«Դաուն թաուն» շինարարական ընկերության կողմից խաբված Կոնդ թաղամասի բնակիչները շարունակում են պահանջել իրենց հասանելիք բնակարանները: Յոթ տարի առաջ Կոնդում գտնվող նրանց տները քանդել են` խոստանալով փոխարենը բնակարաններ հատկացնել «Դվին» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում: Այդ շենքը, սակայն, մինչ օրս կառուցված չէ: Անելանելի վիճակում հայտնված կոնդեցիները չգիտեն, թե ումից պահանջեն իրենց բնակարանները:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ` Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային` բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, որը կառուցապատման նպատակով ձեռք բերեց «Դաուն թաուն Երեւան» ՓԲԸ-ն: Վերջինս պարտավորվել էր իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: Ընկերությունը 2007 թվականին 200 պայմանագիր էր կնքել բնակիչների հետ, որոնց համաձայն՝ կոնդեցիները պետք է ունենային համապատասխան մակերեսով բնակարաններ:
Մոտ 7 տարի առաջ իրացման գոտի ճանաչված թաղամասի տների մի մասը քանդվեց այն խոստումով, որ «Դաուն թաուն» ընկերությունը նույն վայրում կոնդեցիների համար նոր շենք պետք է կառուցեր: Արդյունքում թաղամասի 220 ընտանիք ` շուրջ 1000 մարդ, հայտնվեց փողոցում: Այժմ նրանց մի մասը մահացել է, մի մասն էլ հուսահատությունից լքել է երկիրը եւ բնակություն հաստատել այլ երկրներում: Իսկ նրանք, ովքեր մնացել են Երեւանում, ապրում են վարձով բնակարաններում:
«Մենք մոտ տասն անգամ հանդիպել ենք երկրի նախագահին, ով հայտարարել է, թե անձամբ է զբաղվելու մեր հարցով: Բայց մինչեւ հիմա դրական տեղաշարժ չկա: Մենք էլ անհանգստացած ենք, քանի որ բնակարանների համար նախատեսված պայմանագրերի ժամկետը վաղուց անցել է եւ նորը չունենք»,- տեղեկացրեց Կոնդի բնակիչ Իռա Նազինյանը` նշելով, որ այս պահին գործով զբաղվում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Վերջինս դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին կոնդեցիներին խոստացել էր, որ 2014-ի մարտին իրենց կառաջարկվեն տարբերակներ:
«Վերջերս հանդիպեցի Հովսեփյանին եւ հետաքրքրվեցի, թե մեր գործն ինչ փուլում է: Ինքն էլ ասաց, որ այս գործն անձամբ նախագահն է հսկում: Արի ու տես, որ մարտ ամիսն ավարտվում է, բայց մինչեւ հիմա դեռ ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել: Այս պահին հասկանալի է մեզ համար, թե ինչու առաջ չի գնում մեր գործը: Բանն այն է, որ կառուցապատող կազմակերպություն չկա: Սա մեծ գումարների հարց է, ներդնողը պետք է գումար ներդնի եւ ունենա շահույթ: Այս պարագայում, սակայն, նա շահույթ չի ստանա: Դրա համար որեւէ մեկը չի համաձայնվում հանձն առնել շենքի կառուցումը»,- բացատրեց տիկին Իռան:
Կոնդի մեկ այլ բնակիչ` Օֆելյա Ավետյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար կառուցվող, բայց կիսատ մնացած շենքի ամրանները տեւական ժամանակ օդում մնալուց արդեն կոռոզիայի են նթարկվել:
Տիկին Օֆելյան ցավով նկատեց, որ տունը կորցրած կոնդեցիներից ավելի քան 60 մարդ վերջին երկու տարում մահացել է: «Մարդիկ իրենց կերակրողին կորցրել են, կան ընտանիքներ, որոնց երեխաները Ռուսաստանում մնացել են փողոցներում: Աշխատանք չունենալու պատճառով գաղթեցին Ռուսաստան, այնտեղ էլ ընտանիքի հայրը մահացավ, իսկ երեք երխաներն ու կինը մնացին փողոցում: Մեկ ուրիշ ընտանիք. 90-ամյա տղամարդը կորցրեց կնոջը, հետո որդուն: Հիմա մի անկյուն է գտել, վարձով ապրում է: Արտագաղթած ընտանիքներ էլ կան: Կան մարդիկ, ովքեր վիրահատվել են ու շատ վատ վիճակում են հիմա, բայց վարձով են ապրում»,- հուզված ձայնով պատմեց տիկին Օֆելյան:
Իսկ Իռա Նազինյանի ընտանիքը շուտով արդեն չորրորդ անգամ ստիպված կլինի փոխել վարձով բնակարանը: «Մի տարով են պայմանագիր կապում: Ի՞նչ անենք: Արի ու տես, որ սեփական երկրում մեզ դարձրել են գաղթական, իսկ մեր պապական տները` Կոնդը, վերածվել է աղբանոցի»:
Եվ չնայած այդ ամենին` Կոնդի բնակիչ Օֆելյա Ավետյանը լավատեսորեն է տրամադրված. «Ուրախ չէ մեր կյանքը, ուրախ մեր խասյաթն է: Բնավորությամբ ենք հաղթահարում: Եթե դուք հիմա ինձ հյուր գաք, ես հարուստի նման կհյուրասիրեմ, հարազատս… մենք ունենք այդ ճոխ հոգին»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞Ր ՄԻ ԾՆՈՂԻՆ ՀԱՄՈԶԵՆՔ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային պետբյուջեից հատկացվում է 18 միլիոն դրամ, որը, ինչպես նշում է ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, շատ քիչ է բոլոր ծախսերը հոգալու համար։
-Բասկետբոլն այն մարզաձեւերից մեկն է Հայաստանում, որտեղ, ինչքան ներդնես, էլի տեղ կա։ Այդ գումարը նույնիսկ դահլիճների վերանորոգմանը չի բավարարի։ Էլ չխոսենք միջազգային տարբեր մրցաշարերի, ուսումնամարզական հավաքների մասին։
-Տարբեր տարիքային խմբերի պատանիները լավ են հանդես գալիս, բայց հետո աչքի չեն ընկնում։ Ո՞րն է դրա պատճառը։
-Բասկետբոլը երեւի ֆուտբոլից հետո ամենատարածված մարզաձեւն է Հայաստանում, տարբեր տարիքային խմբերում, տարբեր փնջերում անցկացվում են թե՛ տղաների, թե՛ աղջիկների առաջնություններ, կան լավ մարզիչներ։ Իսկ հետագայում, հատկապես տղաների դեպքում ծագում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Եթե աղջիկները կարողանում են շարունակել զբաղվել սպորտով, ապա գալիս է տղաներին բանակ զորակոչելու ժամանակը, եւ կորցրած երկու տարին հնարավոր չի լինում ետ բերել։ Այս դեպքում կարող է օգնության հասնել սպորտային վաշտում ծառայելը, սակայն, ըստ ՀՀ օրենքի, համապատասխան նախարարի կարգադրությամբ այնտեղ ծառայելու համար մարզիկը պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում առնվազն 1-6-րդ տեղը զբաղեցրած լինի։ Լավ եք հասկանում, որ բասկետբոլի դեպքում դա անհնար է։ Մի քանի առաջարկով ենք հանդես եկել, որոնք չեն ընդունվել, բայց դեռ հույսներս չենք կորցնում։ Փաստորեն, 10-11 տարեկանից երեխայի վրա հարկատուի փողն ենք ծախսում, բայց հետո արդյունքը չի երեւում։ Միակ մխիթարանքն այն է, որ փողոցից կտրում-բերում ենք դահլիճ, առողջ, ընկերասեր սերունդ ենք դաստիարակում։
-Մենք ունենք տղամարդկանց ազգային հավաքական, բայց…
-Մեր ազգային հավաքականում կան հիմնականում ԱՄՆ-ից, նաեւ Սիրիայից, Իրանից խաղացողներ, ու եթե նրանք գան Հայաստան, ցանկանան մասնակցել միջազգային պաշտոնական մրցաշարի, կստանան ՀՀ քաղաքացիություն, եւ նրանց կզորակոչեն բանակ։ Ո՞ր մի ծնողին համոզենք, որ իրենց տղային ոչ թե հավաքական, այլ բանակ ուղարկեն։ Այդ իսկ պատճառով մեր գործունեությունը ծավալում ենք կանանց բասկետբոլի ուղղությամբ։
-Բայց նրանք էլ հաջողություններ չունեն։
-Մեր մարզիչները հիմնականում, այսպես ասած, տղաներով էին զբաղվում, աղջիկների հետ 1-2 մարզիչ էր պարապում, բայց հիմա մարզիչները սկսել են մեծ տեղ տալ նաեւ աղջիկներին։ Իսկ դրա արդյունքները կերեւան 2-3 տարի հետո։ Ի դեպ, վերջերս Երեւանի աղջիկների թիմը Ջեմմա Իսրայելյանի հուշամրցաշարում 20-25 միավորի առավելությամբ հանգիստ, մի շնչով հաղթեց նաեւ Ղազախստանի չեմպիոնին՝ Ակտաու քաղաքի թիմին։ Բայց նաեւ ներդրումներ են անհրաժեշտ, սպորտում պետության դերակատարումը պիտի մեծ լինի։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ԻՆՈՄԱՐԿԱՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»
Վերջին օրերին Վրաստանից Ադրբեջան արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ներկրման մեծ հերթեր էին գոյացել: Պատճառն այն է, որ ապրիլի 1-ից Ադրբեջանում սկսեց գործել այդ երկրի կառավարության որոշումն, ըստ որի՝ Ադրբեջան պետք է ներկրվեն միայն «Եվրո-4» ստանդարտ ունեցող, այսինքն՝ 2005 թվականից ավելի ուշ արտադրված արտասահմանյան մեքենաները: Սպասելի է, որ Վրաստանում, Ռուսթավի քաղաքի ավտոշուկայում մինչեւ 2005 թվականն արտադրված ավտոմեքենաների գների անկում կլինի, քանի որ ադրբեջանցի գնորդներն այլեւս դրանք ձեռք չեն բերի: Առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, որը արտերկրից ավտոմեքենաների ներմուծման համար մեծ մաքսատուրքեր է սահմանելու: Ուստի Ռուսթավիի ավտոշուկայում արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների հիմնական գնորդները դառնալու են ՀՀ քաղաքացիները: Այդպիսով՝ առաջիկայում Հայաստանը դառնալու է «ինոմարկաների գերեզմանոց»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԿԱՐԳԵԼԻ
Կառավարության առաջիկա նիստում ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանը Արարատի եւ Արմավիրի մարզպետներին կհանձնարարի այլեւս հորատանցքերի թույլտվություն չտրամադրել` անկախ այն բանից, որ տվյալ սուբյեկտը մինչ այդ ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Ձկնաբուծության նպատակով նույնպես այս երկու մարզերի մարզպետերը չեն կարող տրամադրել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություններ: Վարչապետն այսպիսի սահմանափակումներ է դրել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները փրկելու համար:
ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
Սիրելի հայրենակիցներ, «Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետեւանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից՝ ապաստան գտնելով Լաթաքիա քաղաքում: Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն: Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր անհատներին եւ կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին՝ նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հետեւյալ հաշվեհամարներին` Anelik Bank AMD 11807008554300 EUR 11807008554302 USD 11807008554301 RUR 11807008554303
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Առաքելյանին առաջադրված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը եւս փոխվել է. այժմ նրան մեղադրում են խուլիգանության մեջ: