Ամեն ինչ դիտավորյալ են հանցագործ աշխարհի հետ կապում, որ իմ դեմ մահափորձը փակեն. Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007 թվականի ապրիլի 2-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական մեքենայի և նրան ուղեկցող մեկ այլ ավտոմեքենայի ուղղությամբ արձակած կրակոցները այն բազում չբացահայտված հանցագործություններից մեկն է, որը խայտառակություն է հայ ժողովրդի համար: Այս համոզմանն է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց նաև, որ գործը չի բացահայտվել, քանի որ շատերն են ամեն կերպ այն փորձում կապել քրեական աշխարհի հետ:

«Ու մինչև էսօր ամեն ինչ գցում են հանցագործ աշխարհի վրա: Մինչև էսօր հարցազրույցներով հանցագործ աշխարհի հետ են դիտավորյալ կապում, որ էդ 2007-ը փակեն: Այ դա է ճիշտը: Ուրիշ ոչ մի բան: Ուրիշ ինչի՞ համար: Ասե՞մ: Որովհետև չեն ուզում քաղաքականացնել, չեն ուզում այս երկրում տեսնել ազատամիտ հայրենիք սիրող, երկիր սիրող, հայոց լեզուն ու բարբառը սիրող մարդու: Նոյ նահապետը խոսում էր հայերեն, Ադամը խոսում էր հայոց լեզվով: Նմանատիպ հայորդիք չեն ուզում տեսնել, որպեսզի լինեն ստրուկ, գերի ժողովուրդ, որ ասեն Քաջ Նազարի պես՝ գյադեք, էս տի անցեք, էն տի անցեք»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր ընտանիքի հետ այնքան են նման դեպքեր պատահել, որ «թիվ ու հաշիվ կորցրել է»:

Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրությունը (03.04.2007)

2007 թվականի ՝ ապրիլի 3-ին ժամը 22:20-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական՝ «Մերսեդես-600» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի և նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակահերթի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղեւորներից երեքը՝ Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված՝ 1985թ.), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված 1981թ.) եւ Հովհաննես Լևոնի Միրզաբեկյանը (ծնված՝ 1970թ.) տեղում մահացել են: «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության:

«Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւոր  Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը և «Գազ-3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջօղլյանը, ուղեւոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չեն ստացել և բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետով,  235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության  ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի թվով 77 պարկուճ, որից 52-ը՝ ԱԿՄ տեսակի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի, իսկ 25-ը՝ ԱԿՍ տեսակի ինքնաձիգի 5.45 տրամաչափի պարկուճներ: Դիակների հերձման ընթացքում  հայտնաբերվել է 14 գնդակ:

Հայտնաբերված պարկուճների եւ գնդակների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում աշխատել է 2 ինքնաձիգ:

Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի հանգամանքները և հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Այս պահին քրեական գործի քննությունը կասեցվել է: Եվ որևէ հարցի այդպես էլ պատասխան չի տրվել՝ մահափորձը քաղաքական պատվե՞ր էր, թե անձնական հաշվեհարդար:

Չնայած նախաքննական մարմինն այդպես էլ զերծ մնաց որևէ վարկած հայտնելուց, այդուհանդերձ, այդ ժամանակահատվածում լրատվամիջոցները հիմնական շեշտը դրել էին քաղաքական պատվերի տարբերակի վրա: Պատճառն այն էր, որ մահափորձը տեղի էր ունեցել Ղուկասյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստից վերադառնալու ժամանակ: Սակայն մյուս կողմից՝ հանցագործները գուցեև ցանկացել են այս կերպ քաղաքական պատվերի կեղծ տարբերակը հանել ասպարեզ՝ նպատակ ունենալով շեղել իրավապահներին:

Ամեն դեպքում, այս վարկածը բացառել չի կարելի, քանի որ տարածված լուրերի համաձայն՝ Վարդան Ղուկասյանը հակառակորդներ ունի ոչ միայն Գյումրու բիզնես ոլորտում և քրեական դաշտում, այլև՝ քաղաքականությունում:

«Սա Գյումրին գլխատելու փորձ էր: Այդ քստմնելի արարքը չէր կարող անարձագանք մնալ, որովհետեւ Վարդան Ղուկասյանը փոքր դերակատար չէր քաղաքում»,- այդ ժամանակ նման հայտարարությամբ էր հանդես եկել Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը:

Սակայն անհերքելի փաստ է, որ Ղուկասյանը Գյումրու թիվ մեկ դերակատարն է ոչ միայն որպես քաղաքապետ, այլև որպես «ռազբորկաներին» առնչվող անձ և քաղաքի առաջին բիզնեսմեն:

Գյումրու ղեկավարը և նրա հարազատները ժամանակ առ ժամանակ հայտնվել են տարբեր անախորժությունների մեջ: 2005-ի գարնանը «Դուետ» սրճարանում Մայիս Կարապետյանի սպանությունը վերագրվում էր քաղաքապետի որդուն, բայց շուտով Շիրակի մարզի դատախազությունը հանցավոր ճանաչեց Արա Մրյանին: Նույն թվականի ամռանը Վ. Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի եւ ռուսական զորամասի սպաների միջեւ, ու քաղաքապետը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել: 2005-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խժդժությունների դեպքում էլ միշտ շրջանառության մեջ է եղել Ղուկասյան ազգանունը:

Այսքանով ընտանեկան ողբերգությունները չեն ավարտվել. Շիրակի մարզում քրեական պատմություններով եղանակ ստեղծող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան հետ կապված հերթական սկանդալային դեպքը նախորդ տարվա ապրիլի 23-ին էր: Հիշեցնենք, որ այդ օրը հրազենային վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն` երկու տուժողներն էլ կապ ունեն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ. նրանցից մեկը Շեկո մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանն է` Մարտուն Գրիգորյանի հոր թիկնապահը, իսկ Հարություն Խաչատրյանը` պատգամավորի կնքահայրը (քավոր Հարութ): Շեկոյի սպանության մեղադրանքով դատապարտվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Կարող ենք հիշել նաև Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանությունը` կատարված նշանադրության նախօրեին, որը մամուլում որակվեց որպես Վ. Ղուկասյանի ընտանիքի դեմ կատարված ոտնձգություն:

Ինչևիցե, ԱԺ այդ ժամանակվա պատգամավոր, լուսահոգի Մանուկ Գասպարյանը մամուլին ասել էր, թե «Գյումրիի ունեցվածքի 70-80 %-ը գտնվում է Ղուկասյանների ընտանիքի մոտ»:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Ղուկասյանի դեմ մահափորձը գուցեև անձնական հաշվեհարդար է եղել` կապված նրա բիզնեսի և կլանային հարաբերությունների հետ:

Գյումրեցիներից ոմանց կարծիքով` հանցագործների նպատակը քաղաքապետին վախեցնելն է եղել, քանի որ նրանք բավարարվել են կրակահերթով, չնայած որ տեղում երեք մարդ են սպանել: Մյուս կողմից` այդ տարերային կրակահերթի ժամանակ կարող էր զոհվել նաև քաղաքապետը, ով ծանր վիրավորվել էր: Մի բան ակնհայտ է. հարձակվողները շտապել են և ստուգողական կրակոցի ժամանակ չեն ունեցել, այլապես հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեին:

Տաթև Հարությունյան




Լրահոս