ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում հանդիպել է գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից և տեղեկացնում, որ հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ ևս ներկայացնել կառավարության մոտեցումները «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաև աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Նախարարի խոսքով, արդեն տևական ժամանակ «Նաիրիտ գործարանում» առկա է սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Նա նշել է, որ խնդիրները մշտապես հանրապետության Նախագահի ու վարչապետի ուշադրության կենտրոնում են:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Նախարարի խոսքով՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են և արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտի» պահպանության ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:
«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրել է, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ:
Մինչև 2015թ.-ի փետրվար Երևանի կայցելեն ՀԲ ներկայացուցիչները և «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս է հայտնել, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, և դրական եզրակացության դեպքում Կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ Կառավարությունը «Նաիրիտում» ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին:
Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչև դեկտեմբերին՝ ևս 1 ամսվա:
«Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Ե՛վ կառավարությունը, և՛ նախարարությունը պատրաստ են հետևողական լինել: Լինել Ձեր կողքին և համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց Կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված»,-ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ «Նաիրիտի» աշխատակիցներին ասել է Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշել է նաև, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը. գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը ևս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչև 2 մլն. 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում»: