
Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում մեղսունակ ճանաչված, 2011-ի հոկտեմբերի 31-ին Իջևանում 69-ամյա Սուսաննա Բեկնազարյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 24-ամյա Վազգեն Օհանյանը դատապարտվեց ազատազրկման: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ նա ազատազրկվել է 2 տարի 8 ամիս ժամկետով: Խոսքը վերաբերում է նույն այն երիտասարդին, որը անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, բաց դռնից մուտք էր գործել Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 1942թ. ծնված Սուսաննա Բեկնազարյանին: Կինը սկսել էր բարձր գոռալ, օգնություն կանչել, որից հետո սենյակ էր մտել նրա 19-ամյա թոռը։ Վազգեն Օհանյանը դուրս էր փախել բնակարանից, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Հաջորդ օրը ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել Վազգեն Օհանյանին: 24-ամյա երիտասարդը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով և 147 հոդվածի 1-ին մասով: