Եղիշե Չարենց գրական կեղծանվամբ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում:
Եղիշե Չարենցը 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը: Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»: Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին:
Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի: Չարենցն ի վիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով: Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև:
«Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը , «Երկիր Նաիրի», «Ես իմ անուշ Հայաստանի», «Գիրք ճանապարհի», «Խմբապետ Շավարշը»…. ստեղծագործություններ, որոնք հայ գրականության հիմնաքարերից են:
1937թ․ նոյեմբերի 27-ի լույս 28-ի առավոտյան բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։