ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991թ. սեփականաշնորհման գործընթացում ընտրվեց նաեւ հողի եւ գյուղատնտեսական արտադրամիջոցների, գյուղամթերք արտադրող, իրացնող ու վերամշակող կազմակերպությունների մասնավորեցման քաղաքականությունը: Մշակովի հողատարածությունները մասնատվեցին ավելի քան 1,2 մլն հողակտորի: Որպես արդյունք՝ ձեւավորվեց շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսական համակարգը:
ՀՀ-ում այն ներառում է շուրջ 340 հազար գյուղատնտեսական կազմակերպություն: Ներկայում, ըստ պաշտոնական տվյալների, գյուղատնտեսությունը տալիս է երկրի համախառն արտադրանքի մոտ 16,2 տոկոսը: Ցավալին այն է, որ  հողատարածքների զգալի մասը չի մշակվում ոչ արդյունավետ բերքատվության, դեղանյութերի թանկության եւ   սահմանամերձ լինելու պատճառով: Ասել է թե Հայաստանում վարելահողերի 1/3-ն ըստ նպատակի չի օգտագործվում, իսկ սակավահող մեր երկրի համար սա չափազանց մեծ շռայլություն է: Ամեն դեպքում, եթե հավատանք պաշտոնական տվյալներին,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 98%-ն արտադրվում է մասնավոր հատվածի կողմից: Իրականում, սակայն, այն չի գերազանցում անգամ 50 տոկոսը: Խնդիրն առաջանում է իրացման ոլորտում:
«Ունեմ 4 կով, օրական կաթնատվությունը մոտ 12-15 լիտր է: Անասնակերի կուտակման համար տարվա կտրվածքով ծախսում եմ 1200 դոլար: Ամբողջ ձմեռ տանջվում եմ, գոմաղբ եմ թափում: Մոտակա կաթի արտադրամասից գալիս, 90-120 դրամով հավաքում են, այն դեպքում, երբ իրենք վաճառում են 220-350 դրամով: Ամեն օր վնաս եմ կրում, բայց ինչ արած,  ալյուր գնել է հարկավոր»,-ասում է տավուշցի Արտո Բեջանյանը:
Գյուղատնտեսության մեկ այլ ճյուղում՝ պտղաբուծության մեջ էլ առկա է վնասով աշխատելը: Շուկայում վերավաճառողն ավելի մեծ շահույթ է ստանում, քան մշակողը:
«Խնձոր եմ աճեցնում, աշնանից սկսած` հանձնում եմ դալալներին 150-250 դրամով, դե նրանք էլ շուկայում վաճառում են 500-1200 դրամով, նրանք ավելի են օգուտ անում: Բա՛, ես էլ ինչի՞ մշակեմ, դեղանյութի գինն էլ չի հանում: Իսկ ապրելու համար ստիպված եմ մի բան էլ էժանով տալ, միայն էրեխեքս սոված չմնան»,-ասում է Երզնկա համայնքի բնակչուհի տիկին Մարուսյան:
Գյուղամթերք արտադրողները դժգոհում են իրացման շուկայից: Նրանց կարծիքով` ներմուծվող գյուղամթերքը մեծ  հարված է հասցնում  տեղական արտադրանքի իրացմանը: Մյուս կողմից խոշոր մոնոպոլներն են շուկայում որոշում կայացնողները: Ազատ մրցակցային դաշտը Հայաստանում բացակայում է: Փաստորեն, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման  կառավարության ծրագրերը, ըստ էության, անկայուն են ու ոչ հեռանկարային:
Ի դեպ, անդրադառնանք ներկրվող եւ տեղական  արտադրանքին: Շուկայում եւ իրացման կետերում դրանք թե՛ գնային, թե՛ որակական առումով չեն տարբերվում, թերեւս` միայն համով: Մեր  հարցին, թե արդարացի է գնային այս քաղաքականությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանն ասաց. «Շուկայական հարաբերությունները կարգավորում է հենց ինքը` շուկան: Մենք միջամտում ենք միայն այն դեպքում, երբ չի ապահովվում ազատ տնտեսական մրցակցություն»:  
«Լֆիկն իր սուպերմարկետում զիբիլ միրգ է վաճառում էս գյոզալ խնձորի գնով: Բա սա չարժե՞ դրա կրկնակին,-ասում է Գումի շուկայի 20 տարվա վաճառող Անգինը:-Դե մենք էլ գին դնելիս նայում ենք, եթե գյուղացուց կամ մեծածախ ցանցից էժան ենք ձեռք բերում, մի 500-1000 դրամ մտնում ենք, վաճառում»:
«Վրաստանից ներկրում ենք, տամոժնին փող ա, ճանապարհածախսը` գումարած տեղի վճարը: Եկել ես, մեզ ես խեղճ գտել, հարցեր ես տալիս, գնա՛ քո նախագահին, վարչապետին ու նախարարներին ասա` մեր Հայաստանը քիչ ուտեն, թույլ տան մենք էլ շնչենք, հերիք է, մեզի չստիպեն զենքի դիմել»,-վրդովվում է սփյուռքահայ ներկրող Հակոբ Ալթունյանը:
Փաստորեն, կառավարությունը 2011թ.-ին գյուղատնտեսությունը ճանաչեց զարգացման գերակա ճյուղ եւ ընդամենը մեկ տարի հետո մոռացավ դրա մասին:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս