Երբևէ լսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչեւ հաջորդ քառօրյա` դեկտեմբերի 1-ը, հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: «Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն. «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Սակայն պաշտոնանկության գործընթաց սկսելու համար ԱԺ-ն պետք է դիմի եւ ստանա ՀՀ ՍԴ եզրակացությունը: Իսկ արդեն ՍԴ-ի դրական եզրակացության հիման վրա նախագահը կարող է պաշտոնանկ արվել ԱԺ պատգամավորների երկու երրորդի «կողմ» քվեարկությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք նա միանալու է Ն. Փաշինյանի նախաձեռնությանը:

-Պարո՛ն Մարուքյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը համացանցում հայտարարել է, որ մինչեւ հաջորդ քառօրյա` դեկտեմբերի 1-ը, հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ ԱԺ որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Դուք միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:

-Քանի որ ես այդ նախագիծը չեմ տեսել, չեմ կարող որեւէ իրավական գնահատական տալ, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Երբ որ կներկայացնի, այդ ժամանակ ես իմ կարծիքը կասեմ: Չգիտեմ՝ ինչ ֆորմատով է լինելու, նախագիծը կգա, կքննարկենք, հնարավոր է՝ գա նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողով, ես էլ այդ հանձնաժողովի անդամ եմ, կքննարկենք հարցը, ես էլ իմ տեսակետը կասեմ:

-Այնուամենայնիվ, առանձնապես տեղեկացված լինելու խնդիր չկա, շատ հստակ պահանջ է առաջադրվելու՝ ընդդիմադիր պատգամավորը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դուք այդ պահանջին կողմ ե՞ք, կմիանա՞ք, թե՞ ոչ:

-Իսկ Դուք երբեւէ լսե՞լ եք, որ ես Սերժ Սարգսյանի հարաժարականը պահանջեմ: Ովքեր որ պահանջել են, օպերայում ցույցեր են արել, երեւի դա իրենց համար է, ու թող իրենք էլ ստորագրեն, ես ինչ կապ ունեմ:

-Նկատի ունեք եռյակի՞ն:

-Ո՞վ է պահանջել Սերժ Սագսյանի հրաժարականը, ով պահանջում է, թող նրանք էլ ստորագրեն: Ես վստահ եմ, որ եթե ինքը նման բան է նախաձեռնել, ապա դա իմ համար չի նախաձեռնել, ովքեր որ պահանջել են, նրանց համար է նախաձեռնել: Եթե ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, ապա ես այդ թերթիկի տեղն էլ գիտեմ, գիտեմ, թե ինչպես վերցնեմ այդ թերթիկը, դրա սահմանադրական լիազորություններն էլ ունեմ ու ես ինքս կանեմ, եթե նման օրակարգ ունենամ:

-Այսինքն՝ այս հարցում Դուք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չեք աջակցելո՞ւ:

-Ո՛չ, ես չեմ պահանջել Սերժ Սարգսյանի կամ գործող Կառավարության հրաժարականը, ովքեր որ պահանջել են դա, թող իրենք էլ միանան Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:

-Իսկ Դուք գո՞հ եք Սերժ Սարգսյանի եւ Կառավարության վարած քաղաքականությունից: Ձեր խոսքերից ստացվում է, որ Դուք պաշտպանելո՞ւ եք իշխանությանը:

-Ո՛չ, ինձ չի կարելի համարել իշխանության պաշտպան, որովհետեւ ես իշխանության պաշտպանը չեմ: Եթե ես ինչ-որ նախաձեռնության չեմ միանում, ուրեմն իշխանության պաշտպա՞ն եմ: Հազար անգամ ասել եմ՝ քաղաքական դաշտը սեւերի ու սպիտակների դաշտ չի, ամեն մարդ ունի իր քաղաքական գիծը, ես նման պահանջ չեմ ներկայացրել: Ու Նիկոլ Փաշինյանն էլ ինձ չի առաջարկել, որ ես միանամ, չկա նման խնդիր, ովքեր որ պահանջում են, ինձ թվում է, նրանց համար է, ու թող իրենք էլ այդ պահանջի տակ ստորագրեն: Եվ հետո` ի՞նչ է նշանակում իշխանությունների պաշտպան, Դուք տեսե՞լ եք, որ ես իշխանություններին պաշտպանեմ: Դուք իմ ելույթներին հետեւե՛ք, իմ քվեարկությունները նայե՛ք:

Ես անկախ պատգամավոր եմ ու, բացի իշխանություններին քննադատելուց, քննադատում եմ նաեւ ընդդիմությանը, ինձ նման բաները չեն հետաքրքրում: Ինձ ընդամենը հետաքրքրում է իմ քաղաքական օրակարգը, ինչ խնդիրներ որ դրված են իմ առաջ, ես դա եմ իրականացնում ու անիմաստ բաներով չեմ զբաղվում: Ես չեմ կարծում նաեւ, որ ընդդիմությունն ամբողջապես ստորագրելու է դրա տակ, այսինքն՝ ով չստորագրեց, իշխանության պաշտպանն է՞:

-Իսկ Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ:

-Ես չեմ կարող ասել, թող մարդը ներկայացնի, կերեւա էլի, դեռեւս ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Ընդամենը իմ պատասխանը հետեւյալն է՝ ես երբեք չեմ պահանջել որեւէ մեկի հրաժարականը, ովքեր որ պահանջել են, թող միանան:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս