Բեռնար Շալանդը հանդիպել է հայկական ակումբների մարզիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Բեռնար Շալանդը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրել են իրենց պատրաստած պրեզենտացիան: Նյութի առաջին մասում ներկայացվել է Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս և պաշտպանվելիս: Այնուհետև Թոմաս Ռիչարդը ներկայացրել է Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի և եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը:

Ներկայացվել են, մասնավորապես, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածութունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները և այլն: Պրեզենտացիայի վերջում Բեռնար Շալանդը խոսել է հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը:

Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն են ունեցել տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի է ունեցել նաև գործնական քննարկում և մտքերի փոխանակում ինչպես ներկայաված պրեզենտացիայի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես Շալանդը, այնպես էլ բոլոր ակումբների մարզիչները նշել են, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են հավաքականի և ակումբների մարզիչների միջև կապն ամրապնդելու տեսանկյունից:




Լրահոս