Սերժ Սարգսյանը պաշտոնները «բրոնյա արած» է պահում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանելով փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակման վերաբերյալ հարցին` ասել է. «Մի՛ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի, բայց այս պահին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվել»:

Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, որը Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո մեկուկես ամիս է`թափուր է մնացել, արդեն յոթ ամիս է` թափուր է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Առայժմ կատարված չեն նաեւ նորաստեղծ երկու նախարարությունների ղեկավարների նշանակումները, թեեւ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ արդեն իսկ ստորագրել է «ՀՀ Կառավարության կառուցվածքային մասին» փոփոխված օրենքը: Եվ այսքանից հետո առաջիկա նշանակումների շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ԳՄ նիստից-նիստ Է. Շարմազանովը պատասխանում է, թե այդ հարցերը չեն քննարկվել, եւ որ շտապելու հարկ չկա:

Իշխող կուսակցության նման մոտեցումն արտառոց է եւ տարբեր եզրակացությունների տեղիք տվող: Նախ` իշխանական վերնախվում երբեւէ չի եղել նման բան, որ, օրինակ, փոխվարչապետի պաշտոնն այսքան երկար ժամանակ թափուր մնա (թեեւ Սահմանադրությամբ ժամկետ սահմանված չէ): Այս պաշտոնն այնքան բաղձալի եւ կարեւոր է եղել, որ, օրինակ, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը այն «իրենով էր արել» անգամ մինչ 2005թ., երբ Սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէր:

Հետագայում Արմեն Գեւորգյանի` այս պաշտոնում նշանակումը եւս շատ կարեւոր նշանակություն ուներ, եւ, ըստ էության, հանդիսանում էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գլոբալ պայմանավորվածության ամրագրումը: Եվ հիմա նման առանցքային հաստիքը տեւական ժամանակ թափուր պահելը, բնականաբար, չի կարող հենց այնպես լինել: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն այս եւ նշված մյուս պաշտոններն առայժմ «բրոնյա արած» է պահում` հետագայում դրանք ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար:

Իսկ եթե դա այդպես չէ, ապա այդ կարեւորագույն պաշտոններում նշանակումներ չկատարելով եւ այդ գերատեսչությունները տեւական ժամանակ առանց ղեկավարման թողնելով` իշխանությունները պարզապես ի ցույց են դնում այդ պաշտոնների ավելորդությունը եւ առաջանում է խիստ բնական հարցադրում՝ եթե մեր Կառավարությունը կարող է ամբողջ մեկուկես ամիս շատ հանգիստ «յոլա գնալ» առանց փոխվարչապետի, կամ եթե մեր երկրի ազգային անվտանգության համակարգում յոթ ամիս շարունակ նկատելի չէ ԱԱԽ քարտուղարի բացակայությունը, ապա անհրաժեշտ է պարզապես լուծարել այդ պաշտոնները, կամ էլ վերջին շրջանում Կառավարության համար նախընտրելի տարբերակով` դրանք օպտիմալացնել:




Լրահոս