«ԵՍ ՉԻՄԱՑԱ` ՈՎ ՏԱՐԱՎ, ԻՆՉՈՒ ՏԱՐԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի խումբ է ստեղծվել` «ԿԱՐԱԲԱԼԱՅԻ արձանը սխալ տեղում է կանգնած…», որտեղ հավաքվել են նրանք, ում իսկապես դուր չի գալիս արձանի տեղը: Իսկ թե այս ամենի մասին ինչ է մտածում արձանի հեղինակ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ, ներկայացնում ենք ստորեւ:
-Ես ինքս անձամբ դիմել եմ քաղաքապետին ու հայտնել մտահոգությունս, քանի որ արդեն 2-րդ տարին է՝ անհասկանալի ձեւով Կարաբալան տարհանվել է իր տնից ու տեղադրվել օտար մի տեղ: Ինքը միշտ Աբովյան փողոցում է եղել, դա բնորոշ է եղել` հին Աստաֆյանն ու մեր Կարաբալան:
-Իսկ ինչո՞ւ տեղափոխեցին:
-Բա ես գիտե՞մ՝ որն է պատճառը, միշտ մտահոգված եմ եղել, բայց չգիտեի՝ ինչպես լուծել այդ հարցը: Վերջերս էլ քաղաքապետին դիմեցի, նա էլ ասաց` անպատճառ պետք է տեղափոխվի,  նորից բացում է անելու: Ես նույնիսկ նրան ասացի, թե որտեղ եմ ուզում տեղադրվի` հին ու նոր Երեւանի խաչմերուկներում` Հյուսիսային պողոտայի անկյունում, նախկինում «Դետսկի միր»-ն էր, հիմա էլ կաֆե է, ա՛յ այդ հատվածում:
-Սակայն արձանը շարունակում է իր տեղում մնալ…
-Ես մայիսի 7-ին եմ քաղաքապետին տեսել` Վահրամ Փափազյանի արձանի բացմանը, այդ օրն էլ ասացի: Ինքն էլ ասաց՝ անպայման կլուծենք այդ հարցը, քաղաքաշինական հանձնաժողովը պետք է նայի: Հիմա ինձ զարմացնում է այն, որ երբ արձանը վերցրին ու ապօրինի ձեւով տարան, ինչո՞ւ քաղաքաշինական խորհուրդը չանդրադարձավ այդ հարցին: Մենք հո նոր տեղ չե՞նք ուզում, պարզապես ուզում ենք, որ Կարաբալային իր տեղը վերադարձնեն: 20 տարի նա կանգնած է եղել Աբովյան փողոցում:
Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպես եղավ, որ հենց «Մոսկվիչկա»-ի դիմաց տարան, ո՞վ տարավ, ինչո՞ւ: Ու գիտեք՝ ցավը որն է, որ այսքան ժամանակ այս հարցով միայն երեւանցիներն են հետաքրքրվում, ոչ թե քաղաքային իշխանությունները:
-Իսկ այս տարիների ընթացքում չե՞ք փորձել պարզել, թե ով է որոշել արձանի ներկայիս տեղը:
-Ես գնացի «Մոսկվիչկա» խանութ, փորձեցի պարզել, թե ինչու հենց այդտեղ, որովհետեւ իմ ականջին որոշ խոսակցություններ հասան, որ հենց առեւտրի ցանցի ղեկավարն է արել: Ես մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ ով է արել:
-Երեւան քաղաքում Ձեր հեղինակած արձաններից էլի՞ կան, որ տեղահանվել են առանց Ձեր գիտության:
-Դե չեմ կարող ասել, որ դա 100 տոկոս իմն էր, խոսքս նախագահականի առջեւ դրված Տիգրան Մեծ ու Նոյ քանդակի մասին է: Այդ քանդակը նախագահական տարածքի մեջ է մտնում, պարսպապատված է: Հիմա այդ քանդակը հանել-տարել են շենքի հետեւի մաս: Ես տեսա նախագահին, հարցրի, նա էլ ինձ ասաց, որ ավելի լավ տեղ է տարել, քանի որ պաշտոնական հյուրերը երբ գալիս են, հետեւի մասում են նստում: Բայց չէ՞ որ ես արել եմ, որ ժողովուրդը տեսնի, ոչ թե մի քանի հոգի:
-Լավ, իսկ կրկեսի առաջ տեղադրված Ենգիբարյանի արձանն ո՞ւր է, եթե չեմ սխալվում, դա էլ է Ձեզ ստեղծագործությունը:
-Ա՛յ այս մի հարցում ինձ տեղյակ են պահել: Շինարարներն ինձ զանգեցին, հենց իմ ներկայությամբ ապամոնտաժվեց, ու տարան պահեցին: Դե հիմա վերանորոգում է, ամեն ինչ քանդում են, այդ քանդակն էլ պահել են, որ չվնասվի: Բայց վերանորոգումից հետո կրկին նույն վայրում կտեղադրեն:
-Ձեր կարծիքով՝ մեր քաղաքում ամենաանճաշակ քանդակը ո՞րն է:
-Դե հիմա եթե ես դա ասեմ, մեկն էլ իմ քանդակների մասին կասի: Ես իմ սիրելի քանդակներն ունեմ, բայց դրանք իմ ձեռքի գործերն են, օրինակ՝ Մարտիրոս Սարյանի քանդակը: Հիմա կասեն` իրենն է, գովում է: Բայց դա միայն իմ կարծիքը չէ: Իմ քանդակները միայն Հայաստանի տարածքում չէ, որ տեղադրվել են: Վերջապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ես համարվում եմ աշխարհի 10 լավագույն քանդակագործներից մեկը: Հո դա հենց էնպե՞ս չի որոշվել, բա՜, հազար ու մի միջազգային մրցույթի եմ մասնակցել:
-Միայն քանդակագործությամբ հնարավո՞ր է Հայաստանում ապրուստ ապահովել:
-Նայած քանդակագործ, եթե գերեզմանների համար գործ է անում, շատ լավ էլ վարձատրվում է: Ես նախընտրում եմ արվեստի բարձրարժեք գործեր ստեղծել: Շատ անգամ էլ նույնիսկ չեն վճարում, ես էլ մտածում եմ՝ դե գոնե արվեստի գործ ստեղծեմ: Ես հիմա դասավանդում եմ Ճարտարապետական եւ շինարարական համալսարանում, դե մի քիչ վաստակում եմ նաեւ այդ աշխատանքով:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս