Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին վրաերթի ենթարկելու և նրան անզգուշությամբ մահ պատճառելու, ապա դեպքի վայրը թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադական եզրակացությունը և գործը ըստ էության քննելու համար ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես ավելի վաղ armlur.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա ապրիլի 13-ին, վրաերթ էր տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Վ. Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը Բեյբությանին տեղափոխել էր Գյումրու հիվանդանոց, սակայն ճանապարհին Բեյբությանը մահացել էր:
Կարճ ժամանակում Գյումրու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները հայտնաբերել էին փախուստի դիմած վարորդ Ռաֆիկ Մուրադյանին, ով վարել էր “ՎԱԶ 21013” մակնիշի 45 ՍՕ 132 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը բերման էր ենթարկվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն և ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Վ.Բեյբությանը նշված վրաերթի օրը՝ ապրիլի 13-ին Գյումրիում տեղի ունեցած՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր:
Գ. Շամշյանը տեղեկացնում է նաև, որ առաջիկայում կճշտվի նաև, թե վերը նշված դատարանի որ դատավորի վարույթում կլինի նշված գործը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի