ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2013թ. դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաեւ, թե իրենից ինչ է ներկայացնում «Կուտակային կենսաթոշակային համակարգը»: Վարչապետը բացատրեց նաեւ, թե իրենք քանի տարի են աշխատել այդ համակարգի ստեղծման համար:

«Շուտով ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին նախապատրաստվել ենք տասը տարի, այս համակարգի վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետեր, չորս կոալիցիոն ուժեր, լավագույն մասնագետներ եւ փորձագետներ: Այս հայեցակարգը քննարկվել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: 2009-10թթ. մենք ընդառաջ գնացինք մեր ընդդիմախոսներին եւ որոշում կայացրեցինք համակարգը գործարկել 2014-ից»,- հայտարարել էր վարչապետը:
Վարչապետը նշել էր նաեւ, որ կենսաթոշակային բարեփոխումները, որոնք ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունեն, քանի որ մենք անցնում ենք ավելի արդար համակարգի: Այս համակարգը խթաններ է ստեղծում, որպեսզի մարդն ապահովի իր բարեկեցիկ եւ ապահով ծերությունը: Ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունն, այլեւ աշխատող քաղաքացին: Պետբյուջեի նախագծով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար մենք հատկացրել ենք 20 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ մենք քաջ գիտակցում ենք, որ կա մի մեծ հատված, որը դժգոհում է այս համակարգից, քանի որ այն որոշակի դժվարություններ է ստեղծելու մեր քաղաքացիների համար»:
«Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի կյանքի կոչման համար 10 տարուց ավելի աշխատել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատավարձ ստացել դրա համար: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարցեր ուղղեց նախարարին:
-Պարոն Ասատրյան, 5-6 տարի է, ինչ Դուք աշխատել եք Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար, սակայն Սահմանադրական դատարանը համարում է, որ այնտեղ հակասահմանադրական նորմեր կան:
-Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արդեն տեղեկացրել է այդ ամենի մասին:
-Բայց Դուք անձամբ շատ երկար տարիներ աշխատել եք այդ համակարգի ստեղծման համար: Ինչո՞ւ եք հակասահմանադրականությանը հակասող նորմեր ներառել:
-Իսկ ով է ասում, որ համակարգը չի կայացել: Մի բան նշեմ, որ մենք Սահմանադրական դատարանից ամբողջական որոշումը դեռեւս չենք ստացել, մենք այժմ ունենք միայն եզրափակիչ մասը, երբ որ մենք ամբողջական որոշումը կստանանք… իսկ դա խոստացել են երկու օրվա ընթացքում, մենք մանրամասն կուսումնասիրենք այդ որոշումը, քանի որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ կար նաեւ որոշ կետերի միանշանակ սահմանադրական լինելու մասին՝ իրավական դիրքորոշումների շրջանակներում: Հետեւաբար մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք նաեւ այդ իրավական դիրքորոշումը, որպեսզի ամբողջական, հստակ պատկեր ունենանք, որից հետո արդեն հստակ մեր մոտեցումները կարձանագրենք: Տեսեք, թերություններ ընդհանրապես չեն լինում նրանց մոտ, ովքեր չեն աշխատում:
-Այս ընթացքում նաեւ շատ մեծ գումարներ են ծախսվել համակարգի կայացման համար: Չե՞ք ափսոսում դրա համար: Քանի՞ սոցիալական անապահով ընտանիքների կարելի էր օգնել:
-Իսկ ինչ է դա նշանակում, այսինքն՝ այն աշխատանքը, որը որ կատարվում էր, վերլուծություններ, նախագծերի մշակում, ներկայացում, ընդունում, դա պետական քաղաքականությունն է, որն իրականացվում է պետական մարմինների կողմից:
-Պարոն նախարար, Դուք պարտրա՞ստ եք հրաժարական ներկայացնել:
-Ընդհանրապես պետական պաշտոնը դա նպատակ չէ, դա միջոց է ծառայել մեր քաղաքացիներին ու հասարակությանը: Ու կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր ուժերի ներածին չափով պետք է իրականացնի հենց այդ աշխատանքները: Իսկ, ընդհանրապես, աշխատանքի գնահատականը տրվում է համապատասխան ձեւաչափերով, որոնք մեր օրենսդրությամբ կան, գործում են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՉՊԵՏՔ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՊԱՀԵՆ, ԵՎ ՎԵՐՋ

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երկիմաստ որոշման հետեւանքները երկար սպասեցնել չտվեցին: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ՍԴ-ն պետք է անհասկանալի, հակասական, խուճուճ ձեւակերպումներով լեցուն իրավական ակտ կայացնի, որը յուրաքանչյուրը կմեկնաբանի յուրովի: Ընդ որում, ակնհայտ է, որ այդ քայլին ՍԴ-ն գնացել է առնվազն Սերժ Սարգսյանի համաձայնությամբ, եթե ոչ՝ նրա թելադրանքով:

Ու հիմա, երբ ՍԴ որոշմամբ մի կողմից հակասահմանադրական ճանաչվեցին օրենքի վիճարկվող հոդվածները, բայց եւ՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ է լինելու, իշխանությունները պնդում են՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներն, այնուամենայնիվ, արվելու են, եւ վե՛րջ: Կառավարության երեկվա նիստում, երբ Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ էր, պնդում էր. «Մեր քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, եւ դա նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով»:
Իրականում, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է: Իշխանությունները միգուցե, պարզ չիմացության պատճառով, հաշվի չեն առնում մեկ այլ հանգամանք. գոյություն ունի ՍԴ 2007թ. մայիսի 11-ի ՍԴՈ-701 որոշումը, որը կանոնակարգում է, թե ինչպես պետք է կիրառվի հակասահմանադրական ճանաչված, բայց դեռ իր ուժը չկորցրած իրավական ակտը: Միաժամանակ, հարկ է նկատել, որ ՍԴ որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Իսկ սա նշանակում է, որ դրանք պարտադիր ենթակա են կատարման: Եվ ահա, ՍԴՈ-701 որոշման համաձայն. «…պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինները (հատկապես իրավաստեղծ) պարտավոր են այդ ժամանակահատվածում այնպիսի հնարավոր եւ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, որոնցով կկանխվեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերությունում նշված հետեւանքները: Հետեւաբար, հակասահմանադրական ճանաչված եւ տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի, այլ՝ այն պետք է իրականացվի` հաշվի առնելով տարաժամկետման հիմքում ընկած եւ օրենքով նախատեսված վերոհիշյալ գերակայություններից ու սահմանադրական հիմնարար սկզբունքներից բխող` Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, բացառելով նաեւ հակասահմանադրական ճանաչված դրույթների վերարտադրությունը ցանկացած իրավական ակտում»:
Այս դեպքում էլ, թերեւս, իշխանությունները պարտավոր են հետեւել ՍԴ որոշմանը, ընդ որում, ոչ միայն ՍԴ որոշման եզրափակիչ մասին, այլեւ՝ ՍԴ որոշման մեջ նշված սկզբունքներին: Իսկ արդեն երեկ հրապարակված ՍԴ ամբողջական որոշման մեջ, օրինակ, նշված է, որ «մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական ու կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների»: Նաեւ մեկնաբանված է, թե ինչու են հակասահմանադրական այս նորմերը: Ուստի, պետական մարմինները պարտավոր են այսուհետ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը կիրառել ոչ թե մեխանիկորեն՝ այն տեսքով, ինչ ներկայումս է, այլ՝ ցուցաբերեն ողջամիտ մոտեցում եւ հրաժարվեն կուտակային կենսաթոշակային ֆոնդերին պարտադիր վճարումներ անելու գաղափարից:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անձամբ ուսումնասիրել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ զեկույցում տեղ գտած որոշ հարցերի հետ ինքը համամիտ է, սակայն կան հարցեր, որոնց հետ համամիտ չէ: Իսկ թե զեկույցի որ հատվածը չի գոհացրել էկոնոմիկայի նախարարին, նա չցանկացավ մանրամասնել. «Պետք է ասեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է նյութը, որը կարեւոր է մեզ համար, եւ ուսումնասիրելով զեկույցը, ինչ խնդիրներ որ կան, որը կարեւոր է մեզ համար, անպայման շտկելու ենք»:

 

ՉԻ ԿԱՐՈՂ ԱԽՏՈՐՈՇԵԼ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս չեն ստացել ՄԻՊ զեկույցի պաշտոնական փաստաթուղթը եւ երբ ստանան, համապատասխան հայտարարությամբ հանդես կգան: Ավելին, ըստ ԿԳ նախարարի՝ կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ եթե ՄԻՊ-ը բացառապես զբաղվի միայն կրթության հարցերով, իր ժամանակը չի բավականացնի. «Այսօր, ցավոք սրտի, չեմ կարծում, որ ՄԻՊ-ն իր ողջ աշխատակազմով այդքան մասնագիտական կարողություններ ունենա, որպեսզի կարողանա ճիշտ ախտորոշել կրթության համակարգում առկա խնդիրները եւ համապատասխան մեթոդաբանություն առաջարկի»:

 

ՏՈՒԳԱՆՔ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը հայտնի է որպես Մերգելյանի անվան ինստիտուտ, տուգանքի է ենթարկվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերության տնօրեն Արսեն Թառոյանը Հայաստան է ներմուծել հոսանքի գեներատոր՝ դիզելային շարժիչով, որի վերաբերյալ մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել ՊԵԿ-ին, ինչի համար տուգանվել է 50.000 դրամով:

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆԵՆ
Չնայած վարչապետի ներկայացրած հրաժարականին, խորհրդարանի «հրաշալի քառյակը» պատրաստվում է հաջորդ շաբաթվանից սկսել մարզային հանրահավաքների շարքը: Նրանք ցանկություն ունեն առաջինը հանրահավաք անցկացվի ՀՀ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իսկ հետո նոր՝ Վանաձորում: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հանրահավաքի օրերի վերաբերյալ քառյակը դեռ վերջնական որոշում չի կայացրել, այլ դա կորոշվի այսօր «Ժառանգություն» խմբակցությունում կայանալիք հանդիպման ժամանակ:

 




Լրահոս