
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել հայկական 20-րդ փառատոնը: ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փառատոնը կազմակերպվել է Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների հանձնախմբի, “Վարդանի ասպետներ” հասարակական կազմակերպության և Ալեքսանդրիայի քաղաքապետարանի կողմից` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Բազմահազարանոց միջոցառման ընթացքում հնչել է հայկական երաժշտություն և ներկայացվել է հայկական պարարվեստը, ինչպես նաև մատուցվել են հայկական ազգային ուտեստներ: Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսք են հղել Ալեքսանդրիայի քաղաքապետարանի և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:
Քաղաքապետի կողմից հունիսի 2-ը Ալեքսանդրիայում հռչակվել է Հայաստանի օր: