Գառնիի գյուղապետին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս. այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության կայքից։

Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:

Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդն» այսօր գրել էր, որ ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում է ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել է կաշառք ստանալով:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աշոտ Վարդանյանը Գառնի գյուղի բենզալցակայանում բաժնեմաս ունի եւ ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում բենզալցակայանը հարկեր չի վճարել:




Լրահոս