ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՏ ԱՐԵՑ ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին: Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա: Մինչդեռ 4 օր առաջ «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից տեղեկություն ստացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել եւ պատրաստվում է մեկնել Հայաստանից. նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Համաշխարհային բանկի փոխնախագահ: Չցանկանալով միակողմանի ինֆորմացիա հրապարակել, զանգահարեցինք վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանին՝ ճշտելու ինֆորմացիան: Բերբերյանը կտրուկ հերքեց՝ նույնիսկ երդվելու աստիճան՝ պնդելով, որ Տ. Սարգսյանը հրաժարական չի տալու: Ավաղ, «Ժողովուրդ»-ը հավատաց Բերբերյանի երդումներին:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան ՀՀ բոլոր նախարարներին կանչել է իր՝ արդեն նախկին աշխատավայր: Հավանաբար, նա հրաժեշտ կտա գործընկերներին. մնում է սպասել Սարգսյանի հավատարիմների հրաժարականներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը լրջագույն փոփոխություններ է անելու պետական համակարգում: Այս քայլով նա, ըստ էության, «մատ արեց» «հրաշալի քառյակին»: Նրանք պայքարում էին Տիգրան Սարգսյանի դեմ եւ հիմա պարզ չէ, թե ում դեմ պիտի պայքարեն: Արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կհամարձակվե՞ն դուրս գալ հրապարակ եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

 

 

ՀՀ նախագահի նստավայրի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Վերջին անգամ նախագահական նստավայրի մեքենաներն ապահովագրվել են այս տարվա փետրվարին, եւ այդ նպատակով ծախսվել է 2 մլն դրամ: Իսկ ապահովագրությունն իրականացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոքր որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրիանս» ընկերությունում: Իսկ ահա Ազգային ժողովն իր մեքենաներն ապահովագրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում, եւ այդ նպատակով վճարել 4.1 մլն դրամ: Ինչ վերաբերում է կառավարության աշխատակազմին, ապա նրանք գերադասել են մի քանի ընկերությունների: Մեքենաներն ապահովագրել են տարբեր կազմակերպություններում՝ «Արմենիա ինշուրիանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա»՝ ծախսելով մոտ 3.1 մլն դրամ:

 
Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու եւ հէկ կառուցելու թույլտվություն է տվել: Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում: Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի: Մեր լրագրողը, որպես շինարար, զրուցեց թարմ կտրված ծառերը վաճառող Խաչիկի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կառուցվող հէկ-ը փաստացի պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ բնականաբար ուրիշի անունով: Բացի այդ` Հովսեփյանը եւս 3 հէկ ունի նույն Վայոց ձորի մարզում՝ դարձյալ այլ անձանց անուններով:

 

 
Դուբայում իր հանգիստն անցկացնող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստան ժամանելուց առաջ երեկ տոնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը բարձր տրամադրությամբ երեկ Դուբայից զրուցել է իր մի քանի կուսակիցների հետ՝ ոգեշնչելով, թե ամեն ինչ լավ է լինելու: Ինչպես հայտնի է, ԲՀԿ գործարար հատվածը մինչ երեկ տրամադրության կտրուկ անկում ուներ, քանի որ վախենում էր ապրիլի 28-ից սկսվող եռօրյա հանրահավաքների հետեւանքներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք ԲՀԿ-ական գործարարներ երեկոյան ակնհայտ բարձր տրամադրությամբ հայտնեցին, թե խորը շունչ են քաշել եւ փառք են տալիս Աստծուն, որ ամեն ինչ այսպես ավարտվեց: «Թե չէ՝ մրից դուրս էինք գալու, ընկնեինք՝ մրաջուրը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԸ ԿՈՒՏԵՆ ՄԱՆՐԵՐԻՆ

 

ՀՀ կառավարության երեկվա նիստում կայացվել են բնապահպանական հարցերով միանգամից մի քանի կարեւորագույն որոշումներ: Նախ` ՀՀ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումը, խստացրել է Արարատյան ավազանի ջրային պաշարների օգտագործման հսկողությունը: Բացի այդ` հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը»: Այդ որոշմամբ նաեւ արգելվել է Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:
Բացի այդ` այսուհետ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է լինելու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչեւ 1/3 չափի հասցնելը, ինչի համար անհրաժեշտ է անցում կատարել ջրամատակարարման «փակ» կամ «կիսափակ» համակարգերի, ինչպես նաեւ ներդնել ավտոմատ կառավարման ժամանակակից սարքավորումներ:
Առաջին հայացքից` կառավարությունը շատ լավ որոշումներ է ընդունել, որոնք պետք է ընդունված եւ կիրառված լինեին դեռ տարիներ առաջ: Նկատենք, սակայն, որ այս որոշումներով Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական բիզնեսով զբաղվող մանր եւ միջին տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ են ծագելու, քանի որ վերը նշված սարքավորումների եւ շրջանառության «փակ» ու «կիսափակ» համակարգերի կիրառման համար բավականին մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը, բնականաբար, քչերն ունեն: Ասել է թե` ընդերքային ջրային ռեսուրսների խնայողության պատճառաբանությամբ զգալիորեն կրճատվելու է առկա ձկնաբուծական բիզնեսի շրջանառությունը:
Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունը այդպիսի սրտացավություն դրսեւորեց հենց հիմա, պարզ է դառնում երեկվա նիստում ընդունված մյուս որոշումից, որը դարձյալ վերաբերում է ձկնաբուծությանը: Սակայն այս դեպքում` Սեւանա լճում ցանցավանդակային ձկնային տնտեսությունների համալիր ծրագրին: Այս նոր ծրագրով նախատեսվում է առաջիկա 10 տարվա ընթացքում արտադրել 50 հազար տոննա ձուկ, որը, ըստ կառավարության հաշվարկների, կարժենա 175 միլիարդ դրամ: Ասել է թե` այդպիսով կառավարությունը Հայաստանի ձկնաբուծության բիզնես դաշտը «մաքրում» է, որպեսզի այս նոր` ցանցավանդակային բիզնեսի տերերը խնդիրներ չունենան իրենց արտադրանքի իրացման հետ:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացնելու են մասնավոր ընկերություններ, որոնք այնքան «բարի» են գտնվելու, որ իրենց հասույթից միջոցներ են տրամադրելու նաեւ լճի ավազանի խնդիրների լուծմանը: Այսինքն` սկզբում Սեւանը մի լավ աղտոտելու են, հետո «բարեգործաբար» միջոցներ տրամադրելու լճի մաքրման համար:




Լրահոս