Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Այս ձևաչափով ավանդական դարձած հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերին և համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ անցած տարիներին ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերած օժանդակության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաև առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար:
Հանրապետության Նախագահը նշել է, թե համոզված է, որ միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր այսօր արդյունավետ քաղաքականություն վարել, ինչն ապացուցում է միջազգային հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դնող սադրիչ գործողություններին, որոնցից վերջինը Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպն է:
Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանում մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական բարեփոխումներ ընթացքը:
Վերոնշյալ թեմաների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: