ՍԵՐԻԱԼՆԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՄԱՐԴԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ երեկ armlur.am լրատվական կայքի  «Հատուկ կարծիք» հաղորդաշարի հյուրն էր: Նա  նկատեց,  որ այսօրվա սերիալները բավականին լավն  են, դեռ  ավելին, վստահ է, որ դրանք հետզհետե կատարելագործվելու են:
-Այսօր շատ է խոսվում  հեռուստասերիալների  անճաշակության եւ անորակության մասին, ու չնայած դրան` նկատում ենք, որ սերիալների թիվը գնալով  ավելանում  է: Ձեր վերաբերմունքը  հեռուստասերիալներին, եւ առհասարակ, ի՞նչ է սովորեցնում Ձեր  կերպարը  հեռուստադիտողներին:
-Եթե նայենք՝ առաջ  սերիալներն ինչ որակի  էին  ու հիմա, ապա այսօր բացահայտ կերպով տարբերություն կտեսնենք: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե ժողովուրդն ասում է, որ  սերիալները վատն են, ապա հավատացե՛ք, որ դա ժողովուրդը չի խոսում: Ձեզ ճշմարտությունը կասեմ. խոսում են մի քանի չհաջողված մարդիկ: Սերիալները շատ լավն  են, ու սերիալների շնորհիվ այսօր բազմաթիվ մարդիկ կարողացան գոյատեւել ու ապրեցնել իրենց ընտանիքները: Թատրոնն այդ հնարավորությունը չունի, թատրոնի աշխատավարձերը շատ քիչ են: Պետք չէ անընդհատ ասել վատ է, վատ է: Վատից խոսողները թող լավն անեն, գանք, լավը տեսնենք:
Իմ կերպարները շատ բան են սովորեցնում: Իմ նախավերջին դերով, որտեղ մարմնավորել էի թուրք գեներալի կերպարը, եւս մեկ անգամ ցույց տվեցի, թե ինչ եւ ով է թուրքը, ու ժողովրդին կոչ արեցի` չքնեք, պետք է աչալուրջ լինենք, քանի որ այսպիսի թշնամի ունենք: Լորդի կերպարը շատ բան է ասում, եթե լինեք այս կերպ, այս տեսակի մեջ, ձեզ շատ բաներ են սպասվում:
-«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է այն  խնդրին, որ այսօր սերիալների դերասանների  մի  մասին բերում են փողոցից: Որքանո՞վ եք Դուք նման մոտեցումը ճիշտ համարում:
-Դա պայմանավորված է մեր երկրի չքավորությամբ: Մենք դեռեւս այնքան  հարուստ պետություն չենք, որպեսզի կարողանանք մեզ թույլ տալ, օրինակ, Մել Գիբսոնին ասել` արի՛, Լորդի ախրանի՛կ աշխատի: Ախրանիկի կերպարի դեպքում կարելի է, որ դերասան չլինես, բայց  եթե խոսքը լուրջ դերերի մասին է, ապա դա արդեն լավ  չէ:
-Այսօր դերասանների մեծ մասը ձգտում է նկարահանվել հեռուստասերիալներում, ի՞նչ է, թատրոնը հնարավորություն չի՞ տալիս ինքնադրսեւորվելու:
-Թատրոնը հնարավորություն տալիս է, բայց թատրոնով ընտանիք չես կարող պահել: Մենք դեռեւս չունենք մշակութային այն մակարդակը, որ հասկանանք՝ թատրոնն առավել կարեւոր է, կենդանի շփումն ավելի լավ է:
-Շրջանառվող լուրերի համաձայն՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը միգուցե դառնա մշակույթի նախարար: Կցանկանայի՞ք նրան տեսնել այդ պաշտոնում:
-Ես ծափահարում եմ Շուշան Պետրոսյանին: Գիտեք, շատ դժվար է սերը բաժանել երկու մասի: Շուշան Պետրոսյանը «ժերտվա» է գնացել, նա իրեն զոհաբերեց հանուն մշակույթի, իր երգարվեստն ինչ-որ տեղ զոհաբերեց հանուն ազգի մշակույթի, ես դա չէի կարող անել, քանի որ այդքան ուժ ու ժամանակ չունեմ:
-Այդքան ասում ենք, որ երկրում արտագաղթ կա, սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ելքը, հեղափոխությո՞ւն պետք է լինի:
-Խոսելով  չէ, գործ  պետք է անենք: Աշխատել է պետք: Այնքան գործ կա Հայաստանում, ուղղակի չեն ուզում իրենց նեղեն, տանջեն: Այս երկրագնդի վրա ոչ մի բան հեշտ չի  տրվում: Մենք այդքան արհավիրք տեսած ազգ ենք, այդքան բանի միջով անցել ենք, ի՞նչ եղավ մեզ` ռեալ պետք է մտածել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս