Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի համար «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը ավելի շատ պճնված շոու է՝ չնայած հաղթողների մեջ լինում են նաեւ հզոր ֆիլմեր։ Ըստ նրա՝ հայկական կինոն պետք է լինի ինքնագիտակցման եւ ստեղծագործական բարձրագույն սկզբունքների, ազգային հենքի վրա հիմնված. «Այսինքն՝ գիտելիքներիդ վրա պիտի, այսպես ասած, շարես ե՛ւ քո գիտակցությունը, ե՛ւ համաշխարհային փորձը։ Իսկ եթե քոնը չէ, քո սուբյեկտիվը չէ, ապա ստեղծագործողը կորչում է»։
-Օրերս տեղեկացանք, որ այս տարի Մհեր Մկրտչյանի մասին չհրապարակված լուսանկարներ եւ պատմություններ կհրապարակվեն, լույս կտեսնի երեք գիրք, կնկարահանվի երկու ֆիլմ: Դուք դերասանի հետ խաղացել եք «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում։ Ինչպիսի՞ն էր Ձեզ համար Մհեր Մկրտչյանը:
-Մհերն ինձ համար, նախ՝ երանելի մի հատվածում գտնվող մարդ է, ում մանկուց իմացել եմ «01-99»-ից սկսած` մինչեւ «Նահապետ»-ը եւ հենց «Կտոր մը երկինք»-ը, եւ տեսել եմ նրա կատարած բոլոր աշխատանքները։ Նա ինձ համար աստվածատուրիկ որակի արտիստ էր։ Դերասան բառը տանել չէր կարողանում եւ ինձ էլ դա սովորեցրեց։ Ես մեծ վարպետից շատ շնորհակալ եմ, որ իր կյանքի մի փուլում ինձ թույլ տվեց ընկերություն անել իր հետ։ Դա իսկապես թույլտվությամբ պետք է լիներ, եւ նրա հանդեպ մեծ ակնածանքը պահպանելով, այնուամենայնիվ, ես բախտ ունեցա շփվել նրա հետ, լինել նրա մտերիմ զրույցների դաշտում։ Իհարկե, հազար ափսոս, որ շուտ գնաց (եւ ոչ միայն ինքը), բայց մեծերի կորուստը պետք չէ ողբերգականորեն ընդունել. «Վայ, մեր մեծերը գնացին, այլեւս չեն լինելու»։ Ոչ, ժողովրդի արգանդը չի չորանում, ժողովուրդն անդադար ծնում է։ Ուրիշ բան, որ դու այնքան անուշադիր ես քո ժողովրդի հանդեպ, որ նոր Մհեր Մկրտչյանին, նոր Հրանտ Մաթեւոսյանին չես տեսնում։ Չես տեսնում նոր Շեքսպիրին, Չապլինին, տեսնում ես միայն այն, ինչ ինքդ ես ցանկանում տեսնել։ Սա վնասակար է, որովհետեւ կկարդաս Պլատոն, չես հասկանա՝ ինչի մասին է գրել, չես հասկանա Սթայնբեքին ու շատերին։
-Այսինքն, ուզում եք ասել, որ գնահատման, արժեւորման չափանիշեր չկա՞ն։ Դա միայն արվեստի՞ բնագավառում է։
-Ոչ միայն։ Կրթական համակարգը որեւէ չափանիշի չի բավարարում, նույնն է վիճակը գրեթե բոլոր բնագավառներում։ Իսկ արվեստի բնագավառը շռնդալից տրված է այդ շոուների պերճանքին ու գլամուրային շքերթին, ու բանից պարզվում է, որ քո արվեստը ԿՎՆ-ն է։ Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ։ Ես սիրում եմ ԿՎՆ-ը, եթե այն միայն սիրողական աշխատանք է, բայց երբ այն հավակնում է գրավել արվեստի տարածքը եւ կոչվել արվեստ, դա պարզապես անտանելի է։
-Նկատի ունեք հեռուստատեսությամբ ներկայացվող «արվե՞ստը»։
-Իհարկե, նաեւ դա։ Այդ քառակուսի տուփիկն առանց դուռը թակելու բոլորիս բնակարանն է խցկվում։ Մեր իշխանություններն իրենց ապաշնորհությունը, անճաշակությունը դրսեւորում են ամենուր։ Մեծամասնությունը, թելադրողը, վճարողն ու պատվիրատուն իրենք են։ Իսկ դրանից տուժում է ժողովուրդը, որն իր խնդիրների լուծումը չի գտնում, հայտնվում է փակուղում, թունելի վերջում լույս չի տեսնում եւ ստիպված արտագաղթում է։ Նա չունի այն հիմքը, որը կոչվում է պետություն, հողը ոտքերի տակից փախչում է, գալիս է տուն, բախվում այդ քառակուսի էկրանին ու տեսնում, որ անդադար ինչ-որ անհասկանալի աստղեր են ֆռֆռում… Մարդը, գյուղացին իր հայրենիքը, հողը լքում է միայն այն դեպքում, երբ հողը իր հետ չի խոսում։ Իսկ եթե հողը խոսի, գյուղացու վրա Ալեքսանդր Մակեդոնացու զորքերն էլ ուղարկես, նա կկանգնի մինչեւ վերջ, որովհետեւ դա իր հողն է։
-Բայց Դուք էլ ժամանակին նկարահանվել եք առաջին հեռուստասերիալներից մեկում։ Սերիալային ինդուստրիայում առաջընթաց նկատվո՞ւմ է։
-Կարծում եմ՝ ոչ։ Ես սերիալների ժանրի նկատմամբ ընդհանրապես ագրեսիա չունեմ, բայց այն, ինչ որ կատարվում է, ինձ համար ընդունելի չէ։ Կային ու կան մարդիկ, ովքեր այդ ձեւաչափում ուզում են ինչ-որ բաներ անել, բայց ներքին աշխատանքային եւ նպատակային վիճակն այնպիսին է, որ այդտեղ լավ բան, ցավոք, ծնվել չի կարող։
ՇԱՏ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ
Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների մի քանի կետեր։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն սահմանում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը ոմանք հաղթանակ են համարում, ոմանք էլ դժվարանում են այն գնահատել։
Դա իրո՞ք հաղթանակ էր, թե՞ մարդկանց աչքերին հերթական թոզ փչելու, բողոքի ալիքը մեղմելուն ուղղված քայլ։ Այդ հարցն ուղղեցինք հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո)։
-Եթե ոմանք ընդհանրապես դեմ են այդ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, այն շատ վատն են համարում, ապա ես հենց սկզբից էլ կողմ եմ եղել այդ բարեփոխմանը։ Ես դա ասում եմ նաեւ այլ երկրների՝ մասնավորապես Չեխիայի օրինակով։ Սակայն նաեւ նշել եմ, որ պետք է դրանից հանվի պարտադիր բառը։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա դա իրոք շատ մեծ հաղթանակ է, եւ ես դրա առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Ու նաեւ շատ բարձր եմ գնահատում այդ օրենքի դեմ պայքարողների գործունեությունը։ Բայց, քանի որ օրենքի որոշ դրույթներ շտկելու համար մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տրված, ես մտավախություն ունեմ, որ կարող են այդ վճարումը դարձնել հարկատեսակ, իսկ դա ինքնին կդառնա պարտադիր։ Եվ այդ դեպքում ոչ մի սահմանադրական դատարան չի փրկի։ Իսկ դա նշանակում է, որ դա ավելի վատ օրենք կլինի, քան այն, որի դեմ պայքարում էինք, որովհետեւ, եթե նախկինում մեզնից պահած փողի նկատմամբ որոշակի հսկողություն կլիներ, ապա այս դեպքում հսկողությունը կլինի այնքանով, որքանով հարկերի դեպքում է իրականացվում։ Բայց հույս ունեմ, որ իմ մտավախությունը կմնա ընդամենը մտավախություն, պայքարն իզուր չի անցնի, եւ մենք կունենանք նորմալ օրենք։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանն առաջին անգամ Երեւանում կներկայացնի իտալական դաշնամուրային երաժշտություն: Համերգը տեղի կունենա այսօր, Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ըստ Հայկ Մելիքյանի՝ ինքը վաղուց էր մտածել Հայաստանում ներկայացնել իտալացի կոմպոզիտորների աշխատանքները, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգն անընդհատ հետաձգվում էր:
Շուրջ 5 տարի է, ինչ Հայկը ժամանակակից երաժշտության պրոպագանդիստ է: Իտալական երաժշտության համերգը «1900+» ծրագրի շրջանակներում կազմակերպված` թվով 9-րդ համերգն է, որի ընթացքում կհնչեն Լուչիանո Բերիոյի, Լուիջի Նոնոյի, Ալֆրեդո Կազելլայի եւ Իտալիայի 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության ականավոր այլ կոմպոզիտորների գործեր: Համերգը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:
ԲՐԵԴ ՓԻԹԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ
Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը խաղալու է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող թրիլլերում: Ժապավենը դեռեւս անվանում չունի, բայց հայտնի է, որ նկարահանումները մեկնարկելու են 2015 թվականին: Այս ամենից բացի դերասանը պատրաստվում է սկսել նաեւ Մարկ Ֆորսթերի «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները: Վերջերս էլ դերասանն ավարտել է «Զայրույթ» ֆիլմի աշխատանքները, որը նույնպես պատմում է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին:
ՀԱԳՈՒՍՏԸ ՑՆՑԵԼ Է
Ուկրաինական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, ով հասարակության մեջ է հայտնվել ուկրաինական պետական դրոշի գույների հագուստով: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում պաշտոնապես հաստատել են Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծությունը: Պուտինի նախկին կնոջ մասին այլեւս չի նշվում ՌԴ նախագահի համառոտ ինքնակենսագրականում: