Լեհաստանի նախկին համակենտրոնացման ճամբարից գողացել են Հոլոքոստի զոհերին պատկանող 8 կոշիկ: Ոստիկանության վկայությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 18-20-ը Լյուբլինից ոչ հեռու գտնվող Մայդանեկ համալիրում:
Դա թանգարանից առաջին գողությունը չէ: Ավելի վաղ Մայդանեկից հափշտակել էին զոհերի մոխիրը և կալանավորներից մեկի գլխարկը:
Մայդանեկ մահվան ճամբարում երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհվել է 78 հազար կալանավոր, որոնցից 60 հազարը՝ հրեաներ:
Ինչպես պատմել է թանգարանի ներկայացուցիչը, գողերը կտրել են այն պահոցի ցանցը, որտեղ պահվում էր համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորներին պատկանող 56 հազար կոշիկ: Նրա խոսքով՝ ցուցադրությունը կոչված էր պատկերացում ստեղծելու նացիստների հանցագործությունների մասշտաբների մասին:
Թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ գողացված ցուցանմուշները մեծ պատմական արժեք են ներկայացնում: