Գյումրիի տնակային թաղամասի բնակիչները մի քանի օր է՝ խուճապի մեջ են: Նրանց խոսքերով՝ վերջերս ավազակային հարձակումների թիրախ են դարձել հենց տնակները, քանի որ դրանք մուտք գործելու առումով մատչելի են: Ընդամենը երկու օր առաջ ավազակային հարձակման դեպք գրանցվեց Գյումրու Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում: «ժողովուրդը» փորձեց պարզել դեպքի մանրամասները:
Գյումրու Կումայրի ոստիկանության բաժնից տեղեկացանք, որ նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձ, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, մուտք են գործել 104/004 տնակ՝ 28-ամյա միայնակ մայր Հայարփի Մինասյանի բնակարան: Կապկպելով կնոջը` նրանք գումար եւ ոսկեղեն են պահանջել: Տնակում գտնվող 7 տարեկան Խաչատուրն աղմուկից արթնացել է: Ավազակային հարձակում կատարած անձինք Հայարփի Մինասյանին հարվածելուց հետո դանակով վնասել են փոքրիկի ձեռքը: Նրանց հաջողվել է բնակարանից հափշտակել 2 մլն 409.000 դրամի գույք եւ 4.000 ԱՄՆ դոլար:
Ավազակների հեռանալուց հետո Հայարփին հարեւանի օգնությամբ հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն:
Մեզ հետ զրույցում հարեւանները նշեցին, որ ավազակային հարձակում կատարած անձինք իրենց ձեռքի տակ շշով բենզին են ունեցել, սակայն բարեբախտաբար այն չեն գործածել: Փոքրիկ Խաչատուրի ձեռքը վիրակապել են, սակայն բուժզննությունը պարտադիր է: Նշենք, որ կատարվածից հետո Խաչատուրը հրաժարվում է տնակում գիշերելուց: Նախկինում փոքրիկին առնետներն էին անհանգստացրել, հիմա էլ նրա այդ վախին նորն է ավելացել: Իսկ Խաչատուրի միայնակ մայրը գումար էր տնտեսել, որպեսզի գոնե մեկ սենյականոց բնակարան գներ :
Դեպքի հետ կապված Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ կարեւոր գործերով ավագ քննիչ Արթուր Նահապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն: Ներկա պահին կատարվում է նախաքննություն:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի