Ինչո՞ւ ոչ իշխանականները չեն միանում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասով, բառի ամենաուղիղ իմաստով ծուղակն է գցել քաղաքական շատ ուժերի ու գործիչների: Եւ քննարկումների ընթացքում նույնիսկ մեղադրանքներ են հնչեցվում Փաշինյանի հասցեին, որ այս «նեղ պահին» Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց է սկսել:

Այն, որ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով հնարավոր է հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, արդեն տեղեկացրել էինք: «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար», ՀՀ Սահմանադրության այս դրույթը կիրառելու համար առանձնապես մեծ ջանքեր պետք չէ գործադրել: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին հասցրել է բազում ծանր հանցագործություններ կատարել՝ դատարկելով մեր երկիրը եւ ունեզրկելով ՀՀ քաղաքացիների մեծ հատվածին: Այսինքն՝ տեխնիկական առումով խնդիրներ չկան նրան պաշտոնանկ անելու հարցով ՍԴ դիմել: Խնդիրն այստեղ քաղաքական հարթությունում պետք է դիտարկել:

Ի՞նչ են անելու խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը. չմիանան այդ նախաձեռնությանը, նշանակում է՝ ապացուցել, որ կեղծ ընդդիմություն են եւ իրականում չեն ցանկանում ազատվել Ս. Սարգսյանի իշխանությունից: Եթե միանան, նշանակում է՝ շեղվում են Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածություններից, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Եւ ուրեմն ի՞նչ անել. մնում է մեկ տարբերակ՝ փնովել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ հիմնավորումով, թե այն դատապարտված է ձախողման, քանի որ իշխող ՀՀԿ-ն մեծամասնություն ունի խորհրդարանում եւ չի կարող թույլ տալ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը դրական ելք ունենա:

Այս օրերին խոսվում է այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը կատարում է ՀՀ նախագահի նստավայրից իջած հատուկ պատվեր՝ սկսելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը: Իհարկե, այն որ ընդդիմությանը ծուղակ գցելու գործընթացը կարող է ձեռնտու լինել Սարգսյանին, չի բացառվում, եւ յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի: Բայց հետաքրքիր է՝ ի՞նչն է խանգարում ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերին միանալ Փաշինյանի նախաձեռնությանը, առավել եւս, եթե պնդում են, որ այն դատապարտված է ձախողման: Սա եւս մեկ առիթ կարող է լինել՝ ապացուցելու, որ ընդդիմությունը միասնական է, սակայն իշխանական բուրգը ոչ մի կերպ քանդել չի լինում:

Սակայն այս քայլին, կարծես թե, չեն ցանկանում գնալ, քանի որ արդեն ե՛ւ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ե՛ւ ՕԵԿ ներկայացուցիչներն ասել են, թե չեն միանա ու չեն հասկանում Փաշինյանի նախաձեռնության իմաստը: Ու եթե ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի դեպքում դա ինչ-որ տեղ «բացատրելի է», ապա ՀԱԿ-ի դեպքում, մեղմ ասած, դժվար է հասկանալ, քանի որ Փաշինյանն ինքը ՀԱԿ խմբակցության անդամ է: Եւ ստացվում է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը պահանջում է Ս. Սարգսյանի հրաժարականը, իսկ խմբակցությունը դեմ է:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունից միայն Զարուհի Փոստանջյանն է հրապարակավ ողջունել, խմբակցությունը պաշտոնապես դեռ չի պաշտպանել նախաձեռնությունը:

Այս իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս այն իրավիճակը, որ իսկապես՝ ոչ իշխանական ուժերը չունեն միասնական օրակարգ ու նպատակ: Այդ շարժումն ընդամենը կավե ոտքերով հսկա է, որը կարող է փլուզվել անգամ «ամենաանմեղ» նախաձեռնությունից:

Թամարա Միքայելյան




Լրահոս