ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվելու են միայն ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ բացի իշխող ՀՀԿ-ից, միայն ԲՀԿ-ն, ելնելով իր ստացած ձայների թվից, իրավունք ունի խորհրդարանում հանձնաժողովների նախագահներ ունենալ: ՀՀԿ-ն, այսպիսով, կունենա 8, ԲՀԿ-ն՝ 4 հանձնաժողովի նախագահ: Երեկ երեկոյան ՀՀԿ-ն արդեն որոշեց, թե ովքեր են լինելու ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը` Վարդան Այվազյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը, առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովը` Արա Բաբլոյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովը` Արտակ Դավթյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը: Երեկվա դրությամբ հայտնի է միայն, որ ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանության,գյուղատնտեսության հարցերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովների նախագահների մասով ԲՀԿ-ն որոշում է կայացնելու այսօր: