն արձանագրել է, որ նախարարությունը խնդրի հետ կապված կազմակերպել է ընդամենը մեկ քննարկում, ինչը քիչ է:

Դերենիկ Դումանյանն ընդդեմ ՀՀ-ի

Հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր: Բավարար կերպով չի ֆինանսավորվել նաեւ սոցիալապես անապահով, անպտուղ զույգերի արտամարմնային բեղմնավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:
Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռեւս չի ներառվել Կառավարության որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիաթերապիան: Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ բժիշկները չեն պահպանել բժշկական գաղտնիքը, կամ անհարգալից են գտնվել հիվանդների նկատմամբ, բայց որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել: ՄԻՊ-ի համոզմամբ՝ օրենսդրական կարգավորումների կարիք ունի նաեւ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելումը, քանի որ ՄԱԿ-ի՝ Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ եթե Հայաստանում շարունակվեն սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, ապա մինչեւ 2060թ. 93 000 մայր չի ծնվի: Բնակիչների համար նախատեսված չէ պետպատվերով հատուկ բուժսպասարկում, ինչը, ՄԻՊ-ի համոզմամբ, խիստ մտահոգիչ է:

Յուրի Վարդանյանը չի աջակցում

Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն: Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց՝ սպորտային կյանքին ներգրավվելու, եւ մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման համար:

Ահա թե ինչու Հայաստանում բիզնեսը չի ծաղկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են, օրինակ, բիզնեսը սկսելու եւ անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները: Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ։ Դեռեւս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող եւ ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը: Առկա թերի օրենքները, ինչպես նաեւ անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Գերատեսչությունները լռում են

Կարեն Անդրեասյանի այս ծավալուն ու բավականին օբյեկտիվ զեկույցից հետո գերատեսչությունները «շոկի մեջ են» հայտնվել: «Ժողովուրդ»-ին նշված գրեթե բոլոր գերատեսչությունների պատասխանատուները վստահեցրին, որ սկսել են ուսումնասիրություններ կատարել, որպեսզի արձագանքեն զեկույցին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Չեմ կարող ասել` պարտադիրը կմնա՞, թե՞ ոչ, հուսով եմ` որոշումը կլինի օրենքի սահմաններում, իսկ մոտեցումը` ողջամտության սահմաններում»:

Ռուզան Մուրադյան Yerkir.am

Այսինքն, եթե ՀՀԿ խմբակցության պատգամավորը հույս է հայտնում, որ պարտադիր կուտակայինի մասին՝ ՍԴ որոշումը կլինի օրենքի, իսկ մոտեցումը՝ ողջամտության սահմաններում, ուրեմն նշանակում է, որ եթե ՍԴ-ն օրենքը սահմանադրական ճանաչեց, կնշանակի, որ ողջամիտ մոտեցում չի ցուցաբերել: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նման բան նույնիսկ հնարավոր էլ է, ապա դա կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի կողմից ՍԴ-ի վրա ճնշում գործադրելու դեպքում: Փաստորեն, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը անզգուշաբար մատնում է նաեւ իր կուսակցության առաջնորդին:

 

 
«Բնականաբար հզորների վրա մատ չեն թափ տալիս, հզորների հետ կարելի է համագործակցել: Եվ, ընդհանրապես, քաղաքական դաշտը էդպիսին է, եթե ուզում ես երկրի, պետության գործերն առաջ տանել, դու պետք է օժանդակողի դերում լինես»:

Գալուստ Սահակյան Tert.am

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատի ունի ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի վերջերս արած հայտարարությունը բարիկադների եւ այլ հնարավոր գործողությունների մասին: Հիմա ծերակույտի կարկառուն ներկայացուցիչը կամ հերթական անհոդաբաշխ միտքն է արտահայտում, թե պետք է օժանդակել ՀՀԿ-ի կողմից իրականացվող՝ ժողովրդի թալանին, երկրի դատարկման պրոցեսին եւ տնտեսական անկմանը, կամ էլ վերեւներից հերթական մեսիջն է հղում, թե ԲՀԿ-ն ՀՀԿ-ին կարող է նաեւ օժանդակել: Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ Գալուստ Սահակյանը սովորաբար պատահական ոչինչ չի ասում:

 

 

«Դեռ չի ծնվել մի մարդ, ով կարող է ինձ ուղղորդել, ես ունեմ իմ գաղափարները, իմ խելքը եւ ունեմ հրամանատարական խորհուրդ, որի որոշումներով էլ առաջնորդվում է կազմակերպությունը»:

Գրիշա Սարգսյան 168.am

Առանց կրակի ծուխ չի լինում, եւ եթե տեղեկություններ են շրջանառվում, որ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) ղեկավարած՝ «Փառապանծ ազատամարտիկներ» հասարակական կազմակերպությունը կարող է արձագանքել ԲՀԿ-ի կոչին, ապա դրանք չեն կարող լրիվ անհիմն լինել: Ի վերջո, Գրիշա Սարգսյանի մասին ամեն ինչ չի կարելի միանշանակ ասել. նա ոչ վաղ անցյալում մոլի ընդդիմադիր էր, Ռազմական ոստիկանությունում պաշտոն ստացավ, լռեց, հիմա, հավանաբար, էլի պաշտոնի փնտրտուքների մեջ է: Հասկանալի են նրա ձգտումները, բայց, ավաղ, նրան այդպես էլ չեն նկատում՝ արդեն մի քանի տարի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս