Թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ. գրում է  Ermenihaber.am-ը:

Թունջելն օրենսդիր մարմնին առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում` ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից:

Առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի նախագահը պաշտոնապես ներողություն պետք է խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները:

Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում: Պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին:




Լրահոս