«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի քույրը՝ Անահիտ Ամիրյանը, որը մի ժամանակ «Նէ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Ամսագիրը երկու-երեք տարի առաջ փակվել է, իսկ «խմբագրուհին» հետախուզման մեջ է: Նա բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ պարտքով գումար է վերցրել եւ անհետացել: Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանն ԱՄՆ-ում է, իսկ նրա որդին՝ Վիգենը, մեկնել է Եվրոպա: Անահիտ Ամիրյանի պարտատերերի ցանկում եւ իրավաբանական անձինք են, եւ հասարակ քաղաքացիներ, նրա ծանոթները, ազգականներն ու բարեկամները, բոլորը, ովքեր երբեւիցե բարեւ են տվել այս կնոջը: Յուրաքանչյուրին Անահիտ Ամիրյանը 800 հազարից մինչեւ մի քանի մլն դրամ է պարտք: Պարտատերերի մի մասը վաղուց ձեռք է քաշել իր փողից: Մյուսները դեռ սպասում են:
Այս գործով սնանկության կառավարիչ Անդրանիկ Ելինյանը երեկ հրապարակել է Անահիտ Ամիրյանի պարտատերերի պահանջների նախնական ցանկը: Առայժմ իրենց պահանջները ներկայացրել են 4 բանկեր, որոնք էլ հրահրել էին դատական գործընթացը: Այդ բանկերին «Նէ»-ի տիրուհին պարտք է ահռելի գումարներ. «Արդշինինվեստբանկին»՝ 15 հազար դոլար, «Յունիբանկին»՝ 289 հազար ԱՄՆ դոլար, 12,5 հազար եվրո, 887 հազար դրամ, «Հայբիզնեսբանկին»՝ 75 հազար ԱՄՆ դոլար, «Ինեկոբանկին»՝ 5 հազար ԱՄՆ դոլար, 678 հազար դրամ՝ բոլորը կլորացված թվերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: