Տունն առգրավեն, որ գիտությունը զարգացնե՞ն. 50-ամյա ազատամարտիկը՝ ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան ազատամարտի մասնակից, «Մահապարտների գումարտակում» կռված ազատամարտիկ 50-ամյա Մկրտիչ Սուքիասյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը վտանգել պատրաստվող հայորդին լրացնում է աղքատ ազատամարտիկների շարքերը:

Armlur.am-ի խմբագրություն դիմած Մկրտիչ Սուքիասյանը հայտնեց, որ երկու տարի առաջ Երևանի «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ում վիրահատվել է սիրտը, ինչն արժեցել է 2 մլն 600 հազար դրամ:

Վիրահատությունից առաջ ազատամարտիկից ՊՈԱԿ-ում պահանջել են անցած մարտական ուղու փաստաթղթերը, շքանշանները, հարցրել են՝ ունի՞ հիվանդության կարգ, ինչին Մկրտիչ Սուքիասյանը դրական պատասխան է տվել՝ ներկայացնելով նաև պահանջվող փաստաթղթերը: Նախքան վիրահատելը նաև հարցրել են՝ ազատամարտիկը կարո՞ղ է դիմել Պաշտպանության նախարարություն, որպեսզի այնտեղից փոխանցվի պահանջվող գումարը, ինչին ևս վիրահատվող ազատամարտիկը դրական պատասխան է տվել:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ում Մկրտիչ Սուքիասյանի չեն տեղեկացրել գումարի ընդհանուր չափի մասին: Սրա մասին, ազատամարտիկի խոսքով, ինքն իմացել է այն ժամանակ, երբ ՊՆ-ն 1 մլն դրամը փոխանցել է, և իրեն ասել են, թե ավելի քան 1 մլն դրամ ևս պետք է վճարի: Այս դեպքում, սակայն, ՊՆ-ն արդեն օգնել չի կարողացել՝ պատճառաբանելով, որ առաջին անգամը ևս չէր փոխանցի, քանի որ բուժկենտրոնից պետք է նախքան վիրահատությունը գրավոր կերպով տեղյակ պահեին, որ նման գումար է անհրաժեշտ, հետո միայն անցնեին վիրահատությանը: Այդուհանդերձ, իրենց ազատամարտիկի կյանքի մասին մտածելով՝ ՊՆ-ն տրամադրել է այդ պահին պահանջվող քանակությամբ գումարը:

«Ասում են մեզ համար նշանակություն չունի ազատամարտիկ ես, հաշմանդամ ես, բայց իրականում պետք է զեղչ անեն կամ պետպատվերով վիրահատեն. դրա մասին հիվանդանոցի դռան վրա էլ էր գրած:  Ես ասել եմ՝ եթե սաղ մնամ, գումարը կտամ: Գնացի նախարարություն, թուղթը տվեցի, իրենք էլ ասեցին՝ նրանք իրավունք չունեին՝ առանց մեզ ասելու, տեղյակ պահելու, վիրահատություն կատարեին: Մարտական ուղին նայեցին, ասեցին՝ լավ, քո խաթր կանենք, կփոխանցենք՝ ինչքանով պետությունը հասցնում է, էնքան: Իրենք նախապես ինձ չէին ասել, որ բացի նախարարության գումարից, էլի գումար պետք է փոխանցեմ: Ես թուղթ եմ ստորագրել, չեմ էլ հարցրել իմանալ՝ ինչ  է, ինչ չէ: Ենթադրենք՝ ես ստորագրել եմ, համենայն դեպս իրենք չե՞ն հասկանում, որ ոչ մի բան չունեմ, երկու անչափահաս երեխա ունեմ: Տունն առգրավվեն, որ գիտությունը զարգացնե՞ն»,- վրդովված շարունակեց պատմել ազատամարտիկը՝ հավելելով, որ դիմել է նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության և Առողջապահության նախարարություններին, սակայն՝ ոչ մի օգուտ:

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահների կողմից «Արիության», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ», «Վազգեն Սարգսյան» և այլ մեդալներով պարգևատրված ազատամարտիկ Մկրտիչ Սուքիասյանը մոտ մեկ տարի առաջ է տեղեկացել, որ ՊՈԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան՝ օրենքով նախատեսված կարգով մնացյալ գումարը գանձելու նպատակով և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` վճարման կարգադրություն արձակելու պահանջով:

Այսքանով սակայն Սուքիասյանի դժբախտություններն չեն ավարտվել. նրա տուն են այցելել ԴԱՀԿ աշխատակիցները՝ գույքը կալանքի տակ դնելու, սակայն, պարզելով, որ տունն իրեն չի պատկանում, չունի շարժական և անշարժ գույք, արձանագրություն են կազմել և հեռացել: Սուքիասյանին հիվանդանոց ուղեկցած բարեկամները ևս անմասն չեն մացել այս գործընթացից:  Դատարանը գտել է, որ պետք է նաև նրանցից բռնագանձի որոշ գումար, ինչպես նաև Սուքիասյանի կնոջից, ով ամուսնանալուց հետո դուրս չի եկել իր հայրական տան հաշվառումից:

10808349_892509660789551_380505260_n

10799632_892506650789852_1141390464_n

«Հիմա ես ի՞նչ անեմ: Բոլորի հետ՝ աներձագս մի կողմից, էս հոպարիս տղեն մյուս կողմից նեղանում են, կռվում են, թե էս ինչի մեջ ընկանք»,- շարունակեց հուսահատված ազատամարտիկը:

Տեղեկացնենք, որ դատական առաջին նիստը նշանակվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին:

Ի դեպ, հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սույն թվականի հունվարի 1-ից գործում է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ Օրենքը, որը, կարծեք թե, Առողջապահության նախարարությունն անտեսել է: Նշենք նաև, որ նշված ՊՈԱԿ-ը ենթարկվում է նաև ԿԳՆ-ին:




Լրահոս