
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններից, որոնք սահմանափակել են բելառուսական ապրանքի ներկրումը երկիր:
«Ինձ այսօր ռուսաստանյան իշխանությունների պահվածքը ոչ թե պարզապես զարմացնում է, այլ՝ վշտացնում: Եթե մոտ ժամանակներս երկու երկրների միջև առևտուրը չկարգավորվի, մենք ստիպված կլինենք արձագանքել: Դա ի՞նչ պահվածք է», – հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպմանը:
Երկուշաբթի Ռուսաստանը խնդրել է Բելառուսին դադարեցնել ՌԴ տարածքով այլ երկրներ ներկրվող մսամթերքի առաքումը: Ռուսական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ Բելառուսի սահմանով Ռուսաստան է ներկրվում մթերք, որի ներմուծումն արգելված է: