«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 1 միլիոն 817 հազար տոննա տոմատի պահածո: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել էր 2 մլն 218 հազար 400 տոննա տոմատ: Այսինքն` այս ոլորտում 18.1 տոկոս նվազում ունենք: Այն, որ այս տարի գյուղատնտեսությունում իրավիճակը, մեղմ ասած, լավ չէր, դա Հայաստանում բոլորին է հայտնի, բացի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից եւ նրա մատակարարած թվերով ապրող պաշտոնական վիճակագրերից: Բանն այն է, որ իրականում գյուղատնտեսության բոլոր բնագավառներում առանձին-առանձին անկում է արձանագրվել: Բանջարեղենի հիմնական տեսակները, կարտոֆիլը, ընդեղենի բերքը, մրգերը եւ ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապ ունեցող գրեթե ամեն ինչ այս տարի պակասել է, բայց դա չի խանգարել, որ պաշտոնապես հայտարարեն, թե գյուղատնտեսության ոլորտում 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ուղղակի հնարավոր չէ հասկանալ, թե Սերգո Կարապետյանին ինչպես է հաջողվում նման թվեր նկարել: Հայաստանում ապրող ցանկացած մարդ կփաստի, որ այս տարի չնչին բերք է եղել, շուկայում առատ եւ էժան վաճառվել են միայն դեղձը եւ խնձորը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: